Armenian text to speach

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՀԱՋՈՂԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Նախօրեին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական իր էջում տեսաուղերձով հանդես եկավ։ Այս թեմայի վերաբերյալ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ազգային Ժողովի  պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ։

 

-Պարո՛ն Աբրահամյան, Նիկոլ Փաշինյանը ուղերձով հանդես եկավ եւ խոսեց իր թեզերի մասին։ Ըստ էության, հիմնական գաղափարն այն էր, որ Հայաստանում պետք է հանրաքվե անցկացվի՝ նոր սահմանադրության վերաբերյալ։ Դուք ի՞նչ կասեք։ Ի՞նչ հասկացաք Փաշինյանի ուղերձից։

-Երկար տեսաուղերձը մեկ բանի մասին էր, որ սահմանադրությունը պետք է փոփոխել, բայց, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի կողմից պահանջ է եղել Հայաստանի Հանրապետությանը` որպես նախապայման, իսկ Հայաստանի իշխանությունն ամեն գնով փորձում է ցույց տալ, որ առաջարկված փոփոխությունները որեւէ ձեւով կապ չունեն ադրբեջանական նախապայմանների հետ, անընդհատ փորձում է դրա շուրջ փաթեթավորում ձեւավորել, որպեսզի մարդկանց ներկայացնի, թե սահմանադրության փոփոխումը Հայաստանի շահերից է բխում, հանրային պահանջ է, ինչը որեւէ ձեւով չի համապատասխանում իրականությանը։ Այս ընթացքում իշխանությունը տարբեր ձեւերով եւ ձեւակերպումներով փորձել է սահմանադրության  փոփոխության իր նախաձեռնությունը ներկայացնել, բայց որեւէ կերպ դա  չի ստացվում։

Կարծում եմ՝ սա վերջին ճիգերից մեկն է եղել այս իշխանության համար՝ նման սոուսի ներքո ներկայացնել ու ցույց տալ, թե փոփոխման անհրաժեշտությունը կա։ Բայց չեմ կարծում, որ հասարակության համար դա ինչ-որ էական բան փոխեց։

-Ըստ էության, վերջնական պատասխան սրան հանրությո՞ւնը կտա՝ միանալով կամ չմիանալով, եւ ի՞նչ եք կարծում, կհաջողվի՞ իշխանությանը համոզել ժողովրդին։

-Եթե իշխանությունը իր գործողությունների վրա վստահ լիներ, ապա սահմանադրական փոփոխությունները շատ ավելի վաղուց արված կլինեին։ Այն, որ անընդհատ ձգվում է այս գործընթացը, ու այն հանգամանքը, որ իշխանությունը պարբերաբար փոխում եւ փորձում է տարբեր ձեւակերպումների  եւ պատճառաբանության ներքո ներկայացնել սա, փաստում է, որ իշխանությունն ունի սոցիոլոգիական հարցումներ, եւ դրանց արդյունքում, բնականաբար, այս պահին չի գնում  փոփոխությանը՝ իմանալով, որ հանրության նկատմամբ բացասական վերաբերմունք կա դրա հանդեպ։ Իշխանությունը սա ինչ-որ փուլում կտանի, թե ոչ, կախված է իրավիճակից, քանզի միշտ չէ, որ իշխանությունը հայտնում է մի նախաձեռնության մասին, որը, ըստ իրեն, ունի Հայաստանի համար կարեւոր նշանակություն, եւ մեկ անգամ չէ, որ դրանք տապալվել են կամ մինչեւ վերջ կյանքի չեն կոչվել։ Համենայնդեպս սա նաեւ մեր խնդիրն է. պետք է հասարակությանը լիարժեք իրականությունը փոխանցենք, եւ մարդիկ պետք է հստակ գիտակցեն, որ սա ոչ միայն մեր պատմությունը ջնջելու, մեր անկախության հիմքերում եղած պրոցեսները վարկաբեկելուն ուղղված գործընթաց է, այլեւ ադրբեջանական պահանջների կատարում է, որը իշխանությունը փորձում է որեւէ ձեւով իրականացնել։

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻՑ ԴԺԳՈՀ ՉԷ

Փետրվարի 18-ի հանրահավաքում հանդես եկավ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը: Հանրահավաքին ելույթներ ունեցան մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ, նրանք պահանջում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

 

ArmLur.am-ը զրուցել է հանրահավաքի եւ քաղաքական գործընթացների վերաբերյալ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ: Նախ փորձեցինք հասկանալ, թե ինչպես Հայրիկյանը կգնահատի իրենց նախաձեռնած հանրահավաքի արդյունքները։

Ըստ Հայրիկյանի՝ իրենք սպասում էին ավելի շատ մարդու, բայց որպես նախապատրաստական միջոցառում, ինչպես իրենք էին հայտարարել, համարում են բավական: Ընդունում է, որ իրենք լավ նախապատրաստական աշխատանքներ չէին արել, բավարար չափով չէին տեղեկացրել հանրահավաքի մասին, արդյունքում շատ մարդիկ տեղյակ չեն եղել: Նաեւ նշեց, որ հանրահավաքին եկած մարդկանց հետ ինքն առանձին զրույցների ժամանակ հասկացել է, որ հավաքվածները «հոգեւոր արժեքների նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք ունեցող մարդիկ են»: «Բայց, ամեն դեպքում, դժգոհ չեմ, արդյունքները հետո կտեսնենք»,- այսպես է ամփոփում Պարույր Հայրիկյանը:

Խոսելով ներկա քաղաքական գործընթացների մասին Պարույր Հայրիկյանը նշում է. «Ընդդիմությունը, քաղաքական ուժերը պայքարում են իշխանության համար, եւ իշխանության համար պայքարելիս բոլորին ընկալում են որպես մրցակից»։ Սրանով է ԱԻՄ առաջնորդը բացատրում ընդդիմադիր ուժերի ոչ միասնական լինելը: «Պիտի գաղափարական լինես, որ ինչ-որ բարձր գաղափարի համար, իշխանության համար պայքարը դառնա աչքիդ ոչ այնքան էական»,- շեշտեց Հայրիկյանը։

Փետրվարի 18-ի հանրահավաքից Պարույր Հայրիկյանի համար դրական էր «Ազգային Ժողովրդավարական Բեւեռի» (ԱԺԲ) ներկայությունը հանրահավաքին։ «Ես ոչ ոքի առանձին չեմ դիմել, ընդհանուր հայտարարություն եմ արել, բայց իրենք քայլ արեցին, այդ քայլը չտեսնել հնարավոր չի»,- նշեց Հայրիկյանը:

Պարույր Հայրիկյանը փետրվարի 21-ին կայանալիք իրենց հանրահավաքին սպասում է, որ ավելի շատ մարդիկ ներկա կլինեն: Ըստ Հայրիկյանի՝ դա կլինի նախապատրաստական փուլի երկրորդ մակարդակը, իսկ փետրվարի 28-ից, ինչպես նախօրոք հայտարարել են, կլինի իրենց գործողությունների վերջնական փուլը:

ԱԻՄ առաջնորդին հարց ուղղեցինք նաեւ «Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման նախաձեռնության վերաբերյալ, ինչին արձագանքեց, որ դրական է վերաբերվում: «Ով ինչ անում է իրենց պատկերացումներով ազգի, հայրենիքի համար, ողջունելի է. միանալու մասին կարող է խոսք լինել այն դեպում, երբ միանալու հստակ առաջարկ լինի»,- եզրափակեց Հայրիկյանը:

ԱՐՄԵՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ

 

 




Լրահոս