Ինչպես հայտնի է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ելույթով դիմել էր ժողովրդին եւ ներկայացրել «իրական Հայաստանի գաղափարախոսությունը»: Փաշինյանի հայտարարությունների եւ մասնավորապես սահմանադրության փոփուխության առաջարկի վերաբերյալ Armlur.am-ը զրուցել է «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի հետ։
Ըստ նրա որակման՝ վարչապետ Փաշինյանի առաջ բերած օրակարգը ծայրահեղ վտանգավոր է, ազգային անվտանգության առաջնային սպառնալիք է ոչ միայն օրվա իշխանությունը այլեւ իշխանության առաջ քաշած ցանկացած օրակարգ:
«Ի՞նչ կապ ունի Նիկոլ Փաշինյանը «գաղափարախոսություն» բառի հետ ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանը ի՞նչ կապ ունի «պետություն» բառի հետ», – հարց է բարձրացնում քաղաքական գործիչը: Ըստ նրա, եթե հասունանա սահմանադրության փոփոխման գործընթաց, ապա «բոլորը պիտի իրենց հնարավորությունների չափով ոչ միայն կասեցնեն այդ պրոցեսը, այլեւ կասեցնելուց հետո տանեն տրամաբանական ավարտին»:
Ըստ Սուրեն Պետրոսյանի՝ Նիկոլ Փաշինյանի թեզերը փորձ են անում վերացնել անկախության հռչակագրի հիմքերը եւ վերջնականապես փակել Արցախյան հիմնախնդիրը:
Սա բացառապես թուրքական կամ ադրբեջանական օրակարգ է։
Ըստ նրա՝ յուրաքանչյուր մարդ, ով իրեն ոչ միայն էթնիկ այլեւ քաղաքական իմաստով հայ է համարում, պետք է մասնակցի իշխանության առաջ քաշած գործընթացի կասեցմանը:
Նա չի կիսում Փաշինյանի կարծիքը սահմանադրության ոչ լեգիտիմ լինելու պատճառով նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտության վերաբերյալ:
Նրա համոզմամբ՝ Փաշինյանի իշխանությունն էլ հենց արդյունք է տարբեր տարիների (սկսած 1996 թ.-ից) ոչ լեգիտիմ ընտրությունների: «Եկեք հետ գնանք, այն պատճառը վերացնենք, ինքն էլ (Նիկոլ Փաշինյանը) կվերանա որպես հետեւանք»։ Պետրոսյանը հարց է հնչեցնում իշխանություններին, թե կարող են ցույց տալ ներկա սահմանադրության մեջ կետ, որը խանգարում է դարձնել պետությունը կենսունակ, անվտանգ եւ զարգացող:
Ըստ նրա համոզման՝ խոչընդոտը սահմանադրությունը չէ. «մեր պետականության կայացման համար կա ընդամենը մեկ խոչընդոտ, եւ նա Նիկոլ Փաշինյանն է ու պառլամենտական ընդդիմությունը»։ Քաղաքական գործչի համոզմամբ՝ իշխանության կողմից տարվող քաղաքականությունը եւ նոր սահմանադրության հանրաքվեի առաջարկը խաղաղության գործընթացի հետ կապ չունեն:
Գործիչը բերում է Շոտլանդիայի սահմանադրության օրինակը, որտեղ, ըստ նրա որակման, «ամենաչոր, ծայրահեղ ձեւով, ամենավերջին խոսքերով հայտարարություններ կան Անգլիայի վերաբերյալ», սակայն դա չի խանգարում, որպեսզի այսօր երկու ժողովուրդները խաղաղ գոյակցեն: Պետրոսյանի համոզմամբ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «այլեւս չունի դրսից աջակցություն՝ ո՛չ ռուսական կողմից, ո՛չ արեւմուտքից: Նիկոլ Փաշինյանի միակ հենարանները Թուրքիան եւ Ադրբեջանն են, իսկ ներքին հենարանը պառլամենտական ընդդիմությունը, ուրիշ հենարան չունի Նիկոլ Փաշինյանի իշխանությունը»:
ԱՐՄԵՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ























