Վրաստանի իշխանությունները մտադիր են բոլոր գործող օրենքներից հանել «գենդեր» և «գենդերային նույնականություն» եզրույթները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գենդեր» և «գենդերային նույնականություն» եզրույթները կբացառվեն Վրաստանի բոլոր գործող օրենքներից, հայտարարել է երկրի իշխող կուսակցությունը՝ «Վրացական երազանք»-ը, գրում է Новости-Грузия-ն։

Նշվում է, որ «Գենդերային հավասարության մասին» օրենքը կվերանվանվի  «Կանանց և տղամարդկանց իրավահավասարության մասին օրենք»:

Փոփոխությունների նախաձեռնողները «Վրացական երազանք»-ի և նրա կոալիցիոն գործընկեր «Ժողովրդի իշխանություն» կուսակցության պատգամավորներն են։

«Որոշակի ժամանակ օտարերկրյա ներկայացուցիչների ազդեցության և նրանց ակտիվ լոբբինգի ներքո վրացական օրենսդրություն նպատակաուղղված ներմուծվեց «գենդեր» արհեստական ​​եզրույթը։ Սա յուրատեսակ արտացոլումն էր աշխարհում տեղի ունեցող գլոբալ գործընթացների, և պետության համար որոշ դեպքերում անհաղթահարելի խոչընդոտ դարձավ այս միտումի ընդդեմ սկզբունքային դիրքորոշման»,- ասված է պարզաբանման մեջ։

«Գենդերային հիմնախնդիրներ» եզրույթը կփոխարինվի «կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմնախնդիրներ», իսկ «գենդերային անհանդուրժողականությունը»՝ «կանանց և տղամարդկանց հավասարության անհանդուրժողականություն»։

«Գենդերային զգայուն» եզրույթը կփոխվի «զգայուն՝ ըստ սեռական հատկանիշների» և այլն:

Օրինագիծն արդեն ներկայացվել է խորհրդարանական հանձնաժողովների քննարկմանը։




Լրահոս