
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին խնդրահարույց հարցերի պատճառով պատրաստ չէ ռեսուրսների շուրջ համաձայնագիր ստորագրել Միացյալ Նահանգների հետ: Այս մասին հայտնում է Sky News-ը՝ հղում անելով ուկրաինական աղբյուրին։
«Համաձայնագիրը դեռ պատրաստ չէ ստորագրման, կան մի շարք խնդրահարույց հարցեր, և նախագծի ներկայիս ձևով նա (խմբ. Վոլոդիմիր Զելենսկին) պատրաստ չէ այն ընդունել»,- ասված է աղբյուրի հրապարակման մեջ։
Վերջինս հավելել է, որ համաձայնագիրը ներկայիս տեսքով չի արտացոլում գործընկերությունն, այլ պարունակում է միայն Ուկրաինայի միակողմանի պարտավորությունները։
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ակնկալում է արագ համաձայնության գալ Կիևի հետ 400-500 միլիարդ դոլարի փոխհատուցման պարտավորությունների շուրջ։
Թրամփի խոսքով՝ Ուկրաինան ընտրության առաջ է կանգնած՝ կա՛մ ամերիկացիների հետ համաձայնագիր կնքել հանքարդյունաբերության ոլորտում համագործակցության մասին, կա՛մ բախվել «մի շարք հետևանքների»։