
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ ստանալու նպատակով, ժամանակի իզուր վատնում էր։ Այս մասին դիվանագետներին հղումով գրել է եվրոպական Politico պարբերականը։
«Մակրոնը հայտնել է, որ Թրամփն աջակցության հետ կապված որեւէ հստակ խոստում չի տվել։ Այնպես որ, այս հարցում ռազմավարական երկիմաստությունն իսկապես մնում է»,- թերթին ասել է եվրոպացի դիվանագետը: Պարբեեւականի զրուցակիցն ընդգծել է, որ Մակրոնի այցը «ժամանակի իզուր վատնում» էր։
Թրամփը փետրվարի 26-ին Սպիտակ տանն իր կաբինետի առաջին նիստի ժամանակ ասել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը մտադիր չէ անվտանգության նոր երաշխիքներ առաջարկել Ուկրաինայի իշխանություններին։ Նրա կարծիքով՝ դա պետք է անի Եվրոպան։ Financial Times թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Մակրոնը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ չի կարողացել համոզել Թրամփին պարտավորվել աջակցել Ուկրաինայում եվրոպական զորքերի ցանկացած տեղակայմանը հակամարտության կարգավորումից հետո: