ԱՄՆ-ն հրաժարվում է համահովանավորել ՄԱԿ-ի՝ Ուկրաինային սատարող բանաձևի նախագիծը. Reuters

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ն հրաժարվում է համահովանավորել ՄԱԿ-ի բանաձևի նախագիծը Մոսկվայի կողմից Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելու երրորդ տարելիցի կապակցությամբ։ Բանաձևը պաշտպանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և կրկին Ռուսաստանից պահանջում դուրս բերել իր զորքերն այդ երկրից։ Այս մասին Reuters-ին հայտնել են դիվանագիտական ​ աղբյուրները։

Վաշինգտոնը նաև դեմ է արտահայտվել Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունների երրորդ տարելիցի կապակցությամբ Մեծ յոթնյակի երկրների (G7) հայտարարության մեջ «ռուսական ագրեսիա» արտահայտության օգտագործմանը։

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան, որը բաղկացած է 193 անդամից, պետք է բանաձևի շուրջ քվեարկի փետրվարի 24-ին։ Երկրները կարող են մինչև քվեարկությունը համահովանավորել բանաձևը։ Դիվանագիտական աղբյուրները նաև հայտնել են, որ բանաձևը հովանավորվում է ավելի քան 50 երկրի կողմից։ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևերը պարտադիր չեն կատարման համար, բայց ունեն քաղաքական կշիռ՝ արտացոլելով պատերազմի վերաբերյալ գլոբալ տեսակետը:

Հատկանշական է, որ նախորդ տարիներին Միացյալ Նահանգները հետևողականորեն համահովանավորել է նման բանաձևեր՝ ի պաշտպանություն Ուկրաինայում արդար խաղաղության։ Առայժմ պարզ չէ, թե այս տարի ինչպես ԱՄՆ-ն կմոտենա այդ հարցին։

Reuters-ը շեշտում է, որ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև խորացող տարաձայնությունների ֆոնին ԱՄՆ-ն հրաժարվում է օգտագործել այն «լեզուն», որը կանոնավոր կերպով օգտագործվում էր ՄԱԿ-ի և G7-ի կողմից 2022 թվականի փետրվարից ի վեր։

The New York Times-ի աղբյուրներն իրենց հերթին հայտնել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել, որ G7-ն ավելի հակիրճ հայտարարությամբ հանդես գա։

«Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները նշել են, որ իրենք ցանկանում են ինչ-որ այլ բան և ավելի հակիրճ, քան նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք արված հայտարարությունը, որպեսզի այն չխոչընդոտի կամ չարգելափակի Ռուսաստանի հետ ընթացող բանակցությունները», – գրում է պարբերականը։

2022 թ․ փետրվարի 21-ին Ռուսաստանը ճանաչել է Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետությունները, իսկ փետրվարի 24-ին ռուսական զորքերը ռազմական գործողություններ են սկսել Ուկրաինայի տարածքում։




Լրահոս