
1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում Բաքվից 26 կմ հեռավորության վրա գտնվող, մոտ 250,000 բնակչություն ունեցող Սումգայիթ քաղաքում, որտեղ ապրում էին շուրջ 18 000 հայեր, տեղի ունեցան հայ բնակչության զանգվածային ջարդեր, կոտորածներ: Սակայն մինչ օրս վերջնականապես բացահայտված չէ, թե ադրբեջանական կողմից ովքեր են ծրագրել և կազմակերպել հայերի սպանդը, ինչու չկանխվեց ջարդը, և ինչու ԽՍՀՄ ղեկավարությունն ու իրավապահ մարմինները չկանխեցին, պատշաճ կերպով չդատապարտեցին հանցագործությունն ու դրան համապատասխան քաղաքական և իրավական գնահատական չտվեցին։ Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը:
«Հայերի ջարդի վերաբերյալ առկա են ականատեսների բազմաթիվ վկայություններ, միջազգային կառույցների զեկուցումներ, պաշտոնական փաստաթղթեր, դատական գործերի նյութեր և դատավճիռներ։
Ի պատասխան արցախցիների՝ Խորհրդային Հայաստանի հետ վերամիավորման արդար պահանջի՝ ադրբեջանական կողմն սկսեց սպառնալ նրանց ֆիզիկական բռնությամբ։ Դեռևս 1988 թվականի փետրվարի 14-ին, երբ Ստեփանակերտում անցկացվեց առաջին հանրահավաքը, Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի բաժնի վարիչ Ասադովը հայտարարեց, թե «հարյուր հազար ադրբեջանցիներ պատրաստ են ցանկացած պահի ներխուժել Ղարաբաղ և սկսել կոտորած»։
Ջարդերից առաջ և դրանց ողջ ընթացքում Սումգայիթում տարածվել են կեղծ լուրեր Հայկական ԽՍՀ Կապան քաղաքում և Լեռնային Ղարաբաղում ադրբեջանցիների նկատմամբ ազգային հիմքով իրականացվող հետապնդումների և դաժանությունների վերաբերյալ։
1990-ական թվականներին ադրբեջանական հասարակական գիտակցության մեջ մասսայականություն էր վայելում, այսպես կոչված, «բունիաթովյան վարկածը, որը սումգայիթյան ջարդերի պատասխանատուներ էր համարում հայ ազգայնականներին, որոնք իբր այդ ամենը կազմակերպել էին ադրբեջանցիներին անվանարկելու նպատակով։ Այս նույն թեզն առաջ է քաշում նաև Ադրբեջանական ԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, ԳԱ Պատմության ինստիտուտի փոխտնօրեն Մ․ Իսմայիլովը։ Վերջինս իր գրքում նշում է․ «․․․Սումգայիթյան իրադարձությունների կազմակերպումը հայ ծայրահեղականների ձեռքի գործն է՝ ադրբեջանցի ժողովրդին սևացնելու և ԼՂԻՄ-ի անջատվելը դյուրացնելու համար․․․»։
Վերջին շրջանում «բունիաթովյան վարկածը» դիտարկվում է որպես «դավադրության տեսության ակնառու օրինակ»։
Արդեն 1990 թվականին հայտնվեց ադրբեջանական մեկ այլ թեզ, որի հիմքը Դավուդ Իմանովի «Սումգայիթի արձագանքը» ֆիլմն էր, որտեղ ջարդերի կազմակերպման մեջ մեղադրվում էին հայերը, ռուսներն ու ամերիկացիները, որոնք այդ եղանակով իբր «փորձում էին կործանել Խորհրդային Միությունը»։
Հայերի՝ Սումգայիթում սեփական ջարդերի կազմակերպման անտրամաբանական դրույթի միակ փաստական հիմքը հանցագործություններին Էդուարդ Գրիգորյան անունով անձի մասնակցությունն էր։ ԽՍՀՄ ՊԱԿ-ի քննիչներից Ադրբեջանական ԽՍՀ-ում քննությանն էր մասնակցում նաև Կիևի ռազմական օկրուգի հատուկ բաժնի ավագ քննիչ Վալերի Կիպորենկոն։ Վերջինիս վկայությամբ՝ «զանգվածային անկարգություններից մոտ մեկ-երկու շաբաթ առաջ Սումգայիթ են ժամանել փախստականներով մի քանի ավտոբուսներ․․․ Իրականում սրանք մարդիկ էին, ովքեր Երևանում լավ եկամուտ չունեին և, օգտվելով ԼՂ-ի վատթարացող իրավիճակից, որոշեցին, ի հեճուկս հայերի, գալ հայրենիք և բնակարան ստանալ։ Մենք օպերատիվ զեկույցներ ունեինք ԽՍՀՄ ՊԱԿ-ից, որտեղ որևէ մեկին բռնաբարելու կամ Երևանից վտարելու դեպք չի եղել։ Սա զուտ քարոզչական արշավ էր»։ Որպես քննչական խմբի ղեկավար՝ Վալերի Կիպորենկոն ասել է․ «Ես ինքս եմ հարցաքննել Գրիգորյանին և նրան մեղադրանք առաջադրել։ Նա ունեցել է հայկական ազգանուն, բայց ազգությամբ նա նշված է եղել որպես ադրբեջանցի։ Իրականությունն այսպիսին է. նա ծնվել է անգործունակ ընտանիքում, մայրը ադրբեջանցի է, մանկության տարիներին հայրը լքել է նրանց ու մեկնել անհայտ ուղղությամբ, ուստի ծայրահեղ բացասական վերաբերմունք է ունեցել հայերի նկատմամբ։ Նա ուներ մի քանի համոզմունքներ, և թեև ուներ հայկական ազգանուն, բայց ծայրահեղ բացասաբար էր տրամադրված հայազգի մարդկանց նկատմամբ»։
Քննիչի այս վկայությունից կարելի է եզրակացնել, որ Է․ Գրիգորյանի հայկական ազգանուն ունենալն ադրբեջանցիներն օգտագործեցին՝ Սումգայիթի ջարդերի պատասխանատվությունը հետագայում հայերի վրա բարդելու նպատակով։
Սումգայիթում ջարդերի հիմքով ձերբակալվել են 84 անձինք (82 ադրբեջանցի, 1 հայ և 1 ռուս)։ 1988 թվականի փետրվարին և ավելի ուշ Կրեմլի նախաձեռնած և իրականացրած հարցի վերաբերյալ հետաքննությունը ցույց է տվել, որ 1987-1988 թվականներին Կապանում տեղի ադրբեջանցիների նկատմամբ հալածանքներ չեն եղել։ Փետրվարի 26-ին Սումգայիթի գլխավոր հրապարակում Ադրբեջանի վարչապետ Սեիդովը հանդես է գալիս «Կորչե՛ն հայերը Սումգայիթից», «Մա՛հ հայերին», «Հայերը մեր հավատի թշնամիներն են ու առաջընթացի խանգարիչները, կոտորեցե՛ք նրանց» կոչերով։
Փետրվարի 27-ին սկսվում է հայերի սպանդը Սումգայիթում։ Ամբոխը, որին հրահրում էին քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, հայերին սպանում էր բնակարաններում, տանջամահ անում փողոցներում ու հրապարակներում, ողջ-ողջ այրում։ Նախօրոք կազմվել էին հայերի բնակարանների ցուցակները, անջատվել հեռախոսները։ Փետրվարի 26-29-ը քաղաքի միլիցիան չի գործել, ճանապարհներն ու երկաթուղին գտնվել են զինված բանդաների հսկողության տակ։ Վկաները հետագայում պատմում են բազմաթիվ դեպքեր, երբ հայ երեխաներին ու ծերերին, կանանց ու տղամարդկանց անխնա սպանել են, ապա դիակների վրա բենզին լցրել ու այրել։ Խմբերով հարձակվել են միայնակ աղջիկների, կանանց, նույնիսկ հղիների վրա, բռնաբարել, ապա ենթարկել խոշտանգումների։
Ըստ բազմաթիվ վկաների՝ Սումգայիթի փողոցներում խորհրդային բանակի զինվորներն անտարբեր դիտում էին սպանդը։ Երբ նրանց հարցրել են, թե ինչու չեն միջամտում, չեն կասեցնում ջարդերը, հրամանատարները լոկ ուսերն են թոթվել․ «Կարգադրություն չկա»։ Խորհրդային բանակի ստորաբաժանումներն «ուշացան» ճիշտ այնքան, որքան անհրաժեշտ էր հայերի նկատմամբ ծայր առած վանդալիզմն ավարտելու համար։ Որպեսզի Սումգայիթից ուշադրությունը շեղվի, այդ նույն օրերին հայերի ջարդեր են կազմակերպվում նաև Աղդամում, Շամխորում և հայաշատ այլ բնակավայրերում։
Միայն երեքօրյա ջարդերից հետո՝ փետրվարի 29-ի գիշերը, խորհրդային զորքերը՝ Կրաևի գլխավորությամբ մտան Սումգայիթ․ վերջիններս, սակայն, իրավունք չունեին մարտական փամփուշտներ կիրառել։ Մեծ դժվարությամբ հաջողվեց դադարեցնել վայրագություններն ու քաղաքից դուրս հանել ողջ մնացած հայերին։
Ըստ պաշտոնական տվյալների՝ Սումգայիթում տանջամահ էին արվել 32 մարդ, խոշտանգվել ու ծանր վիրավորվել ավելի քան 200, այլ տվյալներով՝ 400 հոգի։ Շուրջ 200 բնակարան ենթարկվել է հարձակման ու կողոպուտի, ավերվել է մշակութակենցաղային նշանակության ավելի քան 50 շինություն, վնասվել ավելի քան 100 միավոր ավտոտրանսպորտային միջոց։ Սակայն այս տվյալներն իրականությանը չեն համապատասխանում։ Առկա են այլ հիմնավոր փաստեր, որ Սումգայիթում 3 օրվա ընթացքում սպանվել է ավելի քան 110 հայ։ Նրանց հիմնական մասին սպանել են խոշտանգումներից հետո՝ ողջակիզելով։
1988 թվականի գարնանը Հայկոմկուսի կենտկոմում ստացված մի փաստաթղթում նշվում է, որ Սումգայիթում սպանվել են ոչ թե 32 հայեր, այլ՝ ավելի քան 400, և խեղվել ու տուժել են մոտ 1,000 հոգի։ Հետքերը թաքցնելու համար դիակները տարվել են Բաքու, այլ քաղաքներ կամ էլ՝ նետվել ծովը։
Սումգայիթում տեղի ունեցածին չի տրվել քաղաքական գնահատական։ ԽՍՀՄ մի քանի քաղաքներում տեղի են ունեցել առանձին դատավարություններ։ Ջարդարարներից պատասխանատվության է ենթարկվել 94 մարդ, որոնցից միայն մեկն է մահապատժի ենթարկվել։ Իսկ ջարդերի իրական կազմակերպիչը՝ Ադրբեջանի ղեկավարությունը, մնացել է անպատիժ։ Սումգայիթի ջարդերը ԽՍՀՄ կենտրոնական ղեկավարության կողմից որակվել են որպես «խուլիգանական արարքներ» և ոչ միանշանակ են դատապարտվել։ Դա հանգեցրեց հայերի ջարդերի շարունակությանն ադրբեջանական այլ քաղաքներում, մասնավորապես՝ կոտորածներ տեղի ունեցան 1988 թվականի նոյեմբերին Կիրովաբադում (Գանձակ) և 1990 թվականի հունվարին՝ Բաքվում։
Այսպիսով՝ ՄԱԿ-ի 1948 թվականի դեկտեմբերի 9-ի «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի 2-րդ հոդվածի դրույթների և պատմական տվյալների համադրումից բխում է, որ 1988 թվականի փետրվարին Սումգայիթում տեղի ունեցած հանցագործություններն իրենց օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերով համապատասխանում են ցեղասպանության հանցակազմի տարրերին։ Ցավոք, ադրբեջանական բարբարոսների վայրագություններն ու ձեռագիրն այս տարիների ընթացքում չեն փոխվել։ Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում հայերի նկատմամբ իրականացված գազանությունները՝ հայերին գլխատել, անդամահատել, դիակներն այրել, կանանց բռնաբարել, մասնատել և այլն, նույնությամբ կրկնվել են «Յաշմա», «Կոմանդո» ադրբեջանաթուրքական հատուկ նշանակության ջոկատների կողմից 2016 թվականի Քառօրյա, 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմների, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի, 2023 թվականի սեպտեմբերին Արցախի ամբողջական հայաթափման ընթացքում»: