«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Լեւոն Լեւոնյանի հետ: Նա նշել է, որ մարտ-ապրիլ ամիսներից կգործարկվի նախագիծ, որով վարչական պատասխանատվության կենթարկվեն տրանսպորտի համար չվճարած քաղաքացիները: Լեւոն Լեւոնյանն անդրադարձել է նաեւ Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանի առաջարկին՝ Երեւանում տրանսպորտը դարձնել անվճար:
-Պարո՛ն Լեւոնյան, քաղաքացիներն ահազանգում են, որ վարորդները իջեցնում են այն ուղեւորներին, որոնք չեն վճարում տրանսպորտ բարձրանալիս եւ բոյկոտում են թանկացած սակագնի դեմ: Դեպքեր են լինում, երբ վարորդներն իրենք չեն վարում ավտոբուսները, իջնում են, եւ ունենում ենք իրավիճակ, որ իրենց իրավասությունների մեջ չմտնող հսկիչի դեր են կատարում: Քաղաքապետարանից նման հրահանգ կա՞ վարորդներին:
-Նախ տարանջատենք այս երկու ֆունկցիաներն իրարից. վարորդի ֆունկցիաներն այլ են, հսկիչի ֆունկցիաները՝ այլ: Վարորդի աշխատանքային պայմանագրի մեջ նաեւ ամրագրված կետ կա, որտեղ նշված է, որ վարորդը պետք է հետեւի եւ վերահսկի ուղեւորների կողմից պատշաճ եւ բնականոն վճարումների կատարումը: Այսինքն, եթե ուղեւորները չեն վճարում, ապա վարորդի աշխատանքի շրջանակում է դա վերահսկելը, կանխելը կամ միջամտելը. այս կետն առկա է աշխատանքային պայմանագրում: Իսկ հսկիչի ֆունկցիան արդեն այլ է. այն ընդհանուր հասարակական կարգի պահպանման համար է: Զանցանք տեսնելիս հսկիչը պետք է վարչական իրավախախտում կազմի:
-Պարո՛ն Լեւոնյան, հասկանալի է, որ վարորդի գործառույթների մեջ է մտնում նախազգուշացնելը, բայց դա չի նշանակում, որ նա պետք է իր գործառույթը չկատարի եւ երթուղին չվարի: Այսինքն՝ չպետք է իջնի մեքենայից եւ ասի՝ ես այլեւս չեմ վարում: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Դուք այդպես եք մեկնաբանում, սակայն կրկնում եմ՝ վարորդի աշխատանքային պարտավորությունների մեջ հստակորեն մտնում է ուղեւորների կողմից վճարումների ապահովումը կամ այդ վճարումների գործընթացը հսկելը: Եթե ուղեւորը չի վճարում, բոյկոտ է անում, վարորդը, քանի որ դա իր անմիջական պատասխանատվության ներքո է, որոշակի քայլեր է ձեռնարկում: Ես չեմ ասում, որ նա պետք է վարչական իրավախախտում, արձանագրություն կազմի:
-Բայց նա իրավունք չունի մեքենայից իջեցնելու ուղեւորին:
-Եթե տվյալ աշխատանքային կետով այդ թերացումն իր մոտ արձանագրվի, ապա հետագայում կարող է ծառայողական քննութուն բացվել, եւ վարորդը պատասխանատվության առաջ կանգնի:
-Պարո՛ն Լեւոնյան, հստակեցնենք. քաղաքապետարանից կա՞ հրահանգ վարորդներին, որ չշարունակեն երթուղին, մինչեւ քաղաքացիները չվճարեն:
-Նորից եմ կրկնում՝ դա հրահանգ չէ. վարորդ կա, որ այդ կերպ է այդ գործընթացն իրականացնում կամ այլ կերպ է մեկնաբանում, ամեն մեկը տարբեր ձեւով է դա անում: Մարդ կա, հակափաստում է, ասում է՝ քո բոյկոտն այլ տեղ իրականացրու, կամ ձեւը փոխիր եւ այլն: Նմանատիպ հրահանգ ուղիղ չի իջեցվել, դրանք աշխատանքային պայմանագրով ստանձնված պարտավորություններ են, որի մասին հայտարարել է նաեւ քաղաքապետը:
-Նախօրեին քաղաքապետն ասաց, որ բոլոր այն քաղաքացիները, որոնք բոյկոտում են, չեն վճարում նրանց նկատմամբ միջոցներ պետք է կիրառվեն: Այսինքն, ի՞նչ է սա նշանակում: Ի՞նչ միջոցների մասին է խոսքը: Հնարավո՞ր է, որ բոյկոտող քաղաքացիների հանդեպ վարչական միջոցներ կիրառվեն:
-Այս պահին որեւէ նորմատիվ իրավական ակտերով նմանատիպ խնդիրները չեն կարգավորվում: Միակ կետը, որն օրենքի մասով կարող է փակել այդ բացը կամ խնդիրը լուծել, հասարակական կարգի խանգարումն է: Այդ բոյկոտների ժամանակ պատահել են դեպքեր, երբ միջանձնային լարված փոխհարաբերություններ, վեճեր, թեժ զրույցներ, մինչեւ իսկ վիրավորանքներ են եղել, որոնք նման կերպով կարող են կանխվել: Այս պահին շրջանառվում է Երեւանի «ՏԻՄ-ի մասին» օրենքի նոր նախագիծը, որ գերատեսչություններում կարծիքի է ուղարկված, շուտով կներկայացվի օրենսդիր մարմնում, եւ Ազգային ժողովում օրենքը կընդունվի. արդեն նոր օրենքով տրանսպորտի համար նախատեսված գումարը չվճարելու դեպքերում կկազմվեն վարչական իրավախախտումներ:
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԻՆՉ ՈՒՆԵՑՎԱԾՔՈՎ ՊԵՏԸ ՀԵՌԱՑԱՎ
Ազատման դիմում գրած Արման Ցոլակյանը պետական աշխատանքային կարիերայում հասցրել է ձեռք բերել 1 ավտոտնակ։
Համաձայն նրա 2024 թվականի հաշվետու տարվա եկամուտների, անշարժ գույքի, ծախսերի եւ շահերի հայտարարագրի՝ ավտոտնակը Ցոլակյանը 2024 թվականին նվիրատվություն է ստացել հորից՝ Վարդգես Հովսեփի Ցոլակյանից, իսկ որպես անշարժ բնակելի գույք Ցոլակյանը շահագործում է Երեւանի բնակարանը, որը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում։
Բանկային հաշիվների մնացորդները կազմել են 401 ԱՄՆ դոլար եւ 636 հազար 400 դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները կազմել են 32 հազար ԱՄՆ դոլար, 6 հազար եվրո, 8 մլն դրամ։ Արման Ցոլակյանը 1996 թվականից մինչեւ վերջերս աշխատել է ներքին գործերի նախարարությունում տարբեր ուղղություններով։ 2010-2014 թվականներին եղել է ՀՀ ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման վարչության պետ, ապա 2014-2017 թվականներին՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ։
Դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, դատական կարգադրիչների ծառայության պետի պաշտոնից փետրվարի 17-ին սեփական դիմումի համաձայն հեռացած Ցոլակյանը 2024 թվականի ընթացքում ՀՀ ԲԴԽ աշխատակազմի դատական դեպարտամենտից ստացել է 8 մլն 755 հազար դրամ աշխատանքի վարձատրություն։ Նրա եկամուտները հաշվետու տարում կազմել են 11 մլն 134 հազար դրամ, որից 2 մլն 220 հազարը կենսաթոշակ է ներքին գործերի նախարարությունից, իսկ 159 հազար դրամը քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտ է Արդարադատության ակադեմիայից։
Արման Ցոլակյանը չի պատճառաբանել, թե որն է եղել ազատման պատճառը։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ























