
Ֆրանսիան կարող է միջուկային լիցքով ինքնաթիռներ տեղակայել Գերմանիայում, եթե Միացյալ Նահանգները որոշի դուրս բերել ամերիկյան զորքերը Եվրոպայից։ Այս մասին գրել է Daily Telegraph թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Ինչպես նշել է ֆրանսիացի անանուն պաշտոնյան, դժվար չէ Գերմանիայի տարածքում միջուկային զենք կրող մի քանի ֆրանսիական կործանիչներ տեղակայել։ Նրա խոսքով՝ դա կարող է «լուրջ ազդանշան» լինել Ռուսաստանի համար։ Գերմանացի դիվանագետները, որոնք ցանկացել են անհայտ մնալ, իրենց հերթին նշել են, որ Ֆրանսիայի իշխանությունների նման քայլը կարող է բրիտանական ղեկավարությանը դրդել հետեւել նրանց օրինակին։
Պարբերականն ավելացրել է, որ ՔԴՄ/ՔՍՄ դաշինքից Գերմանիայի կանցլերի թեկնածու, կառավարության հավանական ապագա ղեկավար Ֆրիդրիխ Մերցը, որը հանդես է գալիս ԱՄՆ-ից Եվրոպայի «անկախության» հասնելու օգտին, Մեծ Բրիտանիային եւ Ֆրանսիային կոչ է անում ընդլայնել իրենց միջուկային զինանոցի օգտագործումը տարածաշրջանի պաշտպանության համար։
Փետրվարի 21-ին Մերցը ZDF հեռուստատեսության հարցազրույցում կասկած է հայտնել, որ Միացյալ Նահանգները նախագահ Դոնալդ Թրամփի օրոք անվերապահորեն կկատարի Հյուսիսատլանտյան պայմանագրով նախատեսված փոխադարձ պաշտպանական պարտավորությունները: Նա նշել է, որ եվրոպացիները պետք է «զգալի ջանքեր գործադրեն, որպեսզի կարողանան պաշտպանել գոնե իրենց ենթամայրցամաքը»։