Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գնահատմամբ՝ կարեւոր է ոչ միայն այն, թե պետությունը որքան պարտք ունի, այլեւ թե տարեկան որքան գումար է ծախսվում այդ պարտքի սպասարկման համար: Հայաստանի պետական պարտքի չափը կազմում է 12 մլրդ դոլար, իսկ տոկոսների վճարման առումով երկրի ֆինանսական բեռը վերջին տարիներին աճել է 10 անգամ։ «Էկոնոմիկայի նախարարն ինքն էլ չի հասկանում, թե ինչի մասին է խոսում։ Ես անձամբ ծանոթ եմ նրան։ Մենք չենք խոսում արտաքին պարտքի մասին, այլ այն մասին, որ երկրի պարտքը 12 մլրդ դոլար է, որից 6 մլրդ դոլարը, այո’, արտաքին պարտքն է՝ 1% սպասարկման տոկոսադրույքով եւ 6 մլրդ դոլարը՝ ներքին, որի սպասարկման վրա ծախսվում է 14%։ Այսինքն՝ ներքին պարտքի տոկոսները 14 անգամ ավելի բարձր են», – ընդգծել է Բագրատյանը։
Հայաստանի նախկին վարչապետի գնահատմամբ՝ կարեւոր է ոչ միայն, թե պետությունը որքան պարտք ունի, այլեւ այն, թե տարեկան որքան գումար է ծախսվում այդ պարտքի սպասարկման համար: Այսօրվա դրությամբ, ըստ նրա, պարտքի սպասարկման համար ծախսվում է 1 տրիլիոն դրամ, որի կեսը ծախսվում է տոկոսների սպասարկման, իսկ մյուս կեսը՝ մայր գումարի մարման վրա: «Համեմատության համար նշենք, որ Սերժ Սարգսյանի կառավարման վերջին տարիներին պարտքի սպասարկման վրա ծախսվել է 100 մլրդ դրամ։ Ծախսերն աճել են 10 անգամ, այսինքն՝ այդ իմաստով պարտքի բեռը 10 անգամ աճել է։ Ինձ չի հետաքրքրում, թե որքան պարտք ունեմ: Ինձ հետաքրքրում է, թե որքան պետք է վճարեմ ամսական: Հենց այդ գումարը, որը ես պետք է վճարեմ ամսական, աճել է 10 անգամ։ Չեմ կարծում, որ էկոնոմիկայի ներկայիս նախարարն իր անցած ճանապարհով դա խորապես հասկանում է», – եզրափակել է նա։
Նշենք, որ Հայաստանի կառավարության պարտքի ընդհանուր ծավալն իսկապես կազմում է մոտ 12 մլրդ դոլար (ավելի ճիշտ, անցած տարվա դեկտեմբերի վերջի դրությամբ՝ 12 մլրդ 338 մլն դոլար)։ Դրա կեսից մի փոքր ավելին՝ 6 մլրդ 388,1 մլն դոլարը, ներքին պարտքն է։ Արտաքին պարտքի ծավալը դեկտեմբերի վերջին կազմել է 5 մլրդ 950,1 մլն դոլար։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը սոցցանցում տեսաուղերձով հայտարարել էր, որ Հայաստանի կառավարության արտաքին պարտքը կազմում է ոչ թե 12 մլրդ, «ինչպես ոմանք պնդում են», այլ 5,96 մլրդ դոլար: Նախարարի խոսքով՝ 12 մլրդ դոլարի մասին խոսողները կամ պատշաճ կերպով տեղեկացված չեն, կամ միտումնավոր սխալ տեղեկություն են տարածում՝ քաղաքական դիվիդենտներ քաղելու նպատակով: Նախարարը ոչ մի անգամ չի հիշատակում պաշտոնական վերջին տվյալներով մոտ 6.4 միլիարդ դոլար կազմող ներքին պարտքը: Պետական պարտքը ներքինի ու արտաքինի հանրագումարն է. դիտավորյա՞լ է նախարարը միայն մի մասը հրապարակում, փորձում է մանիպուլացնե՞լ, թե՞ գուցե այլ պատճառ կա: Թերի տեղեկության վերաբերյալ տնտեսագետների ու լրագրողների բարձրացրած աղմուկից հետո Գեւորգ Պապոյանը որեւէ պարզաբանում չի ներկայացրել:
Էկոնոմիկայի նախարարն անտեսո՞ւմ, ստորադասո՞ւմ է, թե՞ պակաս կարեւոր է համարում մոտ 6.4 միլիարդ դոլար կազմող ներքին պետական պարտքը: Ինչպես արտաքին աղբյուրներից միջոցներ ներգրավելիս, այնպես էլ ներսում պարտք վերցնելիս պետությունը հստակ պարտավորություններ է ստանձնում՝ ժամանակին մարումներ, տոկոսագումարների վճարներ… Ընդ որում, ներքինի դեպքում պայմանները շատ ավելի ծանր են: Ներքին պարտքի զգալի մասը ռեզիդենտների ձեռք բերած պետական գանձապետական պարտատոմսերն են, որոնց միջին տոկոսադրույքը դրսից վարկերի կամ փոխառությունների տոկոսից շատ ավելի բարձր է:
Նշենք, որ ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2024-ի դեկտեմբերին դրսից վարկերի ու փոխառությունների միջին տոկոսը 3.5 է կազմել, մինչդեռ պետությունը շատ ավելին է վճարում՝ 10.6 տոկոս:
Ա. ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՇՈՒԿԱ ՉԿԱ
Տուրիստական Դիլիջան քաղաքի բնակիչները դժգոհում են, որ քաղաքում գյուղատնտեսական մթերքները Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքի համեմատ թանկ են։ Դրա պատճառն այն է, որ Դիլիջան քաղաքում, ի տարբերություն Իջեւանի, գյուղատնտեսական շուկա չի գործում։ Դիլիջան համայնքը միավորում է Դիլիջան քաղաքը եւ նույնանուն համայնքի 6 գյուղերը, Դիլիջան քաղաքի շուկայում կարող էին իրացվել համայնքի 6 գյուղերի բնակիչների աճեցրած գյուղատնտեսական զանազան մթերքները։ Դիլիջան համայնքի բնակիչները հայտնում են, որ «Հայփոստի» Դիլիջանի մասնաճյուղի շենքի մոտ գտնվող ավտոկանգառի հետեւի մասում տեղադրված են փայտյա 3 փոքրիկ տնակներ, որոնք վարձակալությամբ տրամադրվում են համայնքի բնակիչ գյուղացիներին՝ իրենց աճեցրած գյուղատնտեսական մթերքները վաճառելու համար։ Սակայն 3 փոքրիկ կրպակները չեն կարող փոխարինել գյուղատնտեսական շուկային։ Դիլիջան համայնքի` 2025 թվականի բյուջեն եկամուտների եւ ծախսերի գծով կազմում է 1 միլիարդ 700 միլիոն 500 հազար դրամ։ Այսպիսի բյուջե ունեցող համայնքը կարող է գյուղատնտեսական շուկա գործարկելու համար պահանջվող ծախսերը կատարել։ Համայնքապետարանի համար դժվար չէ լուծել նաեւ գյուղատնտեսական շուկայի համար տարածքի հատկացման հարցը։ Դիլիջանի համայնքի ՔՊ-ական ղեկավար Դավիթ Սարգսյանը վերջերս մեկ օրում շուկայականից զգալի ցածր գներով 2 հողամաս է օտարել Երեւան քաղաքի բնակչին, ուստի կարող է նաեւ քաղաքում գյուղատնտեսական մթեքների շուկայի տարածքի հարցը լուծել։
ԱՊԱԳԱ ԿԱ՛. ԴՊՐՈՑՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է
Ծնելիության նվազման, շարունակվող արտագաղթի հետեւանքով Տավուշի մարզի բնակչությունը շարունակում է նվազել։ Դրանով պայմանավորված` նվազում է նաեւ մարզի հանրակրթական աշակերտների, դպրոցների շրջանավարտների թիվը։ Տավուշի մարզպետարանիից հայտնել են, որ 2021-2022 ուստարում մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտների թիվը եղել է 1124, 2022-2023 ուստարում՝ 1040, 2023-2024 ուստարում՝ 984: Վերջին 2 տարում Տավուշի մարզի դպրոցների շրջանավարտների թիվը նվազել է 140-ով։ Սահմանազատման անվան տակ Ադրբեջանին տարածքներ հանձնելը, Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չկնքելը, այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից Հայաստանի հասցեին նոր պահանջներ ու սպառնալիքներ հնչեցնելը Տավուշի սահմանագոտու բնակիչների մեջ անհանգստություն, ապագայի հանդեպ անորոշություն է առաջացնում, ինչն էլ իր հերթին խթանում է մարզի սահմանագոտուց արտագաղթը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ























