ՏԱՆ ՓՈԽԱՐԵՆ ՄԵՔԵՆԱ Է ՎԵՐՑՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետությանը «թալանը» հետ բերելու գործընթացում ոչ ամեն «հետ բերածն» է արդյունավետ եւ օգտակար պետության համար, ինչպես վարչապետ Փաշինյանն է պատկերացնում։

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շաբաթ երեկոյան կրկին «#հատիկառհատիկ» հեշթեգով գրառում էր արել եւ գրել. «Դատարանի որոշմամբ (հաշտության համաձայնությամբ) որպես սեփականություն Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել ապօրինի ձեռքբերված RANGE ROVER SPORT SUPERCHARGED 5.0 մակնիշի տրանսպորտային միջոցը` 2010 թվականի արտադրության: Սա գրում եմ ոչ թե նրա համար, որ վերադարձվածը ինչ-որ նշանակալի գույք է, այլ որովհետեւ՝ հատիկ առ հատիկը իրոք հատիկ առ հատիկ է»:

Վարչապետ Փաշինյանը չի նշել, թե ում մեքենան են «առգրավել»։ Հարկ է նշել նաեւ, որ Փաշինյանը իմիտացիա է ստեղծում, թե իբրեւ հատիկ առ հատիկ ամեն բան վերադարձվում է պետությանը։

Պետությանը փոխանցված մեքենան ընդամենը 16 հազար ԱՄՆ դոլար արժե, իսկ կառավարական ընտանիքին սպասարկող մեքենաներն արժեն 120-150 հազար ԱՄՆ դոլար։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը, Փաշինյանի գրառմանն ի պատասխան, գրել էր. «Այդ պաշտոնյայի մասով դատարանը ապօրինի գույք է համարել տունը եւ դրամական միջոցները, եւ տան փոխարեն պետությանն է փոխանցվել ապօրինի գույք չճանաչված ավտոմեքենան, ավտոտնակը եւ որոշակի գումար։ Բայց սա չէ կարեւոր։

Դատարանը այդ որոշումը կայացրել է 2023թ. հոկտեմբերին, 2023թ. դեկտեմբերին մեքենան փոխանցվել է պետգույքի վարչությանը, եւ ահա պետգույքի վարչությունը միայն 14 ամիս հետո որոշել է այդ գույքը դնել աճուրդի։ Այսինքն՝ 14 ամիս է տեւում մի մեքենա աճուրդով դնելը։

Եվ ամենակարեւորը։ Դատարանը այդ մեքենան հաշվել է 10,200,000 դրամի փոխարեն, իսկ մեքենան աճուրդի է դրվում 5,500,000 դրամով։ Երկու գնահատումն էլ արել են պետական կառույցները»։

Այսինքն, դեռ բավական չէ, որ մեքենան ապօրինի ճանաչված գույքի դիմաց ոչինչ է, մյուս կողմից՝ այս գործընթացը մեկնարկել է դեռ վաղուց, սակայն հասարակությանը գործողություն ցույց տալու համար Փաշինյանը հիմա է գրառում անում։

Նշենք, որ հեշտությամբ պետությանը վերադարձված ավտոմեքենան պատկանել է Երեւանի Էրեբունի վարչական շրջանի նախկին թաղապետ Արմեն Հարությունյանին, որը ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի քրոջ որդին է։

2023 թվականի հոկտեմբերի 13-ին Գլխավոր դատախազություն էր ստացվել Արմեն Հարությունյանի եւ նրան փոխկապակցված անձանց կողմից հայցապահանջն ընդունելու եւ գործի քննությունը հաշտությամբ ավարտելու վերաբերյալ դիմում: Արմեն Հարությունյանը եւ նրան փոխկապակցված անձինք պատրաստակամություն էին հայտնել Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով փոխանցել 1 միավոր անշարժ եւ 1 միավոր շարժական գույք՝ ընդհանուր 16 մլն 400 հազար դրամ շուկայական արժեքով, ինչպես նաեւ 28 մլն 700 հազար դրամ։ 2023թ. դեկտեմբերին մեքենան փոխանցվել էր պետգույքի վարչությանը, եւ ահա պետգույքի վարչությունը միայն 14 ամիս հետո որոշել է այդ գույքը դնել աճուրդի։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

 

 

 

ՉԻ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը փոխանցել է. «Ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, տեղեկացնում եմ, որ նախագահը Տեր-Պետրոսյանը մտադիր չէ պատասխանել Ռոբերտ Քոչարյանի՝ ասուլիսում արտահայտած ստերին եւ հետին թվով մոգոնած հեքիաթներին»:

 

 

 

ԽՈՍՔ ՉԿԱ

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտությունը կարգավորելու ընթացքում Ուկրաինային տարածքային զիջումների մասին խոսք լինել չի կարող։ Նրա խոսքով՝ ԽՍՀՄ-ի կազմավորման ժամանակ նման զիջումների է գնացել Խորհրդային Միության ղեկավարությունը։ «Ցանկանում եք, որ կարգավորման բանակցությունների ընթացքում ինչ-որ մտորումնե՞ր հնչեն՝ կապված որոշ տարածքների զիջման հնարավորության հետ: Ինչպե՞ս զիջել. ռուս բնակիչներո՞վ, թե՞ առանց մարդկանց՝ միայն հազվագյուտ հողային մետաղներով», – ասել է Սերգեյ Լավրովը։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի ներկայացուցիչները, որոնք այժմ խոսում են այն մասին, թե ինչպես մոտենալ ուկրաինական ճգնաժամին, եւ դեռ պարզ չէ, թե նրանցից ով է լիազորված նախագահ Թրամփի կողմից Վաշինգտոնի վարչակազմի անունից խոսելու այս հարցով, նույնպես խոսում են փոխզիջումների մասին։

 

 

ՏՈՒԳԱՆՔ՝ ԵՐԿՐԱՊԱՀԻՆ

Դատարանը Նոյեմբերյանի երկրապահի ղեկավարի՝ Յուրա Հարությունյանի մասով վճիռ է կայացրել: 2024 թվականին ապրիլի 23-ին Նոյեմբերյանում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակցիայի ժամանակ «Երկրապահ Կամավորականների Միությանը» պատկանող մեքենան փորձել է Բագրատաշենի ճանապարհը փակած տավուշցիների վրա քշելով՝ բացել ճանապարհը։ Սակայն տղամարդիկ կարողացել են կանգնեցնել մեքենան, ինչից հետո մեքենայից դուրս է թռել մի երիտասարդ ու բարձրանալով մեքենայի տանիքին՝ նետվել տավուշցիների վրա։  Այս արարքի համար մեղադրյալի աթոռին էր հայտնվել Նոյեմբերյանի երկրապահի ղեկավար Յուրա Հարությունյանը, եւ դատարանը Յուրիկ Նարիմանի Հարությունյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքում եւ որպես պատիժ նշանակել տուգանք՝  նվազագույն աշխատավարձի քսանապատիկի՝ 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ գումարի չափով:

 




Լրահոս