Երեկ Լոս Անջելեսում ավարտված «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնի ընթացքում Արցախի ջրամատակարարման համար հավաքագրվել էր 12 մլն 286 հզ. 478 ԱՄՆ դոլար: Իսկ նախորդ տարի նույնաբովանդակ հեռուստամարաթոնի ժամանակ, որի խորագիրն էր «Ջուրը կյանք է», հավաքվել էր ավելի քան 20 միլիոն դոլար:
ՀԱՐՑ. Ըստ Ձեզ, ինչո՞վ է պայմանավորված, որ այս տարի հեռուստամարաթոնի ընթացքում այդքան քիչ գումար է հավաքագրվել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ես կարծում եմ, որ այս տարվա հեռուստամարաթոնի արդյունքում այդքան քիչ գումարի նվիրաբերումը պայմանավորված է նրանով, որ մարդկանց մոտ նկատվում է անվստահություն, ինչպես նաեւ այստեղ մեծ դեր են ունեցել համաշխարհային ճգնաժամն ու մարդկանց սոցիալական վիճակը: Իսկ մարդկանց մոտ անվստահության միակ պատճառն էլ կարելի է բացատրել նրանով, որ մարաթոնի կազմակերպիչները չեն ներկայացնում հրապարակային մանրամասն հաշվետվություն, թե յուրաքանչյուր իրի վրա որքան գումար է ծախսվել: Ես հույս ունեմ, որ հաջորդ տարի կայանալիք հեռուստամարաթոնի վրա համաշխարհային երկրորդ ճգնաժամը չի թողնի իր ծանր հետքը, եւ մեր սփյուռքահայ բարեկամները կկարողանան իրենց փոքր լուման նվիրաբերել Հայաստանի զարգացմանը:
ԱԺ «Ժառանգություն»
խմբակցության պատգամավոր
ՊԱՏԱՍԽԱՆ. Պետք է ցավով նշեմ, որ այս տարի հեռուստամարաթոնի ընթացքում իսկապես ավելի քիչ գումար հավաքվեց, քան նախորդ տարի: Ես կարծում եմ, որ դա պայմանավորված է համաշխարհային տնտեսական ճգնաժամով եւ հավատի կորուստով: Ու գրեթե համոզված եմ, որ հաջորդ տարի կայանալիք հեռուստամարաթոնի ընթացքում էլ ավելի քիչ գումար կհավաքվի, քանի որ սպասվում է համաշխարհային երկրորդ ճգնաժամը:
ՆԺԿ նախագահ
ՊԱՏԱՍԽԱՆ. Այդ փաստը պայմանավորված կարող է լինել ինչպես գլոբալ ճգնաժամով, որն ազդել է համայն հայության ֆինանսական վիճակի վրա, այնպես էլ չի կարելի բացառել հիասթափության ալիքը ներկա իշխանություններից: Բայց պետք է փաստեմ մի բան, որ իշխանությունը հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարի հետ բնավ կապ չունի: Ես կարծում եմ, որ եթե մենք կարողանանք ճիշտ նախապատրաստվել մարաթոնին, համայն հայությունը կարող է տարեկան մեկ միլիարդ դոլար հավաքել Հայաստանին օգնելու համար:
սոցիոլոգ
ՊԱՏԱՍԽԱՆ. Իմ կարծիքով` այդ փաստը կապված է ե՛ւ ճգնաժամի, ե՛ւ գովազդի, ե՛ւ անվստահության հետ: Վերջինս, սակայն, պայմանավորված չէ Հայաստանի հետ, այլ` համաշխարհային շուկայում տեղի ունեցող փոփոխությունների, քանի որ ոչ ոք չի կարող ասել, թե իր հետ ինչ կլինի հաջորդ օրը: Ըստ իս, այս տարի սփյուռքի շրջանակներում գովազդը շատ թույլ է եղել: Եւ որպես տնտեսագետ` պետք է նշեմ, որ նման մարաթոններին բացասական եմ վերաբերվում, քանի որ մենք չպետք է սփյուռքին դիտարկենք որպես օգնության աղբյուր, այլ որպես գործարար, ով տիրապետում է հայոց լեզվին եւ հայ մշակույթին: Կարծում եմ` այս դեպքում համագործակցությունը շատ ավելի արդյունավետ կլինի:
տնտեսագետ
Պատրաստեց ՄԵՐԻ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ