Ե՞րբ է նշվում Զատիկը և ի՞նչ խորհուրդ ունի պահոց շրջանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրության շրջանում ցանկացած տոն առաջացնում է մեծ հետաքրքրություն, շատերն անգամ մեծ հետաքրքրությամբ ու պատասխանատվությամբ պատրաստվում են, այդ թվում՝ եկեղեցական տոներին։

Առջևում Սուրբ Հարության տոնն է կամ ինչպես ընդունված է անվանել ժողովրդի շրջանում՝ Զատիկը, հայ առաքելական սուրբ եկեղեցու ամենագեղեցիկ ու սիրված տոներից մեկը։

ArmLur.am-ը ներկայացնում է տոնի նշանակությունը, խորհուրդն ու մինչև տոնն ընկած ժամանակահատվածի՝ Մեծ պահքի մասին։

Այսպիսով, Սուրբ Հարության տոնը քրիստոնյա աշխարհի մեծագույն իրադարձություններից մեկն է։ Հիսուս Քրիստոսի հարությունը քրիստոնեության հիմքն է և երկու հազար տարի Զատիկը տոնվում է որպես ազատագրում, մեղքերից ապաշխարություն և վերադարձ առ Աստված:

Ինչպես նշեցինք վերևում՝ տոնն անվանում են նաև Զատիկ, ինչը նշանակում է զատվել, ազատվել մեղքերից և վերադառնալ Աստծուն։

Տոնը սիրելի է հատկապես փոքրիկների կողմից, քանի որ տոնին հավկիթ են ներկում կարմիր գույնով։ Դեռ հնուց հայերի շրջանում տարածված է հավկիթների հայտնի խաղը, սակայն հավկիթները ներկելն էլ ունի իր իմաստը։

Հավկիթը համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշը, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար Արյունը, որ թափվեց մեր փրկության համար:

Սուրբ Գրիգոր Տաթևացին հավկիթը կարմիր ներկելու մասին ասել է. «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում` «դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Մինչև բուն տոնը հավատացյալ քրիստոնյաները 40 օր պահք են պահում, ինչն իրենից ենթադրում է ոչ միայն կենդանական ուտեստներից հրաժարում, այլև՝ շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյախոսություններից և այլ մեղքերից։ Եթե հրաժարվեք միայն կենդանական ծագում ունեցող ուտեստներ ճաշակելուց, սակայն շարունակեք գործել մեղքեր, ապա կարելի է ասել, որ ամեն բան անօգուտ է։

Հիսուս Քրիստոս «Լեռան Քարոզ»-ում ասել է․ «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ»։

Պահոց շրջանում կարևոր է հավատացյալ քրիստոնյաների կանոնավոր մասնակցությունը Սուրբ Պատարագներին, առավոտյան և երեկոյան կատարվող ժամերգություններին։

Իսկ ի՞նչ է խորհրդանշում պահոց 40 օրը, ինչո՞ւ հենց 40 օր։

Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Եկեղեցին Քրիստոսի   օրինակին   հետևելով`   հաստատեց   քառասնորդական պահքը, որը կոչվում է նաև Մեծ Պահք:

Նշենք, որ այս տարի՝ 2025-ին, Մեծ Պահքի շրջանը սկսվել է փետրվարի 28-ից և հավատացյալ քրիստոնյաները այդ օրվանից սկսած հրաժարվել են աշխարհիկ հաճույքներից։

Մեծ Պահքին հաջորդելու է մեծագույն և սպասված ավետիսը՝ Հիսուս Քրիստոսի Հարությունը։

Հավելենք, որ տոնը շարժական է և այս տարի Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը նշվելու է ապրիլի 20-ին։

Աննա Սրապիոնյան




Լրահոս