
Երեկ՝ փետրվարի 18-ին, հանրահավաքով հանդես եկավ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Հանրահավաքին ելույթներ ունեցան մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ, նրանք պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Այսօր ArmLur.am-ը զրուցել է հանրահավաքի և քաղաքական գործընթացների վերաբերյալ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ:
Նախ փորձեցինք հասկանալ, թե ինչպես Հայրիկյանը կգնահատի երեկվա իրենց նախաձեռնած հանրահավաքի արդյունքները։
Ըստ Հայրիկյանի՝ իրենք սպասում էին ավելի շատ մարդու, բայց որպես նախապատրաստական միջոցառում, ինչպես իրենք էին հայտարարել, համարում են բավական: Ընդունում է, որ իրենք լավ նախապատրաստական աշխատանքներ չէին արել, բավարար չափով չէին տեղեկացրել հանրահավաքի մասին, արդյունքում շատ մարդիկ տեղյակ չեն եղել: Նաև նշեց, որ հանրահավաքին եկած մարդկանց հետ ինքն առանձին զրույցների ժամանակ հասկացել է, որ հավաքվածները «հոգևոր արժեքների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեցող մարդիկ են»:
«Բայց ամեն դեպքում դժգոհ չեմ՝ որպես նախապատրաստական, արդյունքները հետո կտեսնենք»,- այսպես է ամփոփում Պարույր Հայրիկյանը:
Խոսելով ներկա քաղաքական գործընթացների մասին՝ Պարույր Հայրիկյանը նշում է․ «Ընդդիմությունը, քաղաքական ուժերը պայքարում են իշխանության համար, և իշխանության համար պայքարելիս, բոլորին ընկալում են որպես մրցակից»։ Սրանով է ԱԻՄ առաջնորդը բացատրում ընդդիմադիր ուժերի ոչ միասնական լինելը: «Պիտի գաղափարական լինես, որ ինչ-որ բարձր գաղափարի համար, իշխանության համար պայքարը դառնա աչքիդ ոչ այնքան էական»,- շեշտեց Հայրիկյանը։
Երեկվա հանրահավաքից Պարույր Հայրիկյանի համար դրական էր Ազգային Ժողովրդավարական Բևեռի(ԱԺԲ)-ի ներկայությունը հանրահավաքին։ «Ես ոչ ոքի առանձին չեմ դիմել, ընդհանուր հայտարարություն եմ արել, բայց իրենք քայլ արեցին, էտ քայլը չտեսնել հնարավոր չի»,- նշեց Հայրիկյանը:
Հայրիկյանը փետրվարի 21-ին կայանալիք իրենց հանրահավաքին սպասում է, որ ավելի շատ մարդիկ ներկա կլինեն: Ըստ Հայրիկյանի՝ դա կլինի նախապատրաստական փուլի երկրորդ մակարդակը, իսկ փետրվարի 28-ից, ինչպես նախօրոք հայտրարել են, կլինի իրենց գործողությունների վերջնական փուլը:
ԱԻՄ առաջնորդին հարց ուղեցինք նաև «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնության վերաբերյալ, ինչին արձագանքեց, որ շատ ուրախ է։ «Ով ինչ անում է իրենց պատկերացումներով ազգի, հայրենիքի համար, ողջունելի է. միանալու մասին կարող է խոսք գնալ այն դեպում, երբ միանալու հստակ առաջարկ լինի»,- եզրափակեց Հայրիկյանը:
Արմեն Խեչումյան