ՄԵԾ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԿԻՐԱԿԱՆԱՑՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատության հրապարակում «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը նախաձեռնել է իրականացնել հանրահավաք: Այս մասին հայտարարել է շարժման համակարգող խորհուրդը:

 

Հայտարարության մեջ նշված է.  «Փետրվարի 20-ին լրանում է հայոց ինքնության վերելքի՝ Արցախյան ազգային-ազատագրական պայքարի 37 ամյակը։ 37 տարի առաջ միահամուռ ոտքի կանգնելով՝ մենք ոգեկոչեցինք Արցախի եւ Հայաստանի վերամիավորման, մեր տարածաշրջանում ազգային հզոր եւ խաղաղություն հարգող պետության ստեղծման կամքը, որից հետո կայացրինք առաջին Արցախյան պատերազմի հաղթանակը, Արցախի Հանրապետության հռչակումը՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի կայացումը, Ադրբեջանին պարտադրեցինք հրադադար։ Հաջողությունը երկնուստ մերն էր, բայց շեղվեցինք այդ կամքից, որի հետեւանքը 2020թ. պատերազմի դառը պարտությունն էր, ՀՀ սահմանների փոփոխությունը, 2023թ. Ադրբեջանի ցեղասպանական գործողությունը, որի հետեւանքը Արցախի հայաթափումն էր։ Կորուստը ջախջախիչ չէ եւ հաղթահարելու միակ ճանապարհը փետրվարի 20-ին նոր համախմբումն է, նոր հաղթանակների կանխորոշումը»:

Սպասվող հանրահավաքի վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է «Դեմոկրատական կուսակցության» ղեկավար, «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող Արամ Սարգսյանի հետ:

Քաղաքական գործիչը ArmLur.am-ի հետ զրույցում նշել է, որ իրենք հանրահավաքին մասնակցելու հրավեր են ուղարկել բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերին, եւ նրանց մի մասը արդեն հաստատել են իրենց մասնակցությունը Ազատության հրապարակի հանրահավաքին. հրապարակում նաեւ ներկա են լինելու արցախահայության ներկայացուցիչները։ Սարգսյանը հատկապես կարեւորել է նրանց մասնակցությունը՝ օրվա խորհրդով պայմանավորված: Նա նշեց, որ հանրահավաքում անպայման քննարկվելու են Արցախյան հիմնահարցի վերաբերյալ շատ հարցեր, մասնավորապես Հանրահավաքի անունից դիմելու են Մինսկի խմբի եռանախագահներին:

Ըստ ArmLur.am-ի զրուցակցի՝ այսօր հնարավորություն է ստեղծվում վերականգնել Մինսկի խմբի համանախագահության ֆորմատը՝ հաշվի առնելով Թրամփի եւ Պուտինի միջեւ արդեն սկսված երկխոսությունը: Ըստ Սարգսյանի՝ «Մինսկի խմբի գործունեությունը մեզ համար կարեւորագույն գործոն է»:

Հանրահավաքի կազմակերպիչները նաեւ պահանջելու են «չեղարկել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ Արցախը Ադրբեջանի մաս է»: Հանրահավաքի ընթացքում կքննարկեն նաեւ Արամ Սարգսյանի գնահատմամբ սոցիալական եւ տնտեսակասն բարդագույն խնդիրները, որ հիմա առաջացել են Հայաստանում:

«Դեմոկրատական կուսակցության» ղեկավարը տեղեկացրել է նաեւ, որ հանրահավաքին մասնակցություն կունենա «Սրբազան շարժման» հիմնադիր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, ով աղոթքով կսկսի հանրահավաքը եւ կունենա ելույթ:

Ըստ Արամ Սարգսյանի՝ իրենք պայքարող կառույց են, «շախմատում մեկ քայլանոց մատ չի լինում», եւ իրենք պետք է շարունակեն՝ մինչեւ հասնեն իրենց առջեւ դրված նպատակներին: Սարգսյանի դիտարկմամբ այսօր ժողովուրդը քաղաքական առաջնորդների կարիք ունի։

«Առաջնորդներ ունենալու պարագայում կարող ենք նորից համախմբվել, ուստի մենք այս առաջարկը անում ենք բոլորին՝ միասին լուծելու այս հարցը»,- նշել է Սարգսյանը եւ կարեւորել, որ իշխանափոխությունը լինի լեգիտիմ ճանապարհով։ «Եթե մենք հասնում ենք մեր նպատակին, ապա նոր ձեւավորվող իշխանությունը պետք է լինի լեգիտիմ», – շեշտել է նա:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին Ազատության հրապարակում հանրահավաք էր նախաձեռնել նաեւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

Արամ Սարգսյանին հարցրինք նաեւ, թե հնարավո՞ր է՝ միասնական հանդես գան, ինչին նա պատասխանեց. «Բոլոր ընդդիմադիր ուժերը, որոնք համարում են, որ այսօրվա կարեւոր հարցը այս իշխանությունից օր առաջ ազատվելն է, կարող են իրենց լուման ունենալ այս պայքարի մեջ: Մենք որեւէ մեկին չենք կարող մերժել»։ Սակայն Հայրիկյանը քիչ հավանական համարեց, որ Հայրիկյանի հետ միասնական հարթակից հանդես գան: Հանրահավաքին ներկա կլինեն նաեւ բոլոր խորհրդարանական ընդդիմադիր ուժերը:

ԱՐՄԵՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ

 




Լրահոս