«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը Ազգային Ժողովի պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն է: «Ժողովուրդ»-ը պատգամավորի հետ զրուցել է Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարության` Սահմանադրությունը փոխելու, ամբողջությամբ նորը ունենալու, կրկին փողոցային պայքար սկսելու մասին: Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են ու չեն նահանջել. նոր թափով սկսելու են Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու գործընթացը:
-Պարո՛ն Սաղաթելյան, Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ տեսաուղերձ արեց եւ հայտարարեց, որ նպատակ ունի Սահմանադրությունը փոխելու։ Նա այսպիսի մի հայտարարություն արեց. «Պետականազուրկ մնացորդի հոգեբանություն կա Սահմանադրությունում եւ պետք է մենք դա փոխենք»։ Ձեր դիրքորոշումը ո՞րն է այս հարցի վերաբերյալ։
-Պետականազուրկ եւ անհայրենիք մարդու հոգեբանությունը Նիկոլ Փաշինյանի տիպիկ եւ ամբողջական բնութագրումն է, իր պատկերացումները՝ իհարկե Էրդողանի եւ Ալիեւի պահանջով. Նիկոլ Փաշինյանը փորձում է դրանք փաթաթել հայ ժողովրդի վզին, բայց վստահաբար ասեմ, որ չի ստացվելու։ Նա 5 տարի է խոսում է սահմանադրական բարեփոխումներից, իսկ վերջին շրջանում՝ արդեն նոր Սահմանադրության մասին։ Սակայն նա չի համարձակվում գնալ այդ ճանապարհով, որովհետեւ հասկանում է, որ իր «ուրացման քաղաքականությունը» փորձել դարձնել սահմանադրական նորմ՝ պարզապես չի ընդունվելու մեր ժողովրդի կողմից։
Ակնհայտ է, որ սա Էրդողանի եւ Ալիեւի պահանջն է, եւ շատ հետաքրքիր է, որ ինքն ասում է «նոր սահմանադրություն», ոչ թե սահմանադրական բարեփոխումներ։ Եթե գնան սահմանադրական բարեփոխումների, չեն կարող Անկախության հռչակագրից հրաժարվել, որովհետեւ դա փոփոխման ենթական դրույթ չէ։ Դրա համար նրանք փորձում են նոր Սահմանադրություն ձեւավորել։ Դա հստակ Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջն է, որը չի ստացվելու։
-Ինչո՞ւ չի ստացվելու։
-Մեր ժողովուրդը չի ընդունելու Նիկոլ Փաշինյանի հայրենազրկման եւ ուրացման քաղաքականությունը, եւ ինքը չի գնում հանրաքվեի, հենց ա՛յդ պատճառով։ Նա հասկանում է, որ այդ գիծը հավանության չի արժանանում։ Փաշինյանը, Ադրբեջանին եւ Թուրքիային ուղերձ հղելով, փորձում է հասկացնել՝ «ես ամբողջությամբ ձեր գծի մեջ եմ», որովհետեւ վերջին շրջանում նրա վրա հրապարակային բարկանում են շատ ակնհայտ եւ ուղիղ տեքստով՝ ասելով, որ մեզ չի բավարարում հանձնարարականների կատարման քո ընթացքը։
Ամենեւին պատահական չէ, որ ներքաղաքական վերջին շրջանի վերաբերյալ Ալիեւը շատ ուղիղ տեքստով ասում է՝ եթե դու Հայաստանում ազգային ռեւանշիստական ուժերի հարցը չլուծես, ես կարող եմ լուծել։ Այսինքն հստակ է, որ դժգոհ է հանձնարարականների իրականացման տեմպից, եւ այս ուղերձը ավելի շատ նաեւ տվյալ լսարանի համար է։
-Այսինքն Փաշինյանը պատրա՞ստ է կատարել նրանց պահանջները։
-Ոչ միայն դա, պարզապես այս մի պահանջը կանգնել է իր կոկորդին։
-Պարո՛ն Սաղաթելյան, չկա մի շրջան, որ Նիկոլ Փաշինյանը չփորձի ազգային գաղափարներով առաջնորդվող «Դաշնակցությանը» իբրեւ թե ապացուցել, որ ՀՅԴ-ն հայկական շահերին դեմ է գործում։ Ամեն անգամ տարբեր ելույթներով դա պնդում են։ «Դաշնակցությունը», որ ռեսուրսներ ունի նաեւ Սփյուռքում, ինչո՞ւ չի կարողանում հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Ինչո՞ւ դա Ձեզ չի հաջողվում։
-Նիկոլ Փաշինյանի պայքարը «Դաշնակցության» դեմ շատ բնական է, քանի որ թշնամական շահեր սպասարկող իր ռեժիմը բնական է, որ խոր պայքարի մեջ պետք է մտներ հայկական շահերով առաջնորդվող կազմակերպության հետ։ Ես բազմիցս ասել եմ, որ մեր եւ իր հակադրությունը ունի շատ խորքային գաղափարական նշանակություն։ Դա վերաբերում է մեր պետության, հայրենիքի տեսլականին։ Այս իմաստով շատ նորմալ է, երբ ապազգային թշնամու շահերը սպասարկող ռեժիմը մեր դեմ պայքարում է։ Մենք պատրաստ ենք եղել եւ պատրաստ ենք ցանկացած սցենարով պայքարելու։
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ
Ազգային ժողովի պատգամավոր, մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից ապօրինաբար հեռացված նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը գրում է.
«Ահազանգող գրություններ եմ ուղարկել ԵԽԽՎ Գլխավոր քարտուղարին, Նախարարների կոմիտեին, ՄԻԵԴ նախագահին, ինչպես նաեւ ԵԽ Մարդու իրավունքների տնօրինությանը եւ ՀՀ-ում հավատարմագրված բոլոր դեսպաններին ՝ տեղեկացնելով, որ Նիկոլ Փաշինյանի կառուցած ժողովրդավարական Հայաստանում Էդգար Ղազարյանի խոսքի իրավունքը դատավճռով սահմանափակվել է։ Եվ դա արվել է Ղազարյանի քաղաքական-քննադատական խոսքերի համար, ինչը նշանակում է, որ նա քաղհալածյալ է։
Գրության մեջ մասնավորեցրել եմ՝ Էդգար Ղազարյանը մասնագիտորեն վերլուծել է ՍԴ 2024թ. սեպտեմբերի 26-ին կայացրած վճիռը` Սահմանազատման կանոնակարգը Հայաստանի սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու վերաբերյալ, ներկայացրել, որ ՀՀ ազգային շահերին ուղղակի վնաս է հասցվել եւ սա միայն Էդգար Ղազարյանի կարծիքը չէ, շատ գործիչներ են այս մասին բարձրաձայնել: Բայց ՍԴ-ին, դատավորներին հեղինակազրկելու հիմքով վարչական հսկողություն է սահմանել դատարանը միայն Էդգար Ղազարյանի մասով` սահմանափակելով նրա քննադատության, խոսքի ազատության իրավունքը դատավորների, քննիչների, դատախազների, հարկադիր կատարողների եւ նրանց մերձավոր ազգականների վերաբերյալ: Ու այս ամենը եղել է ՄԻԵԴ դատավոր Վահե Գրիգորյանի դիմումի հիման վրա։
Տեղի ունեցածը խոսքի ազատության ուղղակի սահմանափակում է, որը ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային կոնվենցիաներով ամենապաշտպանված, հիմնարար իրավունքներից է: Գրության մեջ հիշեցրել էի 2025թ. փետրվարի 14-ին Մյունխենի անվտանգության համաժողովի ընթացքում հնչեցրած ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի խիստ կարեւոր հայտարարությունը` խոսքի ազատության մասով, մեջբերում եմ.
«Ամերիկայում դուք չեք կարող ստանալ ժողովրդավարական մանդատ, եթե գրաքննության ենթարկեք ձեր ընդդիմախոսներին կամ նրանց բանտարկեք՝ լինի դա ընդդիմության առաջնորդը, իր սեփական տանն աղոթող համեստ քրիստոնյա, թե լրագրող, ով պարզապես փորձում է լուսաբանել իրադարձությունները։ Դուք չեք կարող ստանալ ժողովրդավարական մանդատ, եթե անտեսեք ձեր հիմնական ընտրազանգվածի կարծիքը՝ այնպիսի հարցերում, ինչպիսին է՝ ով կարող է լինել մեր ընդհանուր հասարակության անդամ…»:
Հաշվի առնելով ԱՄՆ փոխնախագահի տված բանաձեւը ժողովրդավարության եւ խոսքի ազատության պատկերացումների վերաբերյալ՝ ակնկալում եմ, որ գոնե Էդգար Ղազարյանի աղաղակող փաստի առիթով միջազգային հանրությունը կհայտնի իր դիրքորոշումը՝ համապատասխան քայլերով` թույլ չտալու խոսքի ազատության սահմանափակում:
Ի վերջո պետք է հասկանալ՝ որքանով է ժողովրդավարության, խոսքի ազատության չափանիշների մեջ տեղավորվում Էդգար Ղազարյանի նկատմամբ դատարանի վճռով հաստատված վարչական հսկողությունը, որը ուղիղ նշանակում է խոսելու, քննադատելու արգելք` մի շարք պաշտոնյաների նկատմամբ»:























