Armenian text to speach

150 ՀՈԳԻ՝ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՌՋԵՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2025 թվականի փետրվարի 4-ից մինչեւ ապրիլի 18-ը ներառյալ պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել։

 

«Ղեկավարվելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝

Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին եւ երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ՝ 2025 թվականի փետրվարի 4-ից մինչեւ ապրիլի 18-ը ներառյալ»,- ասված է որոշման մեջ:

Սահմանվում է, որ՝

«1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման եւ պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով.

2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով»:

Նշվում է, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Մինչ պաշտպանության նախարարությունը հայտարարում է վարժական հավաքների մասին, վարժական հավաքներից խուսափելու համար շուրջ 150 քաղաքացի դատարանի առաջ է կանգնել. անգամ կան ազատազրկվածներ: Դատական տեղեկատվական համակարգից մեզ հայտնի դարձավ, որ Միքայել Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խուսափել է անցկացվող վարժական հավաքներից՝ դրանից ազատվելու հիմքերի բացակայության դեպքում:

Միքայել Մուշեղի Մանուչարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանք կատարելու համար եւ նրա նկատմամբ նշանակել պատիժ՝ կարճաժամկետ ազատազրկում՝ 2 /երկու/ ամիս ժամկետով:

Նվեր Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հաշվառված լինելով ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ Սյունիքի մարզի տարածքային ստորաբաժանումում եւ ընդգրկված լինելով 2023 թվականի ապրիլի 4-ից 28-ը ներառյալ անցկացվող վարժական հավաքներին մասնակցելու ենթակա անձանց ցուցակում, փաստաթղթային ծանուցման համաձայն ներկայացել է ստորաբաժանում, անցել բուժհետազոտում, դրա արդյունքներով ճանաչվել վարժական հավաքի կանչվելու ենթակա անձ եւ այդ վարժական հավաքից ազատվելու՝ օրենսդրությամբ սահմանված հիմքերի բացակայության պայմաններում, խախտելով «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, խուսափել է դրան մասնակցելուց։ Նվեր Գրենիկի Հակոբյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 462 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման համար եւ որպես պատիժ նշանակել կարճաժամկետ ազատազրկում՝ 20 (քսան) օր ժամկետով։ Վարժական հավաքներից խուսափելու համար մի շարք մեղադրյալների նկատմամբ կիրառվել է տուգանք՝ 300 հազարից մինչեւ 600 հազարի չափով, իսկ ահա 40-ից ավելի մեղադրյալների գործով նիստերը դատարանում շարունակվում են:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՀՅՈՒՐԱՆՈՑՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է

Փետրվարի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երեւանում։ Ժամը 03։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Արաբկիր» շտապօգնության ենթակայանից բժիշկների խումբը ինքնազգացողության վատացման կանչով մեկնել է Պռոշյան 42 հասցեում գտնվող «Իսրայել Օրի» հյուրանոց, որտեղ հիվանդը ագրեսիվ վարքագիծ է դրսեւորել:

Նույն օրը ժամը 04։55-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ  շտապօգնության խումբը «սրտի կանգ կենսաբանական մահ» ախտորոշմամբ «Հերացի» թիվ 1 բժշկական կենտրոն է տեղափոխել մի քաղաքացու։ Օպերատիվորեն դեպքի վայր մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները՝ ավագ տեսուչ Դանիելյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը ժամը 03։45-ի սահմաններում ինքնազգացողությունը վատանալու հետեւանքով Պռոշյան 42 հասցեում գործող «Իսրայել Օրի» հյուրանոցում հանկարծամահ է եղել Երեւանի բնակիչ, 49-ամյա Հովսեփ Զ.-ն: Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձեւակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին:

 

 

ԿԱԽՎԱԾ ԶԻՆՎՈՐԻ ԴԵՊՔՈՎ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ 2024 թվականի ռազմական ոստիկանության կարգապահական վաշտում կախված զինվորի դեպքից հետո 3-5 ՌՈ պաշտոնյաներ են ազատվել պաշտոնից: Արդյոք ազատումը կապ ունի՞ զինվորի դեպքի հետ թե՞ ոչ, կպարզի քննությունը: Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերի 13-ին՝ առավոտյան 9։20-ի սահմաններում, Նարեկ Գրիգորյանի մարմինը հայտնաբերվել էր ռազմական ոստիկանության կարգապահական վաշտում՝ կախված։ Դեպքից հետո Քննչական կոմիտեն հայտնեց, որ Բերդի զորամասում զինծառայող Նարեկ Գրիգորյանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով։ Քննչականը նշում էր, որ հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք, առգրավվել են կարգապահական վաշտի տեսախցիկների տեսագրությունները պարունակող սարքը, փաստաթղթեր, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է: Քրեական գործ է հարուցվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։

 

 

ԽԱԽՏՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՐԵԼ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է մաքսանենգության   մաքսային կանոնների խախտման դեպքեր: Շաբաթվա պատկերը հետեւյալն է.

5 դեպքով հայտնաբերվել են մաքսային հսկողությունից թաքցրած ծխախոտի խմբաքանակներ:

Օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել առանց հայտարարագրման բրենդային ժամացույց:

Մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի տեղափոխման փորձը կանխվել է:

Տրանսպորտային միջոցից մաքսային ծառայողները հայտնաբերել են չհայտարարագրված օղիներ եւ գինիներ:

Քաղաքացու ուղեբեռում եղել են չհայտարարագրված բրենդային ապրանքներ:

 




Լրահոս