Առաջին անգամ Կառավարության փոփոխություն է տեղի ունեցել ընդդիմության ճնշման արդյունքում. Լևոն Տեր-Պետրոսյան. ilur.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

– Պարոն նախագահինչպե՞ս եք գնահատում վարչապետի հրաժարականի փաստը։

 Վերանալով վարչապետի անձից, նրա հրաժարականը նախ եւ առաջ պետք է գնահատել որպես պատմական տարողության մի իրադարձություն, որի կարեւորությունն, իմ տպավորությամբ, դեռեւս բավարար չափով չի գիտակցվել հասարակության եւ նույնիսկ քաղաքական շրջանակների կողմից։ Անկախության շրջանում առաջին անգամ մեր երկրում կառավարության փոփոխություն է տեղի ունեցել ընդդիմության ճնշման արդյունքում։ Հետեւաբար, բոլոր այն խոսակցությունները, թե Հայաստանում սահմանադրական ճանապարհով որեւէ բան փոխել հնարավոր չէ, հօդս են ցնդում։ Իսկ կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացը ոչ այլ ինչ է, եթե ոչ ժողովրդավարական երկրներում կիրառվող սահմանադրականության սովորական մեխանիզմ։

– Դուք ասացիք, որ կառավարության փոփոխությունը փաստորեն պարտադրվել է ընդդիմության կողմից, մինչդեռ իշխանությունները պնդում են, թե վարչապետը պաշտոնից ինքնակամ հրաժարվել է իր դիմումի համաձայն, իսկ որոշ քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ էլ նրա հրաժարականի այլ պատճառներ են մատնանշում։

 Իշխանությունների պնդումները պատկանում են հեքիաթի ժանրին եւ սեփական դեմքը փրկելու ճիգից բացի որեւէ այլ բան չեն նշանակում, իսկ Ձեր նշած քաղաքական գործիչների ու վերլուծաբանների բերած պատճառներն, ընդամենը, միտված են խորհրդարանական ընդդիմության դերը նսեմացնելուն։ Վարչապետի հրաժարականն արդյունք է բացառապես Ազգային Ժողովի չորս ընդդիմադիր խմբակցությունների կողմից այդ հարցով ստորագրահավաք սկսելու եւ շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպելու վերաբերյալ համատեղ կայացված որոշման։ Ուստի միանգամայն զուր են այլեւայլ ձեռնածություններով ժողովրդին մոլորեցնելու էժանագին հնարքները։

– Քառյակի որոշումը մի՞թե բավարար էր եւ արդյո՞ք շուրջօրյա հանրահավաքներն այդքան լուրջ սպառնալիք էին, որպեսզի Սերժ Սարգսյանը ժամանակից շուտ ընկրկեր ու թոշակի ուղարկեր վարչապետին։

 Անշուշտ այդպես էր, որովհետեւ իշխանությունները չէին կարող չհասկանալ (իսկ Սերժ Սարգսյանը, ինչ-ինչ, բայց հաշվել գիտի), որ եթե մարտի 1-ին Կոնգրեսին հաջողվեց երեսունհազարանոց հանրահավաք գումարել, ապա քառյակի կողմից կազմակերպված շուրջօրյա հանրահավաքների պարագայում այդ թիվը կարող էր եռապատկվել, հնգապատկվել կամ նույնիսկ տասնապատկվել` ո՛չ ամենեւին չորս ուժերի համակիրների թվաբանական գումարի, այլ սիներգիայի օրենքի ներգործությամբ, երբ երկուսին գումարած երկուսը ոչ թե չորս է, այլ տաս, քսան, եւ անգամ ավելին։

– Իսկ բացի քառյակի գործոնից, վարչապետի հրաժարականի հարցում, Ձեր կարծիքով, ի՞նչ դեր են խաղացել քաղաքացիական շարժումները, մասնավորապես, «Դեմ եմ» նախաձեռնությունը։

 Երկրում իրական փոփոխությունների իրականացման գործում քաղաքացիական շարժումների դերը եւ քաղաքական ու քաղաքացիական ուժերի համագործակցության կարեւորությունը ես հիմնավորապես գնահատել եմ իմ վերջին հրապարակային ելույթում։ Ուստի անժխտելի է, որ հասարակական ակտիվության առումով քաղաքացիական գործոնն էլ տվյալ հարցում որոշ դեր խաղացել է, բայց միայն անուղղակիորեն, քանի որ, ինչպես հայտնի է, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ ուղղված շարժումը, ձգտելով զերծ մնալ իր հետապնդած խնդրի քաղաքականացումից, երբեւէ վարչապետի հրաժարականի պահանջ չի ներկայացրել։

– Ձեզ ոմանք մեղադրում են մարտի 1-ի հանրահավաքում արած այն հայտարարության համար, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումն այլեւս անշրջելի է, իսկ Եւրոինտեգրումը` տեսանելի ապագայում անհնարին։

 Նույնն է, թե ասեի, որ երկրագունդը պտտվում է արեգակի շուրջ, ու դրա համար ինձ մեղադրեին։ Ընդդիմախոսներիս համար իմ պնդման հերքումը, կարծում եմ, որեւէ դժվարություն չպիտի ներկայացնի։ Ինձ ամոթով թողնելու համար ընդամենը բավական է, որ նրանք պարզապես շրջեն Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացը կամ գոնե հասարակությանը ներկայացնեն դրա շրջելիության հստակ ու համոզիչ ծրագիրը։

– Եթե գաղտնիք չէ, ապա կարո՞ղ եք ասել, թե այդ պարագայում ինչ հակաքայլեր պետք է ձեռնարկի ընդդիմադիր քառյակը։

 Անշուշտ տեղյակ եք, որ քառյակում այդ հարցերի շուրջ ներկայումս ինտենսիվ խորհրդակցություններ են ընթանում, որոնք դեռ իրենց ավարտին չեն հասել։ Հետեւաբար, իրավունք չունենալով խոսելու քառյակի անունից, ես կարող եմ արտահայտել միայն իմ մասնավոր տեսակետը, որը հանգում է հետեւյալին.

ա. Ընդդիմությունը ոչ մի պարագայում խաղերի մեջ չպետք է մտնի Սերժ Սարգսյանի հետ եւ չպետք է մաս կազմի նրա կողմից ձեւավորված որեւէ կառավարության, անգամ եթե վարչապետի պաշտոնը առաջարկվի ընդդիմադիր գործիչներից մեկին։ Որովհետեւ, թեեւ Սարգսյանը անզոր ու անճարակ է բաց քաղաքականության մեջ, բայց ինչպես քիչ առաջ ասվեց, գրեթե անպարտելի է վարագույրի ետեւում ընթացող ինտրիգների դաշտում։ Իսկ դա նշանակում է, որ փաստացի տիրապետելով ուժային կառույցներին, դատախազությանը, դատական համակարգին եւ տեղեկատվական ոլորտին, նա ի վիճակի է ընդամենը մի քանի ամիսների ընթացքում վարկաբեկել ցանկացած կառավարության` վարչախմբի բոլոր անհաջողությունները բարդելով նրա վրա։

բ. Հետեւաբար, ընդդիմությունը կա՛մ պետք է շուրջօրյա հանրահավաքների միջոցով անմիջապես բարձրացնի արդեն Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը, կա՛մ էլ ընտրելով միջանկյալ եւ իշխանափոխության ավելի փափուկ տարբերակ, խորհրդարանական քննարկումների օրերին, կրկին շուրջօրյա հանրահավաքների ճնշման տակ, պետք է երկիցս վիժեցնի նոր կառավարության ծրագրի ընդունումը՝ ստիպելով Սարգսյանին, Սահմանադրության համաձայն, ցրել խորհրդարանը եւ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններ անցկացնել։

գ. Երկրում արմատական փոփոխությունների իրականացման եւ օրինական իշխանությունների ձեւավորման այս գերնպաստավոր պահը չի կարելի կորցնել, որովհետեւ հետագայում այդպիսի պահ կարող է այլեւս չստեղծվել, ինչի պատասխանատվությունը կընկնի բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերի վրա։ Այս առիթով էլ կուզեի ընթերցողի ուշադրությունը հրավիրել Աշոտ Սարգսյանի հեղինակությամբ ձեր կայքում հրապարակված խմբագրական հոդվածի վրա (iLur.am. 08.04.2014)։

– ՀՀԿ-ական մեծամասնության առկայության պարագայում ի՞նչ երաշխիք կա, որ ընդդիմությանը կհաջողվի երկու անգամ վիժեցնել նոր կառավարության ծրագրի ընդունումը։

 Իսկ ո՞րն է տարբերությունը։ Ի՞նչ երաշխիք կար, որ փոքրամասնություն կազմող խորհրդարանական խմբակցությունների քառյակին ապրիլի 28-ին սկսվելիք շուրջօրյա հանրահավաքների միջոցով կհաջողվեր պարտադրել վարչապետի հրաժարականը։ Եթե քառյակը վստահ էր, որ այդ ճանապարհով կարող է հասնել նախորդ վարչապետի հրաժարականին, ապա ինչո՞ւ նրան չպիտի հաջողվի նույն ճանապարհով մերժել նոր վարչապետի ծրագիրը։ Արդյո՞ք, որեւէ բան է փոխվել։ Եթե ինչ-որ բան էլ իսկապես փոխվել է, ապա ոչ թե վարչախմբի, այլ ընդհակառակը՝ ընդդիմության օգտին, քանի որ, ինչպես վերը նշվեց, Սերժ Սարգսյանը նույնիսկ ժամանակից շուտ, շուրջօրյա հանրահավաքների սարսափից, լիակատար կամ մասնակի կապիտուլյացիայի է ենթարկվել։

Հարցազրույցի շարունակությունը՝ այստեղ: 




Լրահոս