ԾԵԾՎԱԾՆԵՐԻՑ ՄԵԿԸ ԴԵՌ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս մեծ աղմուկ հանած ՀՀ ԶՈՒ Լուսակերտի զորամասում տեղի ունեցած ծեծկռտուքի պատճառով  22-ամյա մի երիտասարդ հայտնվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում: Նա անգամ չի կարողանում խոսել, որպեսզի բացատրի, թե իրականում իր հետ ինչ է կատարվել: Երիտասարդի «անդորրը» հիվանդանոցում հսկում են ոստիկանության աշխատակիցները:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ միջադեպը սկսվել է այն պատճառով, որ նորակոչիկներից մեկը մազերը կտրելուց հետո չի «ավլել» հատակը, հետո էլ զանգահարել է եղբորն ու օգնություն խնդրել: Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող, սերժանտ Արտակ Փիրուզյանը հանձնարարել էր նորակոչիկներին, որպեսզի յուրաքանչյուրը մազերը կտրելուց հետո մաքրի հատակը:
Նորակոչիկ Հունան Հարությունյանը պատասխանել է, թե եթե մազ կտրող ունեն, ուրեմն նա էլ պետք է հավաքի հատակը, եւ իրենք չէ, որ պետք է դա անեն: Փիրուզյանը պատասխանել է, որ դա բոլորի համար սահմանված կարգ է, եւ իրենք պարտավոր են դա անել: Հարությունյանը մազերը կտրելուց հետո մաքրել է հատակը, ինչից հետո նեղսրտած զանգահարել է եղբորը` Հայկ Հարությունյանին, եւ պատմել տեղի ունեցածի մասին` ճշտելով, թե արդյոք հատակը մաքրելով` ինքը ճիշտ քայլ է կատարել, թե ոչ: Եղբայրը պատասխանել է, որ նա չանհանգստանա, ինքն ամեն ինչ կկարգավորի: Եւ կարգավորումը եղել է այն, որ նորակոչիկի եղբայրը մի մեծ «թիմ» է հավաքել ու եկել զորամաս` եղբորը պաշտպանելու:
Պաշտպանելն էլ եղել է այն, որ մոտ 10-15 գինովցած երիտասարդներ` Հաղթանակ գյուղից, «հարձակում» են կատարել զորամասի վրա. նախ լեզվակռիվ է սկսվել, այնուհետեւ ժամկետային զինծառայողների, զորամասի աշխատակիցների եւ իրենց մեքենաներով զորամասի տարածք ներխուժած երիտասարդների միջեւ ծեծկռտուք է սկսվել: Նշվում է, որ այդ երիտասարդները քաղաքական գործիչների հարազատներ ու բարեկամներ են եղել:
Երեկ «Ժողովուրդ»-ը եղավ «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, որտեղ գտնվում է կռվի մասնակիցներից Հարություն Թորոսյանը, ով իր ընկերների հետ գնացել էր նորակոչիկի «թասիբին» կանգնելու, ու լավ ծեծվել էր: Պաշտոնապես հաղորդվեց, որ ծեծկռտուքի ընթացքում մարմնական վնասվածք է ստացել նաեւ քաղաքացի Հարություն Թորոսյանը, որը տեղափոխվել է նախ Աբովյանի քաղաքային հիվանդանոց, հետո «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Փորձեցինք զրուցել Հարությունի հետ, սակայն վերջինիս այնպես են ծեծել, որ նա չի կարողանում մի քանի բառ անգամ ասել: Հիվանդանոցում տեղեկացանք, որ նրան նախ անգիտակից վիճակում տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, իսկ արդեն մի քանի օր է` գտնվում է նեյրովիրաբուժական բաժանմունքում: Հիվանդասենյակում հանդիպեցինք Հարությունի հարազատներին, մայրիկին ու քրոջը:  
Երիտասարդ մի տղա մեզ հրավիրեց հիվանդասենյակից դուրս` խոսելու, քանի որ Հարությունն իսկապես ի վիճակի չէր բառ ասելու, գլուխն ամբողջությամբ վիրակապերով փաթաթված էր, մի խոսքով, միայն բերանի հատվածն էր երեւում: Երիտասարդն, ով համաձայնեց մեզ հետ խոսել, հրաժարվում էր ներկայանալ, խոսում էր արհամարհական տոնով եւ մեզ արգելում էր որեւէ մեկի հետ զրուցել` պատճառաբանելով, թե բոլորը հուզված են. «Գնացե՛ք, մի քանի օր հետո կգաք»:
Մեր զրույցին միացավ մեկ այլ տղամարդ, որը մյուսի համեմատ ավելի քաղաքակիրթ էր իրեն դրսեւորում: Ասաց, թե միայն Հարությունի հայրը` Լյովան, կարող է մեզ տեղեկություն տրամադրել, բայց նա հիվանդանոցում չէ, երեկոյան նոր կվերադառնա: Ի վերջո, «Ժողովուրդ»-ը պարզեց, որ այդ երկու երիտասարդները ոստիկանության աշխատակիցներ են, որոնք հսկում են Հարությունին: Իսկ թե ինչու են հսկելուց բացի, նաեւ արգելում խոսել նրա հարազատների հետ, մեզ համար անհասկանալի մնաց:
Կարողացանք զրուցել միայն Հարությունի հորաքրոջ ամուսնու հետ, վերջինս ասաց, որ տեղյակ չեն` իրականում ինչ է կատարվել, քանի որ նա մինչեւ այսօր դեռեւս նորմալ չի խոսել իրենց հետ: 22-ամյա Հարությունը բանակում չի ծառայել հիվանդության պատճառով: Նրա հորաքրոջ ամուսինն ասաց, որ երիտասարդը  խելացի տղա է, ընկերների հետ գնացել է զորամաս եւ հայտնվել այդ վիճակում:
Նեյրովիրաբուժական բաժանմունքի վարիչ Ռուդոլֆ Վարոսյանից փորձեցինք տեղեկություն ստանալ Հարությունի առողջական վիճակի վերաբերյալ, սակայն վերջինս մինչեւ ուշ երեկո վիրահատության էր: Իսկ երեկոյան, երբ զանգահարեցինք պարոն Վարոսյանին, ասաց, թե ինքը տեղեկություն չի տրամադրում հեռախոսով: Այնուամենայնիվ, նշեց, որ Հարությունը գլխի ցնցում է տարել, եւ  այժմ նրա կյանքին վտանգ չի սպառնում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս