
Նոր Սահմանադրության հնարավոր ընդունման վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ:
Ըստ Գոհար Մելոյանի Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության լեգիտումության վերաբերյալ իր հայտարարությամբ նռնակ է նետում իր սեփական իշխանության վրա, քանի որ «իրենք 2018 թվականին եկել են իշխանության, ստանձնել են պաշտոններ, և յոթ տարի շարունակ իշխանավարել են հենց այդ փաստաթղթի հիման վրա: Եթե ինքը իրեն թույլ է տալիս ոչ լեգիտիմ, կամ նվազ լեգիտիմ անվանել Սահմանադրությունը, հետևաբար ոչ լեգիտիմ են նաև իրենք և իրենց իշխանությունը»,-նշում է իրավաբանը:
Նաև այդ Սահմանադրության հիման վրա կատարվել են նշանակումներ, իրականացվել են տարբեր գործառույթներ և լիազորություններ, ընդունվել են հրամանագրեր և կարգավորումներ:
«Փաստորեն, եթե սահմանադրությունը լեգիտիմ չէ՝ գործող քաղաքական իշխանությունը ևս լեգիտիմ չէ»,- եզրակացնում է մեր զրուցակիցը:
Գոհար Մելոյանը թերահավատ է, որ Նիկոլ փաշինյանին կհաջողվի 1995թ-ին ընդունված Սահմանադրությանը լեգիտումությամբ մոտ փաստաթուղթ ընդունել, ըստ նրա դիտարկման «այդ փաստաթուղթը թե՛ նախագծվելիս, թե՛ ընդունվելիս ունեցել է համաժողովրդական աննախադեպ լայն աջակցություն»:
Ըստ Մելոյանի նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունն առաջացավ, քանի որ իշխանությունը խնդիր ունի փոփոխելու Սահմանադրության նախաբանը և Սահմանադրության անփոփոխելի հոդվածները:
Սահմանադրագետը նաև հիշեցնում է այն մասին, որ «նախորդ տարվա փետրվարին Նիկոլ Փաշինյանը խոսեց նոր Սահմանադրության ընդունման մասին, այդ ելույթը հաջորդել էր Ադրբեջանի ղեկավարի պահանջին՝ առ այն, որ մեր երկրում տեղի ունենան սահմանադրական փոփոխություններ»:
Որպեսզի կատարեն ադրբեջանական պահանջը իշխանությունները խնդիր ունեն հրաժարվել Սահմանադրության մեջ տեղ գտնող անկախության հռչակագրի հղումից, իսկ Սահմանադրական փոփոխություններով դա հնարավոր չէ, ուստի անհրաժեշտ է նոր Սահմանադրության ընդունում:
Մասնագետի կարծիքով իշխանությունները նոր սահմանադրության ընդունումը փաստող անհրաժեշտության մասին չեն խոսում: Հնարավոր նոր Սահմանադրությունում կմախքային դրույթների վերաբերյալ որևէ էական փոփոխություն չկա:
Իշխանության ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ խորհրդարանական կառավարման մոդելը իրենց համար ընդունելի է, նաև չեն ներկայացնում իշխանությունների հակակշռման և զսպման մեխանիզմների էական փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ:
Ըստ Գոհար Մելոյանի՝ «ակնհայտ է դառնում, որ իրենք ինչ-որ կերպ խնդիր ունեն հիմնավորելու նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտությունը. ու ստիպված ինչ-որ սոփեստական, իրավափիլիսոփայական անհասկանալի մտքերով ներկայացնում են»:
Գոհար Մելոյանի համոզմամբ նոր Սահմանադրության ընդունումը որև կերպ չի արտացոլելու հայկական շահերը:
Արմեն Խեչումյան