ՀՊՃՀ-ՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ԿՈԱԼԻՑԻԱՅՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տվյալներով` ՀՊՃՀ տնտեսության կարգավորման եւ միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան Ատոմ Մարգարյանը եւ նույն ֆակուլտետի բնօգտագործման ամբիոնի վարիչ Սուրիկ Գեւորգյանը վերջին շրջանում խիստ լարված են միմյանց հանդեպ: Ասում են` բանն ընդհուպ այնտեղ է հասել, որ Սուրիկ Գեւորգյանը լսարանում` ուսանողների ներկայությամբ, բավական կոպիտ է արտահայտվել դեկանի մասին:
Նշենք, որ դեկան Ատոմ Մարգարյանը նույն այն Ատոմ Մարգարյանն է, որը երկար տարիներ վարում էր «Ազատություն» ռադիոկայանի տնտեսական բաժինը, իսկ Սուրիկ Գեւորգյանին կապում են «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ նախապատրաստող նախկին միջգերատեսչական հանձնաժողովի անդամ, ներկայումս Սերժ Սարգսյանի օգնական Ավետիս Բերբերյանի հետ` որպես նրա եւ առհասարակ որոշ հանրապետականների հովանավորյալ: Սա, ինչպես վկայում են բուհի մեր աղբյուրները, զուտ ֆակուլտետային երեւույթ է եւ ունի որոշակի նախապատմություն. Սուրիկ Գեւորգյանը դեկանի մրցույթում պաշտպանել է Ատոմ Մարգարյանի հիմնական մրցակից, անցած տարվա ընդունելության քննությունների ընդունող հանձնաժողովի քարտուղար Միքայել Թավադյանին: Մրցույթը բավականին կոշտ է եղել, եւ ձայների մի փոքր առավելությամբ անցել է Ատոմ Մարգարյանը:
 Վերջինս չբացառեց, որ որպես դեկան` հնարավոր է` շատ շատերին «մրսացնի» իր սկզբունքներով եւ ծրագրերով, եւ բնական համարեց, որ «տարբեր մարդիկ տարբեր ձեւով արձագանքեն»: Ֆակուլտետի դեկանը չի կարծում, որ իր եւ Սուրիկ Գեւորգյանի միջեւ առկա է կոնֆլիկտ, սակայն չթաքցրեց, որ որոշակի աշխատանքային լարվածություն կա: «Իսկ թե էդ մարդն ինչպես է խոսում, ինչպես է արտահայտվում, իր պրոբլեմն է, բավական է` ես մի հատ ապացուցելի փաստ ունենամ, անկախ նրանից, թե ով է` կվարվեմ նրա հետ, ինչպես օրենքը եւ կարգն է պահանջում»,-ասաց Ատոմ Մարգարյանը:  
Սուրիկ Գեւորգյանը դեկան-ամբիոնի վարիչ կոնֆլիկտի մասին լուրերը որակեց փողոցային խոսակցություններ եւ սուտ` խորհուրդ տալով դրանք թերթի էջեր չտեղափոխել: Ասաց, որ բարձր է գնահատում Ատոմ Մարգարյանին` որպես դեկան, մեր զանգից կես ժամ առաջ էլ նրա հետ խնդիրներ է քննարկել: Ամեն դեպքում, երբ պարոն Գեւորգյանին հայտնեցինք, թե դեկանը չի թաքցնում, որ առկա է որոշակի աշխատանքային լարվածություն, նա էլ ընդունեց. «Աշխատանքային խնդիրներ կան, որոնց քննարկման հետ կապված` կարող են տարբեր ընկալումներ լինել, իսկ թե ես ում եմ պաշտպանել, ինչ եմ արել, դա Ձեզ չի վերաբերում»:
Որպես լրագրողը նախկին լրագրողին` պարոն Մարգարյանին հարցրինք նաեւ` ֆակուլտետն ընդունելիս ի՞նչ ժառանգություն է ստացել, եւ կա՞ բուհական այն կաշառակերությունը, որի մասին անգամ ամերիկյան դիվանագետներն են նշում իրենց գաղտնի հաղորդագրություններում: Ատոմ Մարգարյանն ասաց, որ այդպիսի փաստերի դեռ չի հանդիպել:

ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս