«Կոնկլավ»-ը, Թիմոթի Շալամեն արժանացել են Հոլիվուդի կինոդերասանների գիլդիայի գլխավոր մրցանակներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոլիվուդի կինոդերասանների գիլդիան (SAG – Screen Actors Guild) գլխավոր մրցանակ է շնորհել «Կոնկլավ» ֆիլմին, որում ներկայացված են Հռոմի Պապի ընտրության կարգը և այդ գործընթացում տեղի ունեցող տարբեր գաղտնի նրբություններ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ռալֆ Ֆայնսի, Սթենլի Տուչիի, Ջոն Լիթգոուի և Իզաբելլա Ռոսելինիի մասնակցությամբ ֆիլմը հաղթող է ճանաչվել «լավագույն դերասանական կազմ» անվանակարգում։ Այս հաղթանակը մեծացնում է ֆիլմի շանսերը՝ ճանաչվելու լավագույն ֆիլմ մարտի 2-ին կայանալիք «Օսկար» մրցանակաբաշխության ժամանակ։

Գերմանացի ռեժիսոր Էդվարդ Բերգերի «Կոնկլավ» ֆիլմը 4  մրցանակի էր արժանացել նաև Կինոյի և հեռուստատեսության բրիտանական ակադեմիայի (BAFTA) մրցանակաբաշխության ժամանակ, այդ թվում՝ լավագույն ֆիլմ, լավագույն բրիտանական ֆիլմ, լավագույն ադապտացված սցենար և լավագույն մոնտաժ անվանակարգերում։

Իսկ Թիմոթի Շալամեն արժանացել է Հոլիվուդի կինոդերասանների գիլդիայի «լավագույն կինոդերասան» մրցանակին` «Լիովին անհայտ» (A Complete Unknown) ֆիլմի համար, որում նա մարմնավորել է հայտնի ռոք երաժիշտ Բոբ Դիլանին: Դեմի Մուրը ճանաչվել է «լավագույն կինոդերասանուհի»՝ «Սուբստանցիա» (The Substance) ֆիլմում գլխավոր դերի համար:

Երկրորդ պլանի դերասանի և դերասանուհու մրցանակների են արժանացել Քիրան Քալկինը՝ «Իրական ցավ» (A Real Pain) և Զոյի Սալդանան՝ «Էմիլիա Պերես» (Emilia Perez) ֆիլմերի համար:




Լրահոս