Մինչ ՀՀ իշխանությունները բոլոր հնարավոր հարթակներից իրենց անվերապահ հավատարմությունն են հայտնում Ռուսաստանին մեր ռազմավարական դաշնակիցը շարունակում է ռազմատեխնիկական համագործակցությունը խորացնել թշնամական Ադրբեջանի հետ: Անցած չորս տարիներին Ադրբեջանին ավելի քան չորս միլիարդի զենքի վաճառքն, ըստ ամենայնի, բավարար չէ, եւ առաջիկայում պետք է սպասել ադրբեջանական զինուժը ռուսական նոր զինատեսակներով համալրելու հերթական գործարքներին:
Համենայն դեպս, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, ով այս օրերին Բաքվում բանակցություններ էր վարում Ադրբեջանի պաշտպանության նախարարի ու գլխավոր շտաբի պետի հետ, նախօրեին հայտարարել է, որ առաջիկայում է՛լ ավելի է ընդլայնվելու ռուս – ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը:
Իսկ ահա Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նաջմեդին Սադիկովը գոհունակությամբ արձանագրել է. «Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանը մեր գլխավոր գործընկերն է: Շարունակվում է մեծ գործարքների իրականացումը: Մենք համագործակցում ենք շատ ոլորտներում« եւ այդ համագործակցությունը հաջող է ընթանում»:
Ուշագրավ է, որ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինելու գործընթացին Հայաստանում որեւէ մեկն այլեւս չի ընդդիմանում: 2010 թվականին, երբ ռուսներն Ադրբեջանին վաճառեցին Հայաստանի անվտանգության համար ռազմավարական կարեւորություն ունեցող C-300 զենիթահրթիռային կայանները, Հայաստանում մեծ աղմուկ բարձրացավ: Ընդ որում, ոչ միայն հասարակական, քաղաքական, այլ նաեւ՝ պետական մակարդակով: Մինչդեռ այսօր, երբ Ռուսաստանը շարունակում է զինել արդեն վերջնականապես վասալացված Հայաստանի հակառակորդ երկրին, ոչ միան ՀՀ իշխանությունները, այլեւ անգամ ոչ իշխանական քաղաքական ուժերը առանձնապես ծպտուն չեն հանում:
Այսօր Հայաստանում մեկնարկել է Ռուսաստանին հաճոյանալու եւ քծնելու մրցավազք, որում, ինչքան էլ տխուր է, ոչ իշխանական ուժերն առաջ են անցնում անգամ իշխող Հանրապետականից:
Իսկ այդ ընթացքում Մոսկվան շարունակում է իր «զենքի բիզնեսը» (ինչպես հիշում ենք`անցած ամռանը Բաքվին «Սմերչ»-ի վաճառքը հենց այդպես էր բնորոշել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան): Եվ ստացվում է, որ ռուսական զենքից են զոհվում ինչպես ադրբեջանցի, այնպես էլ հայ զինվորները: Հետաքրքիր է՝ ո՞ր երկրի արտադրության զենքով էր նախօրեին ադրբեջանական հերթական դիվերսիոն խումբը փորձել հատել ԼՂՀ սահմանը, եւ ո՞ր երկրի արտադրության ականի վրա պայթելով` 3 զոհ եւ 6 վիրավոր ունեցավ: