
Գործադիրը որոշում է կայացրել, որը պայմանավորված է 2020թ. հուլիսյան հրետակոծության հետևանքով ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրում գտնվող քաղաքացու տան վերակառուցման աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ:
2020թ. հուլիսյան հրետակոծության արդյունքում վնասվել է նաև Բերդ համայնքի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում գտնվող Նվերա Գալստյանի հայրական տունը։ Հրետակոծության արդյունքում բնակելի տների ամենախոցված մասերն են տանիքները և պատուհանները, բացառություն չէ նաև քաղաքացու հայրական տունը։ Հարկ է նշել, որ տան տեխնիկական վիճակն այնպիսին է եղել, որ այն ընթացիկ վերանորոգումով վերականգնման ենթակա չի եղել։ Մասնավորապես՝ տանիքի ծածկը հին և կոտրատված ազբոշիֆերից է` ծածկի փոխարինումը նոր ազբոշիֆերով գործող նորմերով անթույլատրելի է, իսկ պատուհանները փայտից են, մաշված, հետագա շահագործման համար ոչ պիտանի, ինչի պատճառով միայն կոտրած ապակիների փոխարինումն անարդյունավետ է: Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն էր առաջացել մասնագիտական խմբի կողմից կատարել լրացուցիչ ուսումնասիրություն։ Ուսումնասիրության արդյունքով առաջարկվեց՝ քաղաքացուն կրած վնասի փոխհատուցման փոխարեն կատարել բնակելի տան կմախքի ուժեղացում, իսկ շահագործման համար ոչ պիտանի հատվածները քաղաքացու համաձայնությամբ քանդել՝ պահպանելով հայրական տան արտաքին տեսքը։
Վերը նշվածը հաշվի առնելով՝ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի կողմից ձեռք է բերվել տան վերակառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթեր (1 060.0 հազ. դրամ), համաձայն որի տան վերակառուցման համար անհրաժեշտ կլինի շուրջ 13 150․4 հազ. դրամ։ Արդյունքում՝ նախատեսվում է ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմին հատկացնել 14 210․4 հազ. դրամ։ 2025 թվականին վերը նշված աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ գումարները հատկացվել են 1212 ծրագրի «32001. ՀՀ մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրերի իրականացում» միջոցառումից։