Զելենսկին արձագանքել է իր 4% վարկանիշի վերաբերյալ Թրամփի «ապատեղեկատվությանը»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ տեղեկությունները, թե իրեն վստահում է ժողովրդի 4%-ը, ապատեղեկատվություն են և գալիս են Ռուսաստանից։ Այս մասին Զելենսկին հայտարարել է մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության և իր ցածր վարկանիշի մասին։

Զելենսկին հայտարարել է, որ սովորաբար չի մեկնաբանում ժողովրդի շրջանում վստահության վարկանիշի մասին տվյալները, սակայն հիշեցրել է, որ Կիևի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտի վերջին հարցումը ցույց է տվել, որ ուկրաինացիների 57%-ը վստահում է իրեն։

«Եթե ինչ-որ մեկն ուզում է ինձ փոխարինել հենց հիմա, ապա դա չի ստացվի։ Քանի որ մենք խոսում ենք տոկոսների մասին, մենք տեսնում ենք շատ ապատեղեկատվություն, և դա գալիս է Ռուսաստանից։ Մենք սա հասկանում ենք և ունենք ապացույցներ, որ այս թվերը քննարկվում են ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև։ Ցավոք սրտի, նախագահ Թրամփը, որին մենք մեծապես հարգում ենք որպես մի ժողովրդի՝ ամերիկացի ժողովրդի ղեկավար, որի հանդեպ մեծ հարգանք ենք տածում, ապրում է այս ապատեղեկատվական դաշտում», – ասել է Զելենսկին։

Ուկրաինայի ղեկավարն ընդգծել է, որ ներկայումս իր թիվ մեկ խնդիրը վստահության վարկանիշը չէ, այլ այն, թե ինչպես կարող է Ուկրաինան պաշտպանվել ռուսական գնդակոծությունից և վերադարձնել ռազմագերիներին։

Մամուլի ասուլիսում Զելենսկին հայտարարել է նաև, որ Թրամփի վարչակազմը «մեղմում է իր քաղաքականությունը» Ռուսաստանի նկատմամբ, քանի որ պատերազմն անվանում է «տարածքային ամբողջականության խախտում և հակամարտություն»։ Այս առնչությամբ Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինան «ամեն ինչ անում է», որպեսզի պատերազմը կոչվի պատերազմ։

Նրա խոսքով՝ Ուկրաինան այժմ գտնվում է մի իրավիճակում, «որտեղ չունի անվտանգության երաշխիքներ» և ցանկանում է այս տարի անվտանգության երաշխիքներ ստանալ, որպեսզի «այս տարի պատերազմն ավարտվի»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 18-ին մամուլի ասուլիսում հայտարարել էր Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության և Վոլոդիմիր Զելենսկիի ցածր վարկանիշի մասին։

Ուկրաինայում նախագահական ընտրությունները պետք է կայանային 2024 թ. ապրիլին, սակայն դրանք չեն կայացել, քանի որ երկրում ռազմական դրություն է հայտարարվել 2022 թվականին Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների ծավալումից հետո։ Ուկրաինայի օրենքի համաձայն՝ նախագահական ընտրությունները երկրում արգելված են ռազմական դրության ժամանակ։

Զելենսկին ավելի վաղ պարզաբանել է, որ ընտրությունների անցկացումն այժմ անհնար է, քանի որ միլիոնավոր ուկրաինացիներ ապրում են երկրի տարածքից դուրս կամ կռվում են ռազմի դաշտում, մյուս կողմից չափազանց մեծ են անվտանգության ռիսկերը։




Լրահոս