ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախցիներին բնակարան տալու ծրագիրը տապալվել է. 50 հազարից՝ 30 հազար դրամ․ ինչ է սպասվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին բնակարանով ապահովելու ծրագիրը ամբողջովին տապալվել է: Այս մասին գրում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Մեկուկես տարի անց, ավելի քան 30,000 ընտանիքներից սերտիֆիկատ են ստացել ընդամենը 2%-ը՝ 650 ընտանիք, իսկ փաստացի տուն է ձեռք բերել ընդամենը 12 ընտանիք։

Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ծրագրել էր Արցախի հետ հանձնել նաև արցախցիներին և հիմա մեր 100,000-ից ավել քաղաքացիները, որպես «բեռ», ենթարկվում են բացառիկ արհամարհանքի։

Արցախցիներին կացարանով ապահովելը մեր պետության բացառիկ առաջնահերթություններից պետք է լինի, որը հնարավոր է իրականացնել ընդամենը մի քանի ամսում»։

ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան ԱԱԾ-ից պատասխանել էին, որ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 115 հազար 86 անձ, որոնցից մինչև 2024 թվականի դեկտեմբերը 18-ը ներառյալ ՀՀ-ից մեկնել և ՀՀ չեն վերադարձել 11 հազար 412 անձ, իսկ 103 հազար 674 անձ ներկայումս գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։

Հարկ է նշել, որ բացի բնակարանային աջակցության ծրագրից բռնի տեղահանված արցախցիներին տրամադրվող 40 000+10 000 դրամների սոցիալական աջակցության ծրագիրը ևս կվերափոխվի։

Մինչև մարտ ամիսը 50 000 դրամ ստացողների շրջանակը կմնա նույնը, սակայն ապրիլից շահառուների շրջանակը կփոխվի։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության՝ նոյեմբերի 21-ի նիստում։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկանում ենք, որ ապրիլից սկսած գումարը կկազմի 40 000 դրամ, աջակցությունը կտրամադրվի մինչև 18 տարեկան երեխաներին (շուրջ 33 000 անձ), 63 և ավելի տարեկան անձանց (18 000 անձ), կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց (մոտ 2600 մարդ): Այս անձինք 40 000 դրամները կստանան մինչև հունիսը ներառյալ, իսկ հուլիսից 40 000-ը կնվազի՝ հասնելով 30 000 դրամի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Էմմա Միքայելյան




Լրահոս