ՀՖՖ-ում մի վատ ու կեղտոտ երևույթ է դրսևորվում ֆուտբոլում ակումբների հետ կապված․ ՖԱՖ անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցյալ տարվա հոկտեմբերի 13-ին Ֆուտբոլի Ազգային Հավաքականը պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ դիմակայությունում: Խաղից հետո հեռացվեց այդ ժամանակ մարզիչ եղած ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովը: Սակայն միայն մարզչի հեռացումը չբավարարեց շատ ֆուտբոլասերներին, և նրանք պահանջեցին Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը: Հրաժարականի պահանջին միացան նաև մի շարք ֆուտբոլային ակումբներ: Այս ամենի և առհասարակ ֆուտբոլային խնդիրների վերաբերյալ Armlur.am-ը զրուցել է Հայկական Առաջին Ճակատ (FAF)  հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանի հետ:

– Հոկտեմբերի 13-ից դուք պահանջեցիք ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը, ինչո՞ւ արդյունք չունեցաք։

-Ֆուտբոլում գլոբալ անհաջողություններն ու ձախողումներն էին պատճառը, դա կուտակվել էր տարիների ընթացքում, խաղը ուղակի առիթն էր, կարելի է ասել այդ ամենը տրաքեց, ու ակցիաները սկսեցին իրար հետևից տեղի ունենալ։ Ինչ արդյունք ունենք էսօրվա դրությամբ․․․ եթե Արմեն Մելիքբեկյանը դեռ պաշտոնավարում է, նշանակում է մենք չունենք սպասելի դրական արդյունքը։ Ճիշտ է ֆեդերացիան կարծես մեր բողոքի ակցիաների հետևանքով ավելի շատ է սկսել աշխատել, ինչ-որ փոփոխություններ է փորձում ցույց տալ, բայց կարծում եմ ամեն ինչ արդեն ձեռքից բաց թողնված է, և վերականգնելի չէ:

-Անցյալ տարի ՀՖՖ-ի կողմից իրականացվող խաղերը փորձում էիք խաթարել և խոչընդոտել, շարունակելո՞ւ եք այդ մարտավարությունը այս տարի անցկացվող խաղերում:

-Քանի մենք չենք հասել մեր վերջնական նպատակին, տարաբնույթ միջոցառումներ, ակցիաներ Հայաստանի հավաքականի և հայկական ակումբների բոլոր ֆան ակումբներով շարունակելու ենք իրականացնել։ Թե ակցիաներն ինչ բնույթ կկրեն՝ բոլորը կտեսնեն առաջիկայում:

-Առաջիկայում հանդիպումներ են սպասվում Վրաստանի ֆուտբոլի հավաքականի դեմ, այդ հանդիպումների ժամանակ իրականացնելու ե՞ք բողոքի ակցիաներ։

-Հայաստան Վրաստան խաղը մեզ համար առանցքային նշանակություն ունի, առհասարակ հայ-վրացական դիմակայությունը ցանկացած սպորտաձևում՝ դա շարքային դիմակայություն չէ, և մենք Վրաստանի դեմ խաղին պատրաստվում ենք, դա կարծես մեզ համար դերբի է, պատրաստվում ենք առաջին հերթին հաղթել մեր մրցակցին՝ դաշտում, տրիբունայում:
Մի հատ ցավոտ բան ուղակի ասեմ․ մեր երկրին շատ-շատ է այս պահին պակասում կարևոր, բեկումնային հաղթանակները, և այս խաղը կարող է լինել այդպիսի նշանակալի իրադարձություն: Վրաստանին հաղթելը, և Վրաստանի դեմ խաղը կարելի էր սարքել մի ինչ-որ ֆուտբոլային, մարզական տոն երկրի համար, որի հաղթանակը կարևոր նշանակություն կունենար ոչ միայն ֆուտբոլի երկրպագուների համար այլ երկրի համար: Ցավոք ֆեդերացիան այդ խաղը թողել է մի կողմի վրա, և այդ խաղի մասին կարծես ընդհանրապես չի խոսում։ Ոչ մի բան չի պատրաստվում այդ խաղի շուրջ: Վրաստանի խաղին ակցիաներ կարծում եմ՝ ևս կլինեն, բայց ավել բան դեռևս չեմ կարող ասել:

-Առաջիկա Հայասատն-Վրաստան ֆուտբոլային հանդիպման մասին կան կարծիքներ, որ ավելի լավ կլինի եթե պարտվենք և մնանք C դիվիզոնում, որտեղից ավելի մեծ շանսեր կունենանք առաջին տեղով մասնակցել խոշոր առաջնութունների, կիսո՞ւմ եք այդ կարծիքը։

-Եթե պետք է մտածենք, որ պարտվենք, որ հետո հայտնվենք մի դիվիզոնում, որ հաղթենք, ամբողջովին կորցնում է իմաստը, ինչի համար մենք գնում ենք մարզադաշտ երկրպագելու, ինչի համար գոյություն ունի մեր ֆան շարժումը և ինչի համար մենք սիրում ենք ֆուտբոլ: Եթե պետք է մի պահի դուրս գանք աշխարհի կամ ԵՎրոպայի առաջնություն՝ իմ դիրքորոշումն այնպիսին է, որ երբեք չպետք է այնպիսի հաշվարկներ անենք, որ մի խաղ հատուկ զիջենք, մի խաղ ոչ ոքի խաղանք, դրանից ելնելով հայտնվենք այլ տեղ, հետո նոր պայքարենք ճարպկությամբ դուրս գանք ԵՎրոպայի առաջնություն: Ես քսանից ավել տարի սպասել եմ այն օրվան, երբ մենք պետք է խաղանք Աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունում, պատրաստ եմ էլի սպասել, բայց որ մենք միայն հաղթանակների միջոցով դուրս գանք:

-Նոյեմբերի 14-ին տարածել էիք հայտարարություն, որ ցանկանում եք հանդիպել ՀՖՖ նախագահին սատարող ակումբների և ՀԿ-ների ղեկավարների կամ ներկայացուցիչների հետ, եղա՞ն արձագանքներ.

-Ինչպես սպասելի էր նրանցից արձագանք չեղավ, և դա շատ ցավալի է: Մենք նույնիսկ փորձեր կատարեցինք հանդիպել այդպիսի ակումբներին: Ցավը գիտեք՝ որն է, Ֆուտբոլի ֆեդերացիան մի գործելաոճ է որդեգրել, որտեղ այդ բոլոր ակումբներին կարծես ինչ որ բաներ խոստանալով, ինչ որ բաներ կատարելով, քաշել է իր կողմը: Ես խոսել եմ այդ ակումբներից որոշների հետ, նրանք գրեթե նույնությամբ ունեն մեր նույն դժգոհությունը, սակայն ունեն ֆուտբոլի թիմ, ունեն ինչ-որ ակնկալիք ֆեդերացիայի կողմից, և ցավալիորեն չեն կարողանում բարձրաձայնել: Մի վատ ու կեղտոտ երևույթ է դրսևորվում մեր ֆուտբոլում ակումբների հետ կապված:

-Խինես Մելենդեսի վերաբերյալ, ինչո՞ւ նա հաջողութուն չունեցավ Հայաստանում, որոնք էին նրա ձախողման պատճառները։

Որովհետև ֆեդերացիայի կողմից անհեռանկարային քայլ կարելի է հիմա արդեն որակել Խինես Մենեդեսին Հայաստան բերելը: Տեսեք, նա բերեց տեխնիկական տնօրեն ահռելի գումարներ ծախսելով, ով պետք է գրեր ֆուտբոլի զարգացման ծրագիր, բայց նա չկարողացավ այդ ծրագիրը կիրառել նույնիսկ իր ենթակայության տակ գտնվող Ավանի ակադեմիայում, ուր մնաց հայկական ակումբները կիրառեին դա: Կարելի է ասել գումարների փոշիացում էր՝ բերել լավ մասնագետ, սակայն իսկզբանե չունենալ պայմանավորվածություն ակումբների հետ, չխորհրդակցել ակումբների հետ, չներկայացնել ակումբներին այդ ծրագրի մանրամասները, չստանալ ակումբներից հավաստիություն, որ նրանք կիրառելու են, շարժվելու են այդ ծրագրով, դա ուղակի կարելի է ասել արկածախնդրություն էր, և թե՛ փողերի անիմաստ վատնում, թե՛ ժամանակի անիմաստ կորուստ: Մենք մեր տեսաշարում անդրադարձել ենք մի դրվագի, որտեղ անտերության էր մատնված նրանց կողմից որակված աննախադեպ կայքը, որտեղ զետեղված էր Խինես Մելենդեսի կատարած աշխատանքը, մեծ բազան, տարբեր մարզումային պրոցեսները: Այնքան ժամանակահատված մարդ չէր մտել, մարզիչներ չէին մտել՝ ծրագիրը ուսումնասիրեին, որ ուղակի կայքը անտերության էր մատնված, դոմեյնը դուրս էր եկել վաճառքի: Մենք ձեռք բերեցինք, որ վատ մտադրությամբ մարդիկ ձեռք չբերեին և ծաղրուծանակի չենթարկեին: Մենք պատրաստ ենք դոմեյնը հետ վերադարձնել ֆեդերացիայնին, եթե դա նրանց անհրաժեշտ է:

-Նկատի ունեք ֆեդերացիայի կողմից ճիշտ կոմունիկացիա չի՞ արվել Մելենդեսի և ակումբների միջև։

Ճիշտ կոմունիկացիա, ճիշտ ուսումնասիրություն մեր առանձնահատկություններին. նրանք նշում են, որ իսպանական փորձը ֆանտաստիկ է, գիտական ուսումնասիրություններ կան, բայց արդյո՞ք ուսումնասիրվել է հայ և իսպանացի պատանիների ֆիզիկական տվյալները, ուրիշ տարբեր ու տարբեր չափորոշիչներ: Արդյո՞ք այդ ծրագիրը, որ աշխատել է այնտեղ, մեր առանձնահատկություններում կարող էր աշխատել այստեղ: Չգիտեմ: Փաստը այն է, ժամանակը ցույց տվեց, որ անիմաստ, անհեռատեսորեն կատարված քայլեր էին դրանք:

-Դուք տարբերակներ ունեք ՀՖՖ նոր ղեկավարի վերաբերյալ, և ի՞նչ քայլեր պետք է անի նա, ունե՞ք ինչ-որ կոնկրետ պահանջներ կամ առաջարկներ։

Նախկին սխալները չգործելու համար մենք պատկերացնում ենք, որ ՀՖՖ ղեկավարության հեռացումից հետո մենք պետք է ստեղծենք համերաշխության հարթակ, որտեղ կներգրավեն ֆուտբոլի շահառուները, մեր հայկական ֆուտբոլային աշխարհի ներկայացուցիչները, և տարբեր, շատ երկար քննարկումների միջոցով, նաև համապատասխան մասնագետների ներգրավածությամբ մենք կկարողանանք մշակել մեզ բնորոշ, մեր առանձնահատկություներին համապատասխանող ազգային ծրագիր՝ ռեալ ազգային ծրագիր, որը կտանի մեր ֆուտբոլը առողջացման, որը կտանի մեր ֆուտբոլը զարգացման, հավասարաչափ զարգացման ամբողջ Հանրապետությունում:

-ՀՖՖ նախագահն էլ ասում է, որ ֆուտբոլը համաչափ զարգացնում է, ֆինանսավորում են մարզային ակումբներին, ֆուտզալին, կանանց ֆուտբոլին, մանկապատանեկան ֆուտբոլում առաջնություներն են շատանում, առաջնություններում ընդգրկված թմերն են շատանում։ Դուք այդ աշխատանքները չե՞ք տեսնում։

Տեսեք, որ ասես ընդհանրապես բան չի կատարվում, իհարկե դա այդպես չի, իհարկե որոշ դաշտեր պատրաստվում են, որոշ ակումբների ենթակառուցվածքներ թարմացվում են, բայց, եթե խոսենք գլոբալ, Արմեն Մելիքբեկյանը շուտվանից շեղվել է իր ծրագրերից, իր ռազմավարությունից: Ամեն պահի խոսելով ռազմավարության մասին, ամեն հնարավոր առիթով շեշտելով ռազմավարության դրույթների մասին՝ նա, կարծում եմ, շուտվանից շեղված է իր իսկ մատնանշած ռազմավարության կատարմանը, իրականացմանը: Իմ խոսքերի ամենա կարևոր ապացույցը նա է, որ այսօրվա դրությամբ մենք չունենք իր խոսք տված ակադեմիաները բոլոր մարզերում, մենք չունենք իր ծրագրի կարևոր բաղադրիչ 20/40-ի վրա փոքր դաշտերի ամբողջական քանակը՝ դա նույնիսկ կես չափով չի իրականացվել, չունենք խոստացված մարզային տարբեր առաջնություններից ձևավորված մարզային հավաքականներ, Երևան-մարզային հավաքականների հանդիպում, ֆեստիվալներ, սկաուտներ, սկաուտների ցանց, ովքեր պետք է մարզերի տաղանդավոր երեխաներին գտնեին բերեին ակադեմիաներ: Էդ ծրագրերը գոյություն չունեն: Խոսել մարզային ֆուտբոլի զարգացման մասին՝ դա,  կարծում եմ, ճիշտ չէ:

-Ազգային հավաքականը ունի նոր մարզիչ, ի՞նչ կարծիք ունեք հոլանդացի մասնագետի վերաբերյալ, գոհ ե՞ք նրա նշանակումից։

Կարծում եմ՝ մենք ունեցանք մարզիչ ոչ թե ինչ չափորիչների մարզիչ էր մեզ պետք, այլ ունեցանք մարզիչ, ով կհամաձայնվեր ներկա իրավիճակում գալ և գլխավորել հավաքականը: Ես ինչ-որ որակումներ չեմ կարող տալ մարզչի մասին, իհարկե ժամանակը ցույց կտա, կարելի է ասել, ավելի թույլ ճանապարհ անցած մարզիչ, որը գլխավորել է հավաքականը ևս հաջող հանդիպումներ ունեցել է, բայց հավատալ, որ այս իրավիճակում մենք կարող ենք լուրջ բանի հավակնել, ցավոք չեմ կարող հուսալ։

Արմեն Խեչումյան




Լրահոս