Armenian text to speach

ԿՈՂՄԵՐԸ ՊԱՏՐԱՍՏ ԵՆ ԼՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Փետրվարի 18-ին նախատեսված ուկրաինական պատերազմի շուրջ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի բանակցությունները մեկնարկել են:

 

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հաստատել էր, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը եւ նախագահի օգնական Յուրի Ուշակովը Էր Ռիադում հանդիպում կունենան ԱՄՆ ներկայացուցիչների հետ: Դմիտրի Պեսկովը նշել էր, որ հանդիպումն առաջին հերթին նվիրված կլինի ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնմանը, ուկրաինական կարգավորման հնարավոր բանակցությունների նախապատրաստմանը եւ երկու նախագահների հանդիպման կազմակերպմանը։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ հայտարարել էր, որ Էր Ռիադում բանակցությունները կլինեն երկկողմ՝ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ։ Նրա խոսքով՝ հանդիպման ժամանակ Մոսկվան եւ Վաշինգտոնը պետք է որոշեն, թե ինչպես սկսել բանակցությունները ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար, քանի որ ամերիկյան կողմը դեռ գլխավոր բանակցող չի նշանակել։ Սաուդյան Արաբիայում է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Ամերիկյան կողմից բանակցություններին կմասնակցում է Մերձավոր Արեւելքի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը: Մարկո Ռուբիոն հայտարարել էր, որ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու նպատակով Ռուսաստանի հետ հնարավոր խաղաղ բանակցությունների մեկնարկից առաջ երկար ճանապարհ կա անցնելու։ Ուկրաինան չի մասնակցում Սաուդյան Արաբիայում այժմ ընթացող բանակցություններին։ «Ուկրաինան ոչինչ չգիտեր այդ մասին: Մենք համարում ենք, որ Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած բանակցություն առանց Ուկրաինայի արդյունք չի կարող ունենալ: Մենք չենք կարող ճանաչել մեզ վերաբերող որեւէ համաձայնություն, որը ձեռք է բերվել առանց մեր մասնակցության»,- հայտարարել էր Զելենսկին:

Նա հավելել է, որ ուկրաինական պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Սաուդյան Արաբիա, սակայն դա կապված չէ ռուս-ամերիկյան հանդիպման հետ։ Զելենսկին նաեւ հայտնել էր, որ ուկրաինական կարգավորման հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի այցը Ուկրաինա սպասվում է փետրվարի 20-ին:

Բայդենի վարչակազմը չէր ձգտում հասկանալ Ռուսաստանի մտահոգությունները, այժմ ԱՄՆ-ն պատրաստ է լսել եւ հասկանալ Ռուսաստանի դիրքորոշումը: Այս մասին  հայտարարել է Ռուսաստանի Անմիջական ներդրումային հիմնադրամի նախագահ Կիրիլ Դմիտրեւը, որը մասնակցում է Ռիադում ռուս-ամերիկյան բանակցություններին: «Բայդենի վարչակազմը չի փորձել հասկանալ Ռուսաստանի մտահոգությունները։ Նա զբաղեցրել է իր գաղափարական դոգմաները, դիրքերը։ Եվ այն, ինչ մենք տեսնում ենք առայժմ, դեռ շատ վաղ է, որ ամերիկյան կողմը պատրաստ է լսել Ռուսաստանի դիրքորոշումը, պատրաստ է հասկանալ Ռուսաստանի դիրքորոշումը։ Հենց դրանից է սկսվում երկխոսությունը»,- ասել է Դմիտրիեւը։ «Ինձ թվում է՝ շատ կարեւոր է երկխոսության մեկնարկի մթնոլորտը։ Եվ այն տրվեց նախագահ Դոնալդ Թրամփի շատ դրական զանգով: Եվ այս մթնոլորտը միմյանց մտահոգությունները լսելու, միմյանց հասկանալու համար է», -ասել է Դմիտրեւը։ Նա նաեւ նշել է, թե առաջիկա ամիսներին Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցություններում հնարավոր է առաջընթաց։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ՏԵՂԱԿԱԼ Է ՆՇԱՆԱԿՎԵԼ

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ։ Նա եղել է արտգործնախարարի խորհրդականը։ Նշենք, որ Արարատ Միրզոյանն այսուհետ 4 տեղակալ ունի` Պարույր Հովհաննիսյանը, Մնացական Սաֆարյանը, Վահան Կոստանյանը եւ Ռոբերտ Աբիսողոմոնյանը:

 

 

ՊԵՏՔ Է ԱԶՆԻՎ ԼԻՆԵՆՔ

Կառավարությունում անգրագետ մարդ չկա, մենք պետք է ազնիվ լինենք ինքներս մեզ հետ եւ չփնտրենք մութ սենյակում կատու, որը այդտեղ չի եղել երբեւիցե։ Այս մասին ասել է Հայաստան առաջին ՄԻՊ Լարիս Ալավերդյանը: «Երկրորդը, ո՞րն է լուծումը, արդյոք իրենք տեղյակ էին՝ ինչ պիտի անեին։ Այո, դեռ 2023 թվականին մի խումբ արցախցիների հետ գրավոր ձեւով մենք առաջարկել ենք: Միջազգային պրակտիկան ունի այդպիսի ձեւակերպում՝ Genocide Survivors, ցեղասպանությունը վերապրածներ: Բոլոր նրանք, ովքեր լքել են, թողել են աշխատանքը, աշխատավայրը եւ այլն, դրանք ցեղասպանությունը վերապրածներ են, բոլոր 150 000-ը: Եթե նույնիսկ մարդը շուտ է դուրս եկել, բայց չունի հնարավորություն վերադառնալու, վերջ, նա Genocide Survivor է: Հիմա եթե մենք՝ իրավաբաններս, հոգեբանները, քաղաքական գործիչները, հստակեցնեք, թե մենք ինչի համար ենք պայքարում, մենք կհասնենք դրան: Բայց տեսեք Շուշի ու Հադրութ թողած 30 000 արցախցիներ երեք տարի պայքարում են փախստականի կարգավիճակ ստանալու համար»,- ասել է նա:

 

 

ԿԿԱԼԱՆԱՎՈՐԵՆ

Երեկ մահացած զինվորի գործով սպասվում է կալանավորում: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ մահացած զինվորի դեպքը եղել է զորամասում։ Ըստ նախնական վարկածի՝ նա ինքնասպան է եղել, սակայն դեպքից առաջ զորամասում վեճ է եղել։ Մեր տեղեկությունների համաձայն՝ ողբերգական դեպքից առաջ Սեւակ Հովհաննիսյանը իր ծառայակից ընկերների հետ վեճ է ունեցել։ Վերջինս ծառայակից ընկերներին դիտողություն է արել զորամասի կարգ ու կանոնի հետ կապված, ու, արդյունքում, այդ վեճից հետո զինվորին գտել են հրազենային վնասվածքով մահացած։ Ս. Հովհաննիսյանը եղել է հերթապահ եւ առավոտյան զինվորներին արթնացրել է, ու այդ հանգամանքը այնքան էլ դուր չի եկել որոշ զինծառայողներին, եւ հնչել է արտահայտություն, թե «դու մեզ չես կարող հանել քնից», ինչից էլ սկսվել է վեճ: Ի՞նչ կապ ունի այս վեճը՝ ըստ նախնական վարկածի զինվորի ինքնասպան լինելու հետ. հիշեցնենք, որ փետրվարի 17-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, հայտնաբերվել էր ՊՆ N զորամասի զինծառայող Սեւակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով:

 

 

ՀՆԱՐԱՎՈՐ ՉԻ ԵՂԵԼ

Փաստաբան Նարեկ Ալոյանը դիմել էր ներքին գործերի նախարարություն հասկանալու համար, թե 2025 թվականի հունվար ամսվա ընթացքում քանի կալանավոր ՆԳՆ համապատասխան ծառայության ծանրաբեռնվածության պատճառով չի կարողացել ներկայանալ դատական նիստի։ Ի պատասխան՝ փաստաբանին հայտնել են, որ 2025 թվականի հունվար ամսվա ընթացքում, վարույթ իրականացնող մարմինների կողմից ստացվել է 1601 հայտ 1757 ազատությունից զրկված անձանց ուղեկցելու վերաբերյալ, որից ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ուղեկցող ստորաբաժանումների գերծանրաբեռնվածության հետեւեւանքով հնարավոր չի եղել իրականացնել 438 հայտի պահանջները 477 ազատությունից զրկված անձանց վերաբերյալ:

 




Լրահոս