«Հատիկ-հատիկ վերադարձնելու եմ» օպերացիան մեծ կեղծիք է. բացահայտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա աշնանը պետությանը նվիրած «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենան, որի մասին 14 ամիս անց Նիկոլ Փաշինյանը հպարտությամբ հայտարարեց, թե հատիկ-հատիկ՝ թալանը վերադարձնում է, իրականում չի բռնագանձվել, այլ քաղաքացին նվեր է տվել պետությանը:

Հիշեցնենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն Ազգային ժողովի ՔՊ խմբակցությունն ընդունել է 2020 թվականի ապրիլի 16-ին, որը ուժի մեջ է մտել նույն տարվա մայիսի 23-ին: Հիմա ՀՀ դատախազությունը այս օրենքի հիման վրա հայցեր է ներկայացնում դատարան, որտեղ կայացնում են վճիռներ այս կամ այն ապօրինի գույքի վերաբերյալ: Իսկ Փաշինյանն էլ դա համարում է «թալանի վերադարձ»: Թեեւ կոնկրետ այդ ավտոմեքենան ոչ թե վճռով է բռնագանձվել, այլ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի` «Թոխմախի Մհերի» քրոջ փեսան ինքն է նվիրել պետությանը:

«Ժողովուրդ» օրաթերթը մասնագիտական հանրույթից ահազանգեր է ստանում այն մասին, որ իրականում դատախազությունը իրավական ճանապարհով չի կարողանալու բռնագանձել որեւէ ապօրինի գույք: Իսկ եթե նույնիսկ բռնագանձի, ապա քաղաքացին, ումից որ բռնագանձել են, այդ գույքի արժեքից մի քանի անգամ ավելի փոխհատուցում է ստանալու հետագայում ՀՀ պետբյուջեից իր բողոքարկումներով: Իսկ ռեգրեսիվ հայցով այդ վճիռը կայացրած դատավորից ու հայցը պաշտպանած դատախազից քաղաքացին կարող է ստանալ  նաեւ իր գույքը խլելու փոխհատուցումը:

Մանրամասն բացատրությունը` հաջորդիվ:

 

 

 

 

 

Գյումրիում մարտին կայանալիք ընտրությունները աչքի են ընկնելու թեկնածուների բազմազանությամբ, քաղաքականացվածությամբ: «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները փոխանցում են, որ նաեւ Հայաստանի եվրոպամետ ուժերն են պատրաստվում մասնակցել ընտրություններին` Լեւոն Բարսեղյանի գլխավորությամբ:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունը եւս մտադիր է մտնել ընտրապայքարի մեջ, իսկ առաջնորդող թեկնածուն կլինի Գյումրու լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը: Սակայն ինքը՝ Բարսեղյանը, լսելով, որ լրագրող է իրեն անհանգստացնում, անմիջապես ասաց, թե զբաղված է` հնարավորություն չտալով իրենից մեկնաբանություններ ստանալ: «Ժողովուրդ»-ը  զրուցեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Անի Խաչատրյանի հետ, ով ասաց, թե Գյումրու ընտրությունների հարց դեռ չեն քննարկել, երբ վերջնական որոշում ունենան՝ կհայտարարեն այդ մասին: Բայց եւ չհերքեց, որ մտադիր են մտնել ընտրապայքարի մեջ:

Այսպիսով, եթե ամփոփենք, Գյումրիում կայանալիք ընտրություններին ոչ միայն տեղական նախկին ու ներկա իշխանություններն են պայքարելու, այլեւ տարբեր կուսակցություններ են հայտ ներկայացրել քաղաքական ներկապնակը Գյումրիում փոխելու համար:

Հիշեցնենք, որ հայրաքաղաքում ավագանու խմբակցություն ու նաեւ քաղաքապետ ունենալու համար պայքարելու են ՔՊ-ի ժ/պ Սարիկ Մինասյանը, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, Անդրանիկ Թեւանյանի եւ Սուրեն Սուրենյանցի ուժերը, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս շարքը էլի կհամալրվի թեկնածուներով:

Բայց առայժմ նկատելի է, որ ՔՊ-ն ամենաագրեսիվ պայքարը տանում է Ռուբեն Մխիթարյանի դեմ: Ընդ որում` ե՛ւ քրեական ե՛ւ քաղաքական դաշտում:

 

 

 

 

«Մարտի 1-ի» գործը եւ սպանությունները բացահայտելու համար իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը ոչ միայն մինչ օրս չի բացահայտել այդ գործը եւ միայն արձան է դրել «Մարտի 1-ի» խորհրդով, այլեւ նրա ԱԳ նախարարը պարգեւատրել է մի պաշտոնյայի, որը մարտի 1-ի քաղաքական էջը փակել է նախորդ իշխանությունների համար: Նորվեգիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում փետրվարի 7-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի նախկին գլխավոր քարտուղար, Նորվեգիայի նախկին վարչապետ Թյորնբորն Յագլանդի հետ եւ նրան պարգեւատրել ՀՀ Պատվո շքանշանով։ Պաշտոնական հաղորդագրության մեջ կարդում ենք, որ Յագլանդը, շքանշանը ստանալուց հետո, մասնավորապես, հայտարարել է, թե «Մենք շատ աշխատեցինք ձեզ հետ՝ նոր օրենքներ եւ նոր պրակտիկա ստեղծելու, եւ այս ամենը Եվրոպայի կանոններին հարմարեցնելու համար»: Իսկ ինչ է արել, ինչ նոր օրենքներ ու պրակտիկա է ստեղծել ԵԽԽՎ նախկին գլխավոր քարտուղարը: «Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է, որ Յագլանդը ԵԽԽՎ գլխավոր քարտուղար էր Հայաստանի համար ծանր ժամանակներում, երբ ՀՀ-ում արտակարգ դրությունից հետո վտանգված էր խոսքի ազատությունը, տասնյակ քաղբանտարկյալներ կային ՀՀ բանտերում, երբ Երեւանի կենտրոնում սպանվել էր 10 քաղաքացի, իսկ ԵԽԽՎ նախկին գլխավոր քարտուղարը խոսում էր նոր պրակտիկա ստեղծելու, եւ դա Եվրոպայի կանոններին հարմարեցնելու մասին: Հիշեցնենք, որ 2011 թվականի հունվարի 18-ին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի այցի ժամանակ նրան Երեւանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի դիմաց վանկարկումներով ու բողոքի ակցիաներով էին ընդունում, քանի որ նրա գործողություններից օրվա ընդդիմությունը դժգոհ էր: Դժգոհ էր, որովհետեւ նույն Թյորնբորն Յագլանդը եւ նրա ղեկավարությամբ ԵԽԽՎ մյուս ներկայացուցիչները փաստացի փակեցին մարտի 1-ի արյունալի իրադարձությունների քաղաքական էջը:

 

 

 

ՔՊ-ականների մի խումբ Արսեն Թորոսյանի գլխավորությամբ շարունակում է Անահիտ Ավանեսյանին պաշտոնից հեռացնելու ուղղությամբ օրուգիշեր աշխատել:

«Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ Անահիտ Ավանեսյանը ուրբաթ օրը փակ հանդիպում է ունեցել ՔՊ-ականների հետ: Մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել փակ հանդիպումից: Այսպիսով, նախ տեղեկացանք, որ քիչ թվով ՔՊ-ականներ են ներկա եղել հանդիպմանը, որոնք խայթող հարցեր են ուղղել Ավանեսյանին, եւ նպատակ են ունեցել ցույց տալու, որ վերջինս չի տիրապետում իրավիճակին: Փակ հանդիպմանը հիմնականում քննարկվել է առողջության համապարփակ ապահովագրության ներդրման ծրագիրը, բայց իրական նպատակը եղել է «նեղը գցել» Ավանեսյանին ու Փաշինյանի մոտ ցույց տալ, որ Ավանեսյանը անարդյունավետ նախարար է ու պետք է հեռացվի:

Անահիտ Ավանեսյանի դեմ ջանասիրաբար աշխատում է հատկապես ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում վերջերս նշանակված Արսեն Թորոսյանը, ինչպես նաեւ հանձնաժողովի մյուս անդամները:

Չնայած սրան` ՔՊ-ից մեզ փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն այդքան էլ հակված չէ հեռացնելու Ավանեսյանին, քանի որ նրան համարում է «հնազանդվող ու ենթարկվող» նախարար, որը երբեք չի հակաճառում իրեն: Բայց Արսեն Թորոսյանը, կարծես թե, երազում է վերադառնալ նախարարի աթոռին:

 

 

 




Լրահոս