Երկրի վարչապետը պետք է իրատես լինի՝ օժտված երկրում մթնոլորտ ձևավորելու ունակությամբ: Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Գևորգ Դաբաղյանը:
«Մենք մենք չենք: Այնպիսի մի վիճակում ենք հայտնվել, որ չենք հասկանում ՝ ի՞նչ ենք ուզում, ո՞ւր ենք գնում: Մթնոլորտի փոփոխության անհրաժեշտություն կա: Իսկ վարչապետն այն մարդն է, որ կարող է դա անել: Նա պետք է լավ հասկանա քաղաքականությունից և տնտեսությունից ՝ ստեղծված բարդ, մթագնած իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու համար»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ չի մտածել՝ ո՞վ կարող է լինել նոր վարչապետի լավագույն թեկնածուն:
Գևորգ Դաբաղյանի խոսքով, ինքը շատ հիասթափված է Հայաստանում տիրող վիճակից և երբեմն իրեն թվում է, թե սեփական երկրում մենք բոլորս «տնվորներ» ենք և այստեղ ապրում ենք վարձակալությամբ:
«Վարչապետը պետք է զերծ լինի էմոցիաներից, պետք է ռեալիստ լինի: Օրինակ, այս առումով ինձ շատ է դուր գալիս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ասաց հայտնի դուդուկահարը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել ապրիլի 3-ին:
Անի Ղազարյան