Սիրիային ավելի քան կես դար կպահանջվի տնտեսության վերականգնման համար․ ՄԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիրիայում տասնչորս տարվա հակամարտության պատճառով տասնամյակներ կպահանջվեն տնտեսական, սոցիալական և զարգացման առաջընթաց գրանցելու համար: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) զեկույցում։

Փաստաթղթի համաձայն՝ այսօր 10 սիրիացիներից ինը ապրում է աղքատության մեջ, իսկ յուրաքանչյուր չորրորդն անգործ է:

Զեկույցը նախազգուշացնում է, որ աճի ներկայիս տեմպերով տնտեսությունը չի վերականգնի ՀՆԱ-ի մինչկոնֆլիկտային մակարդակը մինչև 2080 թվականը (կամ առաջիկա 55 տարվա ընթացքում):

2010 թվականին Սիրիայի ՀՆԱ-ն կազմել է 62 միլիարդ դոլար, սակայն կրճատվել է ավելի քան կիսով չափ։ 2011-2024 թվականների ընթացքում կորցրած ՀՆԱ-ի գնահատված կորուստը կազմում է մոտ 800 միլիարդ ԱՄՆ դոլար:

Վերջին հինգ տարիների ընթացքում ՀՆԱ-ի միջին աճը կազմել է տարեկան 1,3 տոկոս։

«Եթե ​​այսպես շարունակվի, ապա 55 տարի կպահանջվի ՀՆԱ-ի մինչկոնֆլիկտային մակարդակը վերականգնելու համար», – նշված է զեկույցում:

Ավելի քան 7,2 միլիոն մարդ տեղահանված է Սիրիայի ներսում, ևս 6 միլիոն մարդ ապրում է արտասահմանում որպես փախստական: Բոլորը միասին կազմում են բնակչության կեսից ավելին։

Գրանցվել է աղքատության ահռելի աճ․ մինչ հակամարտությունը աղքատությունը կազմել է 33 տոկոս, իսկ այժմ այն եռապատկվել է՝ հասնելով մինչև 90 տոկոսի: Ծայրահեղ աղքատությունը 11 տոկոսից հասել է 66 տոկոսի:

«Բացի անհապաղ մարդասիրական օգնությունից, Սիրիայի վերականգնման համար անհրաժեշտ են երկարաժամկետ ներդրումներ՝ ժողովրդի համար տնտեսական և սոցիալական կայունություն ստեղծելու համար», – ասել է ՄԱԶԾ ադմինիստրատոր Ախիմ Շտայները:

«2010-ին 5,5 միլիոն տներից 328 000-ն ամբողջությամբ ավերվել է, յուրաքանչյուր երեք տներից մեկն ավերվել կամ վնասվել է, ինչը նշանակում է, որ մենք ունենք 5,7 միլիոն մարդ, որոնք ապաստանով աջակցության կարիք ունեն», – տեղեկացրել է ՄԱԶԾ-ի ադմինիստրատորի օգնական և Արաբական երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Աբդալլահ ալ-Դարդարին:

Համաձայն ՄԱԶԾ-ի՝ առաջընթացի ճանապարհը պահանջում է համապարփակ ռազմավարություն՝ ուղղված կառավարման բարեփոխումներին, տնտեսական կայունացմանը, ենթակառուցվածքների վերակառուցմանը և սոցիալական ծառայությունների ուժեղացմանը:

Սիրիայում պատերազմը բռնկվել է 2011 թվականի մարտին նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ ​​բողոքի ցույցերից հետո։ 2024 թվականի դեկտեմբերին ալ-Ասադը հեռացել է իշխանությունից:

ՄԱԶԾ-ի տվյալներով՝ պատերազմը խլել է մոտ 618 000 կյանք՝ դառնալով նորագույն պատմության ամենամահաբեր հակամարտություններից մեկը: Մինչ այժմ մոտ 113 000 մարդու ճակատագիրն անհայտ է մնացել։




Լրահոս