
Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը ներառյալ պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել։
«Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ՝ 2025 թվականի փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը ներառյալ»,- ասված է որոշման մեջ:
Սահմանվում է, որ՝
«1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով։
2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով»:
Նշվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Մինչ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է վարժական հավաքների մասին, վարժական հավաքներից խուսափելու համար շուրջ 150 քաղաքացի դատարանի առաջ է կանգնել, անգամ կան ազատազրկվածներ: Դատական տեղեկատվական համակարգից ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ՝
- Միքայել Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խուսափել է անցկացվող վարժական հավաքներից՝ դրանից ազատվելու հիմքերի բացակայության դեպքում:
«Միքայել Մուշեղի Մանուչարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու մեջ և նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ կարճաժամկետ ազատազրկում՝ 2 /երկու/ ամիս ժամկետով»,- նշված է որոշման մեջ:
- Նվեր Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հաշվառված լինելով ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումում և ընդգրկված լինելով 2023 թվականի ապրիլի 4-ից 28-ը ներառյալ անցկացվող վարժական հավաքներին մասնակցելու ենթակա անձանց ցուցակում, փաստաթղթային ծանուցման համաձայն ներկայացել է ստորաբաժանում, անցել բուժհետազոտում, դրա արդյունքներով ճանաչվել վարժական հավաքի կանչվելու ենթակա անձ և այդ վարժական հավաքից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության պայմաններում, խախտելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, խուսափել է դրան մասնակցելուց։
«Նվեր Գրենիկի Հակոբյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 462 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ և որպես պատիժ նշանակել կարճաժամկետ ազատազրկում՝ 20 (քսան) օր ժամկետով»,- նշված է որոշման մեջ:
Վարչական հավաքներից խուսափելու համար մի շարք մեղադրյալների նկատմամբ կիրառվել է տուգանք՝ 300 հազարից մինչեւ 600 հազարի չափով, իսկ ահա 40-ից ավելի մեղադրյալների գործով նիստերը դատարանում շարունակվում են։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան