«Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» Ռուսաստանի Դաշնության օրենքում կատարված փոփոխությունների համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիներն այս տարվա հունվարի 1-ից առանց վիզայի չեն կարող գտնվել ՌԴ-ում ավելի, քան տարեկան 90 օր։ Այս մասին հայտնում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: «Այս սահմանափակումը մտահոգություններ էր առաջացրել հատկապես բեռնատարների վարորդների շրջանում, որոնք աշխատանքի բերումով հաճախ են ուղեւորվում Ռուսաստանի Դաշնություն։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ հայկական կողմը։ Արդյո՞ք առաջարկվել է ռուսական կողմին որոշ կատեգորիաների դեպքում վերանայել որոշումը։ Հարցի պարզաբանման նպատակով փետրվարի 7-ին գրություններ էի ուղարկել ՀՀ ԱԳՆ-ին եւ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությանը։
Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունից հայտնում են, որ 2025 թվականի փետրվարի 12-ին հայկական կողմի մասնակցությամբ տեղի է ունեցել Եվրոպական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային միգրացիայի եւ սոցիալական պաշտպանության վարչության կողմից կազմակերպված տեսակոնֆերանս, որտեղ քննարկվել են նաեւ «Օտարերկրացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց՝ Ռուսաստանի Դաշնություն մուտքի եւ ելքի կանոնների եւ պայմանների հաստատման նպատակով փորձարկում անցկացնելու մասին» N 1510 որոշման կարգավորումները, ՌԴ-ում ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատանքային միգրանտների գործունեության վրա դրանց հնարավոր ազդեցությունը։
Տեսակոնֆերանսի ընթացքում հայկական կողմը հնչեցրել է ՌԴ նախագահի 30.12.2024թ.-ի N 1126 հրամանագրի համատեքստում բեռնատարների վարորդների՝ ՌԴ տարածք մուտքի եւ ելքի կարգավորումների վերաբերյալ հարցը, մասնավորապես, արդյոք իրականացված օրենսդրական փոփոխությունները վերջիններիս նկատմամբ կիրառելի են, թե ոչ, որին ի պատասխան՝ ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ փոփոխությունները տարածվում են նաեւ նշված անձանց նկատմամբ, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարցը մտահոգություն է առաջացրել նաեւ այլ պետություննների իրավասու մարմիններին, ուստի ներկայումս քննարկվում է, հնարավորության դեպքում, բեռնատարների վարորդների մասով այլ կամ պարզեցված ընթակարգ կիրառելու հնարավորության մասին։
ԱԳՆ-ն եւս հայտնում է նույնատիպ տեղեկություններ՝ հավելելով, որ ռուսական կողմը պատրաստակամ է խնդրին լուծում տալու հարցում։
Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ հանրային հետաքրքրությունը՝ շարունակելու եմ հետեւողական լինել եւ տեղեկություն ունենալու դեպքում ներկայացնել հնարավոր նոր զարգացումները», – գրել է նա:
Հիշեցնենք, որ 2025թ. հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ են մտել երկու օրենքներ, որոնք ուղղակիորեն ազդում են Հայաստանից միգրացիոն հոսքերի վրա։ Օտարերկրյա քաղաքացիները, որոնք Ռուսաստան են ժամանել 2025թ. հունվարի 1-ից վիզա չպահանջող միջոցով, կարող են այս երկրի տարածքում գտնվել տարվա ընթացքում ընդհանուր առմամբ մինչեւ 90 օր՝ հիշեցնելով, որ նախկինում այդ ժամկետը կազմում էր 180 օր։ Կարծիքներ հնչեցին նաեւ, որ այս փոփոխությունը կարող է ազդել Հայաստանից բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների վրա։
Հիշեցնենք, որ 2025թ. փետրվարի 5-ից ուժի մեջ է մտել «Վտարման մասին» օրենքը։ «Եթե նախկինում Ռուսաստանից օտարերկրացիների արտաքսումն ու արտաքսումն իրականացվում էր դատարանի որոշմամբ, ապա այժմ ոստիկանությունը, առանց դատարանի որոշման, իրավունք ունի 48 ժամով ձերբակալել անօրինական միգրանտներին, այնուհետեւ առանց դատարանի որոշման՝ արտաքսել երկրից։
Ա. ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
1 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ
ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունում գրանցված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցներն ինչպես օտարերկրյա, այնպես էլ ԵԱՏՄ ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք, այս դեպքում՝ Հայաստան, կարող են ժամանակավոր ներմուծել ոչ ավելի, քան 1 տարի ժամկետով։ Հայտնում են ՊԵԿ-ից: Այս դեպքում ներմուծման համար առաջանում է մաքսատուրքերի եւ հարկերի վճարման պարտավորության ապահովման պարտադիր պահանջ՝ դրամական միջոցներով.
Հայաստանի կամ ԵԱՏՄ անդամ այլ երկրների ֆիզիկական անձինք մաքսատուրքերի եւ հարկերի վճարման պարտավորությունը պետք է ապահովեն միշտ, իսկ օտարերկրյա անձինք՝ միայն այն դեպքում, երբ նախկինում Հայաստան ժամանակավոր ներմուծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցները դեռ չարտահանած՝ ներմուծում են երկրորդ եւ հաջորդ տրանսպորտային միջոցները։
ԿԲ-Ն ԶԳՈՆՈՒԹՅՈՒՆ Է ՀՈՐԴՈՐՈՒՄ
Կենտրոնական բանկը հորդորում է զգոն լինել ԱՊՊԱ պայմանագրեր կնքելիս, որպեսզի խուսափեք հնարավոր խարդախություններից: «Անհայտ անձինք ներկայանում են որպես ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչներ ու առաջարկում են հեռավար պայմանագրեր՝ առանց իրական ապահովագրության։ Խաբեբաները տրամադրում են կեղծ ԱՊՊԱ պայմանագրեր կամ պայմանագրեր՝ ավելի կարճ ժամկետով, քան խոստացված է։
Ինչպես պաշտպանվել.
Վստահեք միայն Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ապահովագրական ընկերություններին եւ գործակալներին։ Օգտվեք միայն պաշտոնական կայքերից ու հավելվածներից՝ ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար։ Օրինական առցանց ԱՊՊԱ պայմանագիր կարող եք կնքել aswa.am կայքի միջոցով»,- հայտնում են ԿԲ-ից։
ՎԱՌԵԼԻՔԻ ՏԱՆԿԵՐԸ ԺԱՄԱՆԵԼ ԵՆ
Վառելիքի առաջին 30 տանկերը ժամանել են Գազայի հատվածի կենտրոնական հատվածին էներգիա մատակարարող էլեկտրակայան։ Ռազմական առճակատման ողջ ընթացքում կայանը չի գործել, սակայն դրա հիմնական օբյեկտները լուրջ վնասներ չեն կրել եւ այն հնարավոր է շուտափույթ շահագործման հանձնել։ Գազայի հատվածի իշխանությունները շտապ վերանորոգում են էլեկտրահաղորդման գծերը՝ հուսալով, որ առաջիկա օրերին էլեկտրաէներգիա կտրամադրեն Պաղեստինյան անկլավի կենտրոնական մասում գտնվող Դեյր ալ-Բալահ եւ ալ Զավաիդա քաղաքներին։























