
Իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին բավականին հանգիստ է։ Այս պահին միջադեպեր չկան:
Այս մասին ասել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։ Միեւնույն ժամանակ Ռիտերը նշել է, որ երկու կողմերն էլ ամրապնդում են իրենց դիրքերը:
«Այսպիսով, երկու կողմերն էլ շարունակում են պատրաստվել ավելի վատ զարգացման, դա ակնհայտ է: Բայց մենք այս պահին լարվածություն չենք տեսնում, եւ սա ամսից ի վեր է, ուստի մենք բավականին վստահ ենք, որ տարածաշրջանը լավ ուղու վրա է: Եվ մենք միշտ ասում ենք՝ նախապատրաստված եղիր վատագույնին, բայց պատրաստ եղիր լավագույնին: Այսպիսով, մեզ թվում է, որ երկու կողմերն էլ հետեւում են այս խորհրդին»,- ասել է Ռիտերը:
Առաքելության ղեկավարի խոսքով՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային միջադեպերի զգալիորեն նվազմանը նպաստել է ոչ միայն դիտորդների ներկայությունը սահմանին, այլեւ՝ քաղաքական միջավայրը։
«Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բանակցություններն են, որոնք օգնում են միջադեպերի նվազմանը։ Վստահ եմ, որ մեր ներկայությամբ մենք աջակցում ենք այս ընդհանուր գործընթացին»,- ասել է Ռիտերը:
Անդրադառնալով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ Ադրբեջանի դժգոհություններին, Մարկուս Ռիտերը նշել է, որ իրենք բացահայտ պարեկություն են իրականացնում սահմանի եւ հսկողության գծի երկայնքով։ Երբ հայտնվում են սահմանի ինչ-որ տեղում, միշտ մնում են այնպիսի դիրքում, որ երկու կողմերն էլ տեսնեն։ Ամեն բան շատ, շատ բաց եւ թափանցիկ է, եւ առաքելությունը ոչ մի հետախուզական աշխատանք չի կատարում: Իսկ թե ինչու է դժգոհում Ադրբեջանը, Ռիտերը հորդորում է հենց Բաքվից հարցնել։ «Ամեն ինչ տեսանելի է, թե ինչ ենք անում: Մենք հետեւում ենք, թե ինչ է կատարվում սահմանին։ Դա նշանակում է, որ մենք ոչ միայն նայում ենք, թե ինչ է անում ադրբեջանական կողմը, մենք նաեւ հետեւում ենք, թե ինչ է անում հայկական կողմը, քանի որ Բրյուսելը ցանկանում է իմանալ մեզնից՝ ինչպես է իրավիճակը սահմանին:
Նույնիսկ այն պարեկություններին, որոնց մենք գնում ենք ուղեկցորդներով, մեկ շաբաթ առաջ հատուկ ներկայացուցչի գրասենյակի միջոցով ծանուցում ենք Բաքվին»,- ընդգծել է Ռիտերը:
Հիշեցնենք, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին որոշումն ընդունվել էր դեռեւս 2022 թվականի հոկտեմբերին, որի համաձայն՝ Հայաստան է ուղարկվել 40 հոգանոց դիտորդական առաքելություն, որը տեղակայվել է հայ-ադրբեջանական սահմանին։ Որպես առաքելության նպատակ՝ նախանշվել է իրավիճակի մոնիթորինգը, դրա վերաբերյալ հաշվետվությունն ու վերլուծությունը։ Եվրամիության այս որոշումը հաջորդել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ հոկտեմբերի 6-ին կայացած քառակողմ հանդիպմանը։ Այսպիսով՝ պետք է նշել, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն առաջին հերթին ադրբեջանական ագրեսիվ քայլերը զսպելու եւ տեղում իրավիճակը ճշմարիտ գնահատելու առումով բավական լուրջ եւ դրական ազդեցություն ունի: Սա, իհարկե, Բաքվի շահերից չի բխում։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ՄՐՑՈՒՅԹԻՆ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՑԵԼ
2024 թ. մարտի 28-ի որոշմամբ նույն տարվա հուլիսին կայացել է Դիլիջան քաղաքի Ուսանողական 70 հասցեում գործող «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի եւ Դիլիջան քաղաքի Ուսանողական 74 հասցեում գործող «Դիլիջանի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի միավորումը։ Միավորված քոլեջը կոչվում է Դիլիջանի պետական բազմագործառութային քոլեջ: Կառավարության որոշման մեջ, որպես միավորման, հիմնավորում նշվել է` ելնելով Դիլիջան քաղաքում սովորողների թվաքանակի նվազեցման միտումից եւ ուսումնական հաստատություններին ամրացված տարածքների օպտիմալ օգտագործման պահանջից: Դիլիջանի բազմագործառութային քոլեջն ունի 418 ուսանող, որոնց մոտ կեսը բժշկական գործ է ուսանում։ Դիլիջանի քոլեջների միավորումից հետո քոլեջի աշխատակիցների կրճատումներ չեն եղել, տնօրինությունը աշխատել է, բոլորին, թեկուզ կես դրույքով, որոշակի քանակի դասաժամերով ապահովել։ Դիլիջանի բազմագործառութային քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատր է նշանակվել նախկինում Դիլիջանի պետական քոլեջի տնօրեն Վահագն Հովհաննիսյանը։ Մոտ մեկ ամիս առաջ կայացել էԴիլիջանի բազմագործառութային քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ։ Այդ քոլեջի կառավարման խորհրդի նախագահը Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանն է։ Մրցույթին Դիլիջանի բազմագործառութային քոլեջի տնօրենի միակ հավակնորդը եղել է Վահագն Հովհաննիսյանը։ Մրցույթը չի կայացել, քանի որ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչը չի ներկայացել։ Նախարարությունից հայտնել են, որ նա այդ օրը այլ հրատապ գործ ուներ։ Մարտի 4-ին տեղի կունենա նույն մրցույթը, դրան ԿԳՄՍ ներկայացուցիչը կներկայանա՞։ Եթե նախարարության ներկայացուցիչն այդ անգամ էլ չներկայանա, ուրեմն ԿԳՄՍ նախարարությունը դեմ է բազմագործառութային քոլեջի տնօրենի պաշտոնում Վահագն Հովհաննիսյանի թեկնածությանը։
«ԱՆՎՏԱՆԳ» ԿԻՐԱՆՑՈՒՄ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ԹԻՎԸ ՆՎԱԶԵԼ Է
2024թ. սեպտեմբերի 2-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրանցի հիմնական դպրոցի նորաբաց շենքում հայտարարել է. «Ես ուզում եմ պատասխանատու կերպով ասել, որ Հայաստանի անկախության պատմության մեջ երբեք Կիրանցում դպրոց գնալն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր, երբեք Կիրանցում ապրելն ավելի անվտանգ չի եղել, քան այսօր: Եվ սա շատ կարեւոր արձանագրում է»: Սակայն Կիրանցի բնակիչներն այդպես չեն մտածում. նրանց մի մասն իրենց երեխաներին հարեւան գյուղերի դպրոցներ է ուղարկում։ Կիրանցի հիմնական դպրոցը 2023-2024 ուսումնական տարում ուներ 42 աշակերտ, իսկ այս ուսումնական տարում ունի 34 աշակերտ։ Կիրանցի դպրոցի նոր շենքը Ադրբեջանի հետ սահման համարվող մեծ պատից մոտ 30-40մետր հեռավորությամբ է գտնվում։ Նախկինում հայտարարում էին, որ Կիրանցի դպրոցի նոր շենքը գործարկելուց հետո միջնակարգի կարգավիճակ է ստանալու, սակայն այդպես չեղավ։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ