
«Հայաստանի արտոնագրված թարգմանիչների միություն» հասարակական կազմակերպությունը հրավիրել է ընդհանուր ժողով, որի ժամանակ քննարկվել են նոտարական թարգմանությունների հետ կապված մի շարք հարցեր։ Շատ հաճախ նոտարական գործողություններին մասնակցող թարգմանիչները բախվում են բազմաթիվ խնդիրների՝ մասնավորապես իրավական և լեզվական թարգմանչական ճշգրտումների հետ կապված։ Մյուս խնդիրը վերաբերում է անբարեխիղճ մրցակցության կանոններին։ Թարգմանիչները իրենք են որոշում, թե որքան գումար վերցնեն իրենց մատուցած ծառայությունների համար։ Քաղաքացիները տարակուսում են, թե ինչու մեկ փաստաթուղթ թարգմանելը մի տեղ անում են այլ գնով, իսկ այլ տեղում՝ դրանից էժան կամ թանկ։ Այս անբարեխիղճ մրցակցությունը մեծապես վնասում է որակյալ աշխատանք կատարող թարգմանիչներին։
Ընդհանուր ժողովի ժամանակ արտոնագրված թարգմանիչները որոշում են կայացրել մշակել ընդհանուր վարքագծի կանոններ թարգմանչական գործ անող սուբյեկտների համար, մշակել և հաստատել համագործակցության ռազմավարություն նոտարական պալատի, փաստաբանական պալատի, Արդարադատության նախարարության և շահագրգիռ մարմինների հետ։ Նախատեսվում է Լեզվի տեսչության հետ կազմել որոշակի տարակարծությունների տեղիք տվող անվանումների և այլ բառերի միասնական կիրառման կանոններ։ ՀԿ-ն կկազմակերպի տարաբնույթ սեմինարներ և թրեյնինգներ նոտարական թարգմանիչների համար և ինտենսիվ կզբաղվի թարգմանիչների իրավունքների պաշտպանության հարցերով։
Ընդհանուր ժողովի նիստով դադարեցվել կազմակերպության գործող նախագահ Սարգիս Ամիրխանյանի լիազորությունները և նոր նախագահ է ընտրվել իրավաբան Տաթև Ավագյանը։