
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աղազարյանը, ով վերջերս նոր կուսակցություն հիմնեց, նպատակ ունի առաջիկայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի գործընթաց սկսել: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Աղազարյանը այս օրերին տարբեր հանդիպում-քննարկումներ է ունենում իր նորաստեղծ կուսակցության ներկայացուցիչների հետ, որ անվստահության գործընթաց սկսի:
«Ժողովուրդ»-ը զրուցել է Հովիկ Աղազարյանի հետ՝ պարզելու նրա առաջիկա ծրագրերը։
-Պարո՛ն Աղազարյան, կան տեղեկություններ, որ Դուք պատրաստվում եք իմպիչմենթ սկսել Նիկոլ Փաշինյանի կապակցությամբ. կա՞ նման հարց Ձեր օրակարգում։
-Ես չեմ ցանկանում հրապարակայնացնել իմ առաջիկա պլանները։
-Բացառո՞ւմ եք, որ ԱԺ-ում նման գործընթաց կնախաձեռնեք։
-Շատ անսպասելի հարց տվեցիք, բայց պատասխանը նույնն է՝ իմ պլանների մասին չեմ խոսում։
-Պարո՛ն Աղազարյան, կարծես թե չեք էլ բացառում անվստահություն հայտնելու գործընթացը, կարող ենք եզրակացնել՝ նման հարց ամեն դեպքում կա՞ Ձեր օրակարգում։
-Դա արդեն Ձեր ենթադրությունն է։ Ինչպես էլ ձեւակերպեք հարցը, պատասխանը լինելու է նույնը։
-Պարո՛ն Աղազարյան, ամեն դեպքում, եթե նման գործընթաց սկսեք, անհրաժեշտ է լինելու, որ ՔՊ-ից եւս պատգամավորներ միանան Փաշինյանի իմպիչմենթի գործընթացին, ի՞նչ եք կարծում, Ձեր նախկին թիմակիցներից կմիանա՞ն։
-Ես իմ առաջիկա պլանների մասին չեմ խոսում։
-Ունե՞ք Նիկոլ Փաշինյանին «այլընտրանք թեկնածուներ», ո՞ւմ եք տեսնում՝ որպես վարչապետի թեկնածուի։
-Ես, կարող է, չեմ տեսնում, բայց կան մարդիկ, որ ունեն իրենց թեկնածուին։
-Օրինակ, անուններ կասե՞ք։
-Ո՛չ, չեմ ասի։
-Իսկ հնարավո՞ր է՝ երբ պահը գա, Ձեր թեկնածությունը առաջադրեք վարչապետի պաշտոնում։
-Ես իմ պլանների մասին չեմ ուզում բարձրաձայնել։
-Պարո՛ն Աղազարյան, արդեն տեւական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Գլխավոր դատախազը ԱԺ հերթական նստաշրջանի ժամանակ Ձեզ անձեռնմխելիությունից զրկելու հարցով գալու է խորհրդարան, ի՞նչ կասեք, Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք։
-Իհարկե հնարավոր է, պարտադիր չէ՝ հերթական նիստ լինի, կարող է եւ արտահերթ նիստ հրավիրվի։
-Իսկ կբավարարվե՞ն միայն Ձեզ անձեռնմխելիությունից զրկելով, թե՞ կտանեն կալանավորման։
-Դա պայմանավորված կլինի իմ վտանգավորության եւ հանցավորության չափերով։
-Իսկ իշխանությունները Ձեզ վտանգավոր համարո՞ւմ են, Փաշինյանը Ձեզ դիտարկո՞ւմ է իբրեւ մրցակից։
-Ես իրենց փոխարեն չեմ կարող պատասխանել։
-Պարո՛ն Աղազարյան, իսկ Դուք Նիկոլ Փաշինյանին Ձեզ մրցակից համարո՞ւմ եք։
-Մենք ամեն ինչ անելու ենք, որ հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը չդառնա վարչապետ։
Հիշեցնենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 3-ին վարչության որոշմամբ Հովիկ Աղազարյանը հեռացվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից՝ պետական եւ կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաեւ հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումների պատճառով։
Ավելի վաղ Հովիկ Աղազարյանը հայտնել էր, որ նախաձեռնող խմբի անունից լիազորված է հայտարարել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով սկսում են կուսակցություն հիմնադրելու գործնթաց։ Կուսակցության անվանումը լինելու է «Միացյալ ազգային սոցիալիստական» կուսակցություն։
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ՈՂՋ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ ԿՈՒՂԵԿՑԻ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ
Ալեն Սիմոնյանը հերթական անգամ միայն իր թիմակիցների հետ գործուղման կմեկնի, այս անգամ՝ Իտալիա։ ArmLur.am-ը տեղեկանում է, որ Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները փետրվարի 19-23-ը Հռոմում կմասնակցեն Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանին։
Խորհրդարանական պատվիրակության կազմում են Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Ծովինար Վարդանյանը, Բաբկեն Թունյանը, Վահագն Ալեքսանյանը։ Մյուսները ԱԺ նախագահի աշխատակազմի աշխատակիցներ են՝ լուսանկարիչ, օպերատոր, մամուլի քարտուղար, արարողակարգի բաժնի մասնագետ ու ղեկավար, արտաքին կապերի վարչության մասնագետ ու ղեկավար, ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը։ Ալեն Սիմոնյանը, կարծես, վատ սովորություն է դարձրել միայն իր թիմակիցների հետ գործուղումների մեկնելը, այս անգամ էլ որեւէ ընդդիմադիր պատգամավոր ընդգրկված չէ պատվիրակության կազմում, թեեւ խորհրդարանական երկրներում պարտադիր է միջազգային աշխատանքներում ընդդիմադիր պատգամավորների մասնակցությունը։
Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր՝ «Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու իր թիմը մեկնել են Լյուքսեմբուրգ, այնտեղից էլ կգնան Բելգիա, իսկ ծախսերի մեծ մասը «հոգացել» է պետբյուջեն։ Թե ինչ նպատակով՝ պաշտոնական փաստաթղթերում այդ մասին ոչինչ չկա, բայց փաստ է, որ ԱԺ նախագահի պատվիրակության կազմում ընդդիմադիրներ չկան, ոխերիմ թիմակիցներ չկան՝ այլ ընդամենը 2 ՔՊ-ական պատգամավոր»:
«Ժողովուրդ»-ը ԱԺ պաշտոնական աղբյուրներից պարզել էր, որ Ալեն Սիմոնյանը փետրվարի 3-5-ը ինքն իրեն պաշտոնական այցով «գործուղել է» Լյուքսեմբուրգ, ապա 6-8-ը՝ Բրյուսել։ ԱԺ նախագահի պաշտոնական պատվիրակության 11 հոգանոց կազմում ընդամենը 2 պատգամավորներ կան ՔՊ-ից՝ մեկը Արման Եղոյանը, մյուսը Սիմոնյանի նախկին օգնական Հասմիկ Հակոբյանը։ Մյուսները ԱԺ նախագահի աշխատակազմի աշխատակիցներ են՝ լուսանկարիչ, օպերատոր, մամուլի քարտուղար, արարողակարգի բաժնի մասնագետ ու ղեկավար, արտաքին կապերի վարչության մասնագետ ու ղեկավար եւ խորհրդական՝ արդուկի գծով Աշխեն Հայրապետյանը։
«Թվարկվածներից միայն 5 հոգու ծախս է իր վրա վերցրել Լյուքսեմբուրգը, 6 հոգու գործուղման ծախսերը վճարվել է հերոս հարկատուների միջոցներով։ Իսկ Բրյուսելի եռօրյա այցի համար ֆինանսավորումը ամբողջությամբ ապահովվել է հարկատուների հաշվին, պատվիրակությանն էլ միացել է եւս մեկ ՔՊ-ական պատգամավոր՝ Սարգիս Խանդանյանը, ով մեկ օր շուտ է հասնելու Բրյուսել։ 12 անձի գործուղման հետ կապված ճանապարհածախսը, ներկայացուցչական ծախսերը, օրապահիկի եւ գիշերավարձի (3 գիշերվա՝ ըստ փաստացի կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի) վճարումը կատարվել/ու է ՀՀ պետբյուջեի հաշվին», – պարզել էր «Ժողովուրդ»-ը։
Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ