
Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը՝ ի նշան կեղծ «դատավարության» դեմ բողոքի։
Մեջբերենք Վարդանյանի խոսը․
«Ես որոշում եմ կայացրել հացադուլի միջոցով բողոքս հայտնել ի նշան իմ նկատմամբ իրականացվող դատական ֆարսի: Սա իմ պատասխանն է միջազգային իրավունքի և Ադրբեջանի դատավարական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներին: Այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարություն: Դա քաղաքական շոու է, որտեղ ցուցադրաբար արհամարհվում է արդար դատաքննության իմ իրավունքը»:
Ռուբեն Վարդանյանն իր հայտարարության մեջ նշել է, որ ինքն ու իր այնտեղի փաստաբանը՝ Աբրահամ Բերմանը, փորձել են դատարանին հասանելի դարձնել այն հանգամանքը, որ Վարդանյանի համար կարևոր է «դատաքննության» օբյեկտիվ լինելը։
Վարդանյանի հայտարարությունից պետք է ընդգծել այն հանգամանքը, որ չնայած Ադրբեջանը հանդիսանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ու Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրին անդամ, տեղի ունեցող գործընթացն իրականացվում է բոլոր կիրառելի իրավական նորմերի և իրավական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով։
Նշենք, որ այս «դատաքննությունը» միայն Ռուբեն Վարդանյանի նկատմամբ չէ իրականացվում։
«Սա փորձ է դատապարտելու բոլոր հայերին, որոնք օգնել ու աջակից են եղել Արցախին ու նրա բնակչությանը: Սա հարված է՝ ուղղված մի ողջ ժողովրդի: Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց: Ես դիմում եմ աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին»,- նշել է Վարդանյանը։
Նշենք, որ սա Ռուբեն Վարդանյանի առաջին հացադուլը չէ։
Հիշեցնենք, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությունները իրականացվում են առանձին և դռնփակ կերպով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան