ՀԱՐՑ. Օրերս Գնահատման եւ թեսթավորման կենտրոնում մամուլի ասուլիս էր հրավիրվել, որտեղ մանրամասներ էին քննարկվել շտեմարաններից: Հեռուստատեսությամբ չեմ կարողացել լսել այդ նորության մասին, ուստի կխնդրեի մի փոքր մանրամասնել: Հետաքրքիր է իմանալ, թե որ շտեմարաններից պետք է դիմորդներն օգտվեն, որոնցից են լինելու միասնական քննությունների հարցերը:
ՊԱՏԱՍԽԱՆ. Գնահատման եւ թեսթավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը 2012 թվականի դիմորդներին ուրախալի լուր հայտնեց այն մասին, որ մաթեմատիկա, հայոց լեզու եւ գրականություն առարկաների շտեմարանների առաջին մասերը հրապարակման ընթացքի մեջ են, եւ արդեն որպես ազդանշանային օրինակ՝ մաթեմատիկան պատրաստ է, մինչ դեկտեմբերի վերջ պատրաստ կլինեն նաեւ դրանց երկրորդ մասերը: Առաջիկա միասնական ընդունելության քննությունների թեսթերը կազմվելու են բացառապես ԳԹԿ-ի կողմից հրապարակված շտեմարաններում ընդգրկված առաջադրանքներով: Վարչապետի մոտ տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշվել է, որ ընդունելության քննությունները պետք է լինեն հնարավորինս հեշտ, իսկ ընթացքը` կանխատեսելի: Այդ իսկ պատճառով էլ որոշվել է շտեմարանները հրատարակել: ԳԹԿ-ում տպագրված շտեմարանների վրա գրված է հրատարակչի անունը` ԳԹԿ, իսկ առաջին էջը կնքված է ԳԹԿ-ի կնիքով: Այս ամենն արվել է խուսափելու համար շուկայում հայտնված նման գրքերի հետ չշփոթելուց: Մոտակա օրերին ճշտվում է գինը, բայց այն 2000-2500 դրամից ավել չի լինի: Հավանաբար շտեմարանը հետագայում կտեղադրվի նաեւ համացանցում, բայց դա դեռ կքննարկվի: Շտեմարանները 5000 առաջադրանք են պարունակելու, որոնցից 80 հարց կընտրվի: Ինչ վերաբերում է ուղեցույցներին, ապա նրանք արդեն տպագրված եւ ավարտված են, եւ մինչեւ այս կիսամյակի վերջ բոլոր դիմորդներին ԳԹԿ-ն ուղեցույցները կտրամադրի անվճար:
հետ կապերի բաժնի պետ Գայանե Մանուկյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Դիմորդների քննություններին պատրաստվելու ժամկետները կարեւորելով` լավ է, որ ամենամեծ «պահանջարկ» ունեցող առարկաների շտեմարանները նախ կհրատարակվեն: Թեեւ չէր խանգարի, եթե մյուս առարկաների գրքերն էլ հնարավորինս շուտ վաճառասեղաններին հայտնվեին: