Armenian text to speach

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԱԿԱՐԳԸ ԱԼԻԵՎԻ ՊԱՀԱՆՋԸ ԿԱՏԱՐԵԼՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ փետրվարի 19-ի ելույթում գաղափարախոսական ուղերձի եւ դրանում հնչած մտքերի վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Խաժակյանի հետ:

 

Ըստ Դավիթ Խաժակյանի՝ վարչապետ Փաշինյանի առաջ քաշած գաղափարախոսական նոր հենքը նպատակ ունի պարտվողական քաղաքականությունը դնել ինստիտուցիոնալ ռելսերի վրա։ Սրանով վարչապետը արդարացնում է նախկինում իր բոլոր իրականացրած եւ դեռ ապագայում իրականացվելիք զիջումները Ադրբեջանին եւ Թուրքիային՝ հույս ունենալով, որ դա մարդկանց մոտ դրական ընկալում կբերի։

Խաժակյանի գնահատմամբ աննախադեպ երեւույթ է, երբ «ձախողված ղեկավարը, ոչ թե փորձում է իր ձախողումների համար ըմբռնում գտնել քաղաքացիների շրջանում, այլ փորձում է իր ձախողումները ներկայացնել որպես մի փիլիսոփայական կատեգորիա, որը ավելի շատ ձեռքբերում է քան ձախողում»:

Խաժակյանի կարծիքով՝ Փաշինյանի առաջ քաշած օրակարգը մերժելի է,  մերժելի է նաեւ նրա կողմից արվող սահմանադրության փոփոխության առաջարկը։ «Մենք բոլորս հասկանում ենք նպատակները, եւ այդ նախաձեռնությունը, եթե իրականացվի, մենք վստահաբար քարոզելու ենք «ոչ»-ը՝ համոզված լինելով, որ սա կեղծ օրակարգ է»,- նշել է նա:

Դավիթ Խաժակյանը զրույցի ընթացքում վստահություն հայտնեց, որ իշխանություններին հանրաքվեի ժամանակ չի հաջողվի ապահովել սահմանադրական փոփոխության համար առնվազն 25 տոկոս անհրաժեշտ համաձայնությունը։ «Վստահաբար չի հաջողվի, որովհետեւ իշխանությունն ինքն իրենով՝ որպես մեծամասնություն, չունի բավարար վստահության քվե, եւ այդ նույն քանակի ձայն ապահովել սահմանադրական «այո»-ին ոչ իրատեսական է։ Ես համոզված եմ՝ իրենք դա լավ գիտեն, պարզապես մի կողմից փորձում են ներսում կեղծ օրակարգ ստեղծել, մյուս կողմից Ադրբեջանին փորձում են ցույց տալ, որ դրանով պատրաստ են միակողմանի բավարարել իրենց պահանջները»,- ասել է ArmLur.am-ի զրուցակիցը եւ հավելել, որ նոր Սահմանադրության վերաբերյալ իշխանությունների առաջ քաշած օրակարգը Ալիեւի հնչեցրած պահանջի կատարումն է, որով նոր Սահմանադրության մեջ չի լինի պետության հենասյուն հանդիսացող հռչակագիրը։

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Նիկոլ Փաշինյանը ուղերձ էր հղել, որը նա կոչել է «Իրական Հայաստանի գաղափարախոսությունը» եւ անհրաժեշտ է համարել երկրում նոր սահմանադրության ընդունումը։ «Հայրենիքը պետությունն է, սիրո՞ւմ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ – Հայրենիքը հայերիս լեզվամտածողության ամենանվիրական հասկացություններից է: Բայց այն չի առնչակցվում իրավունքների եւ պարտականությունների համակարգին, ունի աշխարհագրական ընկալման տարբերակներ եւ ընկալումներ»,- ասել է նա։

«Իրական Հայաստանի սույն գաղափարախոսությունը հայրենիքը նույնացնում է միջազգայնորեն ճանաչված պետության՝ Հայաստանի Հանրապետության հետ, հայրենասիրությունը՝ այդ պետության շահերի, դրանում սահմանված իրավունքների ու պարտականությունների համակարգի հետ: Հայրենասիրության այս մոդելի զարգացման համար էական է, որ ժողովուրդը, քաղաքացին ինքն իրեն ընկալի ոչ միայն որպես պետության հիմնադիր, այլեւ պետության մեջ հաստատված իրավակարգի աղբյուր, պետության մեջ հաստատված սահմանադրական կարգն ընկալի որպես համակեցության՝ իր մասնակցությամբ ձեռքբերված համաժողովրդական պայմանավորվածություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

ԱՐՄԵՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ

 

 

 

ԹՎԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Պետական եկամուտների կոմիտեի փոխանցամբ, հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 754 839, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 41 124-ով կամ 5.8 %-ով:

 

 

 

ՊԵՏՆ ԱԶԱՏՎԵԼ Է

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետն ազատման դիմում է գրել։ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը փետրվարի 21-ին հրաման է ստորագրել, որում ասվում է. Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վարդան Արարատի Սմբատյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ իր գրավոր դիմումի հիման վրա»։ Նշենք, որ նա այդ պաշտոնին նշանակվել էր 2024 թվականի հունվարի 12-ին՝ Արգիշտի Քյարամյանի հրամանով։

 

 

 

ԹՐԱՄՓԸ ՀԵՌԱՑՆՈՒՄ Է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID)՝ աշխարհի տարբեր երկրներում գտնվող գրեթե ամբողջ անձնակազմին վճարվող արձակուրդի ուղարկելու եւ ԱՄՆ-ում առնվազն 1600 աշխատակցի հեռացնելու մասին։  Այս մասին հաղորդել է  The Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով աշխատակիցներին ուղարկված նամակը։ Բացառություն են կազմում միայն այն աշխատակիցները, որոնք կարեւոր նշանակության ունեն ԱՄՆ ՄԶԳ-ի առաքելության համար, ինչպես նաեւ հիմնական ղեկավար անձնակազմը։ Թրամփի կողմից նշանակված USAID-ի ադմինիստրատորի տեղակալ Փիթ Մարոկկոն հայտարարել է, որ նախատեսվում է պահել 600 աշխատակցի։

 

 

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ Է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այցով ժամանել է Թուրքիայի մայրաքաղաք։ Անկարա կատարած այցից մի քանի օր առաջ նախարարը եղել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում, որտեղ G20 նախարարական համաժողովի շրջանակում հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ ի թիվս այլ հարցերի քննարկելով Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ խորհրդակցությունների արդյունքները, Ուկրաինայի եւ Սիրիայի շուրջ բանակցային գործընթացները։

 




Լրահոս