
Երեկ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Գյումրի համայնքի նախկին ղեկավարը, Սեւ Բերդ ամրոցի շենքը եւ 0.79 հա հողատարածքը ձեռք բերելուց հետո, նպատակադրվել է պետական սեփականություն հանդիսացող ամրոցի շրջակա տարածքները դարձնել իր ընտանիքի սեփականությունը: ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ խոսքը Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի մասին է։ Իսկ ինչո՞ւ է հիմա իրավապահ համակարգը հիշել Սամվել Բալասանյանին։ Հիշեցնենք, թե ինչ տեղի ունեցավ Գյումրիում։
ArmLur.am-ը նախկինում գրել էր, որ 2023 թվականին «Քաղաքացիական պայմանագիր»-ը միակողմանիորեն խզեց «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցության հետ երկու տարի առաջ ստորագրած համագործակցության մասին հուշագիրը, որից հետո Սամվել Բալասանյանի որդուն տարան կալանքի։ Իսկ հիմա էլ նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի քրեական գործերն են հիշել։ Թե ինչ միտում ունեն քաղաքական իշխանությունները, Գյումրու ընտրությունների շեմին Բալասանյանների նկատմամբ քրեական գործեր հարուցելով, ցույց կտա ժամանակը։
Նշենք, որ Սամվել Բալասանյանը ներկայումս ԱՄՆ-ում է եւ ունի լուրջ առողջական խնդիրներ։
Հավելենք, որ ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է. «Համայնքի նախկին ղեկավարը 20,28 հա հողամասը տարանջատել է 2 առանձին միավորների եւ տրամադրել 2 նոր՝ 19,28 հա մակերեսով Ղարսի խճուղի 2/7 եւ 1 հա մակերեսով Ղարսի խճուղի 2/8 հասցեներ, որոնց նկատմամբ գրանցվել է Պաշտպանության նախարարության անհատույց օգտագործման իրավունքը, տրվել իրավունքի վկայականներ, որոնցում այդ հողերի նպատակային նշանակությունը նշվել է բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման՝ այն դեպքում, երբ Կառավարության որոշմամբ դրանցում ընդգրկված 4 հա հողատարածքը հանդիսացել է հատուկ պահպանվող տարածքների հող:
2015 թվականի փետրվարի 9-ին Գյումրի քաղաքի 1 հա մակերեսով պատմության եւ մշակութային արժեք ներկայացնող հատուկ պահպանվող տարածքի հողը Պաշտպանության նախարարության կողմից ուղղակի վաճառքով՝ 13 մլն ՀՀ դրամով ապօրինի օտարվել է համայնքի նախկին ղեկավարի որդուն պատկանող ընկերության աշխատակից եւ մեկ այլ ընկերության գործադիր մարմնի ղեկավար Ս.Ջ.-ին:
Այնուհետեւ, համայնքի նախկին ղեկավարի տեղակալի կողմից տրված կեղծ տեղեկանքի հիման վրա նշված գույքի նկատմամբ գրանցվել է իր հետ փոխկապակցված անձի սեփականության իրավունքը, ինչով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետեւանքներ: Ավելին, ապօրինի կերպով տարանջատված եւ օտարված հատուկ պահպանվող տարածքների հողի վրա հետագայում իրականացվել են կառուցապատման աշխատանքներ, որի հետեւանքով հատուկ պահպանվող տարածքների հողը փաստացի դադարել է գոյություն ունենալուց, իսկ պետությունը զրկվել է այն տնօրինելու հնարավորությունից:
Գյումրի համայնքի նախկին ղեկավարի որդին մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ 1 հա մակերեսով հողի իրական բնույթը, դրա ծագման աղբյուրը թաքցնելու եւ խեղաթյուրելու, ինչպես նաեւ հիշյալ գույքը լեգիտիմացնելու նպատակով Ս.Ջ.-ի հետ կնքել է հողամասի առուվաճառքի պայմանագիր՝ դրանում անշարժ գույքի օտարման գինը նշելով 4 մլն 900 հզր ՀՀ դրամ: Հանցավոր ճանապարհով ստացված անշարժ գույքը Ս.Ջ.-ի կողմից փոխանցվել է համայնքի ղեկավարի որդուն, որի արդյունքում գրանցվել է վերջինիս սեփականության իրավունքը եւ տրվել իրավունքի պետական գրանցման վկայական: Բացի այդ, Գյումրի համայնքի նախկին ղեկավարը նպատակադրվել է Սեւ Բերդ ամրոցի հարակից հողատարածքի մի հատվածը եւս դարձնել իր ընտանիքի սեփականությունը:
Արդյունքում, Ղարսի խճուղի 2/7 հասցեում գտնվող հողատարածքի նկատմամբ դադարեցվել է պաշտպանության նախարարության անհատույց օգտագործման իրավունքը, այն հետ է վերցվել նախարարությունից եւ նշված հասցեում գտնվող 19,28 հա հողի նկատմամբ գրանցվել է Գյումրի համայնքի սեփականության իրավունքը:
Այնուհետեւ, համայնքի նախկին ղեկավարը նշված տարածքը բաժանել է 4 առանձին միավորների եւ Ղարսի խճուղի 2/9 հասցեում գտնվող հատուկ պահպանվող տարածքների 1,17236 հա մակերեսով հողը ձեւական աճուրդի միջոցով՝ 15 մլն 387 հզր 750 հզր ՀՀ դրամով օտարել է Ս.Մ.-ին, որից հետո համայնքի նախկին ղեկավարի որդին՝ հոր եւ Ս.Մ.-ի հետ նախնական համաձայնությամբ, հիշյալ հողի իրական բնույթը թաքցնելու նպատակով Ս.Մ.-ի հետ կնքել է հողամասի առուվաճառքի պայմանագիր՝ դրանում անշարժ գույքի օտարման գինը նշելով 16 մլն ՀՀ դրամ: Համայնքի նախկին ղեկավարի որդու (2 դրվագ), Ս.Ջ.-ի եւ Ս.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացումը), համայնքի նախկին ղեկավարի տեղակալի նկատմամբ՝ 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) եւ 46-441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն օժանդակելը): Համայնքի նախկին ղեկավարի որդու եւ Ս.Ջ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, Ս.Մ.-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, իսկ համայնքի նախկին ղեկավարի տեղակալի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Վերջիններիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու եւ ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գյումրի համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը) (2 դրվագ) եւ 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (փողերի լվացումը) (2 դրվագ): Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը եւ հայտարարվել է հետախուզում»,- նշված է հաղորդագրության մեջ։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԹՈՐՈՍՅԱՆԻ ԱՐՏԱՀԱՆՁՆՄԱՆ ԳՈՐԾԸ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2025 թվականի փետրվարի 18-ին հայտարարություն էր տարածել, ի թիվս այլնի՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է արտահանձնել ազգությամբ հայ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Էմիլ Թորոսյանին. «Նախորդ շաբաթ քաղաքացին դիմել էր Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն՝ ապաստան հայցելու խնդրանքով։
ՀՀ դատախազությունը, չսպասելով Միգրացիոն ծառայություն դիմումի հասնելուն եւ դրա վերաբերյալ վարույթի հարուցմանը, որոշում է կայացրել արտահանձնել Է. Թորոսյանին, ինչը կհանգեցնի նրա՝ Մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված իրավունքների կոպտագույն խախտմանը»:
Ի պատասխան այս հրապարակման՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հայտարարում է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Էմիլ Թորոսյանը Հայաստանի Հանրապետությունում ապաստան կամ փախստականի կարգավիճակ հայցելու նպատակով ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն (այսուհետ՝ ՆԳՆ ՄՔԾ) դիմելու իրավունքի մասին պատշաճ, իր համար հասկանալի լեզվով ծանուցվել է դեռեւս 2023 թվականի մայիսի 21-ին, սակայն չի օգտվել այդ իրավունքից եւ սահմանված ժամկետում նման դիմում չի ներկայացրել համապատասխան լիազոր մարմին։ 2024 թվականի հունիսի 20-ին Էմիլ Թորոսյանը ձերբակալվել է ՀՀ իրավասու մարմինների կողմից, իսկ 2024 թվականի հուլիսի 12-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնման թույլտվության մասին որոշում է կայացվել։ Վերոնշյալ որոշումը տրամադրվել է ինչպես Էմիլ Թորոսյանին՝ նրա համար հասկանալի լեզվով, այնպես էլ նրա պաշտպանին։ Հանձնման թույլտվության մասին որոշման դեմ 2024 թվականի հուլիսի 22-ին Էմիլ Թորոսյանի պաշտպանի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք՝ Էմիլ Թորոսյանի՝ ՀՀ քաղաքացի հանդիսանալու հիմքով, որը 2024 թվականի օգոստոսի 7-ին Վերաքննիչ քրեական դատարանի կողմից մերժվել է: Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ ներկայացվել է հատուկ վերանայման վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի 2025 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ մերժվել է։