Armenian text to speach

ԻՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին բնակարանով ապահովելու ծրագիրը ամբողջովին տապալվել է: Այս մասին գրում է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ «Մեկուկես տարի անց ավելի քան 30,000 ընտանիքներից սերտիֆիկատ են ստացել ընդամենը 2%-ը՝ 650 ընտանիք, իսկ փաստացի տուն է ձեռք բերել ընդամենը 12 ընտանիք։

 

Սա Նիկոլ Փաշինյանի Կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը ծրագրել էր Արցախի հետ հանձնել նաեւ արցախցիներին եւ հիմա մեր 100,000-ից ավելի քաղաքացիները, որպես «բեռ», ենթարկվում են բացառիկ արհամարհանքի։ Արցախցիներին կացարանով ապահովելը մեր պետության բացառիկ առաջնահերթություններից պետք է լինի, որը հնարավոր է իրականացնել ընդամենը մի քանի ամսում»։

ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԱԾ-ից պատասխանել էին, որ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել է 115 հազար 86 անձ, որոնցից մինչեւ 2024 թվականի դեկտեմբերը 18-ը ներառյալ ՀՀ-ից մեկնել եւ ՀՀ չեն վերադարձել 11 հազար 412 անձ, իսկ 103 հազար 674 անձ ներկայումս գտնվում է Հայաստանի Հանրապետությունում։

Հարկ է նշել, որ բացի բնակարանային աջակցության ծրագրից բռնի տեղահանված արցախցիներին տրամադրվող 40 000+10 000 դրամների սոցիալական աջակցության ծրագիրը եւս կվերափոխվի։

Մինչեւ մարտ ամիսը 50 000 դրամ ստացողների շրջանակը կմնա նույնը, սակայն ապրիլից շահառուների շրջանակը կփոխվի։ Համապատասխան որոշումն ընդունվել է Կառավարության՝ նոյեմբերի 21-ի նիստում։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկանում ենք, որ ապրիլից սկսած՝ գումարը կկազմի 40 000 դրամ, աջակցությունը կտրամադրվի մինչեւ 18 տարեկան երեխաներին (շուրջ 33 000 անձ), 63 եւ ավելի տարեկան անձանց (18 000 անձ), կերակրողին կորցնելու դեպքում նպաստ կամ կենսաթոշակ ստացող կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց (մոտ 2600 մարդ): Այս անձինք 40 000 դրամները կստանան մինչեւ հունիսը ներառյալ, իսկ հուլիսից 40 000-ը կնվազի՝ հասնելով 30 000 դրամի։

Հիշեցնենք, որ Հայաստանի իշխանությունները մտադիր էին իրականացնել ծրագիր, որն ուղղված է բնակարանով ապահովելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված այն անձանց, որոնք ստացել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն:

2024 թվականի փետրվարի 28-ին Ազգային ժողովի նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խոսքով, եթե ընտանիքի անդամները որոշեն դառնալ Հայաստանի քաղաքացի, հանրապետության իշխանությունները նրանց օգնություն կտրամադրեն։ Խոսքը կոնկրետ ֆիքսված գումարի մասին է։ Ընդ որում՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվարկով: Ֆինանսական միջոցները հասանելի կլինեն բնակարան կամ տուն գնելու կամ կառուցելու համար: «Այդ տանը կամ բնակարանում 10 տարի ապրելուց հետո սեփականությունը կանցնի տվյալ ընտանիքին»,- ասել էր Խաչատրյանը։ Նա հիշեցրել է, որ այս փուլում 16 մլն դրամի աջակցության ծրագիր է իրականացվում հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ապրող ընտանիքների համար։ Միաժամանակ իշխանությունները նախատեսում են ընդլայնել այս ծրագրում ընդգրկված տարածքների ցանկը՝ ներառելով նաեւ գյուղական եւ քաղաքային բնակավայրերը։ «Եվ եթե արցախցիները որոշեն բնակարաններ գնել կամ կառուցել այս բնակավայրերում, ապա ֆինանսական օգնության չափն ավելի մեծ կլինի, քան հիմնականն է»,- վստահեցրել էր կառավարության ներկայացուցիչը։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ԱԼԻԵՎԸ ՀԵՌՈՒ ՉԷ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ

Շվեդիայի խորհրդարանի պատգամավոր Էրիկ Հելսբորնը դրական է գնահատում Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատի երկարաձգումը՝ հույս հայտնելով, որ առաքելությունը կարող է օգնել՝ կանխելու Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի հետագա հնարավոր ագրեսիվ գործողությունները։ Շվեդ պատգամավորը նման կարծիք է հայտնել, խոսելով` Հայաստանում Եվրոպական միության առաքելության մանդատը եւս երկու տարով երկարաձգելու որոշման մասին։ Շվեդ պատգամավորը ցավով է արձանագրել այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է ռազմատենչ հռետորաբանություն կիրառել Հայաստանի նկատմամբ։

 

«Կարծում եմ՝ սա շատ դրական է։ Ցավալիորեն, Բաքուն կրկին ու կրկին շատ ագրեսիվ հռետորաբանություն է օգտագործում Երեւանի դեմ։ Ալիեւը, կարծես, հեռու չէ նոր պատերազմ սկսելուց։ Հուսով ենք, որ ԵՄ առաքելությունը կարող է օգնել՝ կանխելու դա»,-շեշտել է շվեդ պատգամավորը:

Վերջինս նաեւ անդրադարձել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ Ադրբեջանի կողմից մշտապես բարձրաձայնվող դժգոհություններին՝ հիշեցնելով, որ հենց ինքը՝ պաշտոնական Բաքուն է հրաժարվել իր տարածքում ԵՄ դիտորդների տեղակայումից։ Պատգամավորը նաեւ անհեթեթ է համարել Ադրբեջանի այն պնդումները, թե Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը լրտեսական կամ հետախուզական աշխատանք է կատարում հայ-ադրբեջանական սահմանային հատվածներում։

«Եվրոպական միությունը կնախընտրեր, որ կարողանար աշխատել երկու կողմերում էլ, սակայն Բաքուն հրաժարվել է դրանից: Պնդումները, թե առաքելությունում ինչ-որ լրտեսներ են, անհեթեթ են։ Առաքելությունը շատ թափանցիկ է, եւ նույնիսկ նախապես տեղեկացնում է, թե որտեղ է իրականացնելու պարեկությունը»,-ընդգծել է շվեդ պատգամավորը։

Մեկնաբանելով Բաքվի դժգոհությունները եւ նման հայտարարությունների իրական նպատակը՝ Էրիկ Հելսբորնը նկատել է. «Հարցը, որն այս պարագայում պետք է տալ, այն է, թե Բաքուն ինչի՞ց է վախենում, վախենում է, որ ԵՄ-ն ի՞նչ կտեսնի»։

Շվեդ պատգամավորը, անդրադառնալով դիտարկմանը, որ ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ ԵՄ դիտորդական առաքելությունը հայ-ադրբեջանական սահմանից հեռացնելու պահանջին, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երեւանը Բաքվին առաջարկել է ԵՄ դիտորդներին հեռացնել սահմանի արդեն սահմանազատված հատվածներից, Շվեդիայի խորհրդարանի պատգամավորը, այդուհանդերձ, Երեւանին խորհուրդ է տվել չսահմանափակել դիտորդական առաքելության մանդատը։

«Իհարկե, այս հարցերը որոշում են վարչապետ Փաշինյանն ու Հայաստանի խորհրդարանը, բայց ես խորհուրդ կտայի չսահմանափակել առաքելությունների մանդատը։ Առաքելության անդամները գիտեն, թե ինչ են անում եւ կարողանում են տեղեկացված որոշում կայացնել, թե որտեղ է պարեկություն իրականացնելու լավագույն վայրը»,-եզրափակել է Էրիկ Հելսբորնը:

 

 

ՓԱՇԻՆՅԱՆԻ  «ԿԱՑՆԱՅԻՆ» ՀԱՐՎԱԾԸ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պետական ծառայողական ավտոմեքենաների կրճատման հարցը որոշել է կացնային ձեւով լուծել, քանի որ  «մինչ այս պահը համակարգային ձեւով հնարավոր չի եղել լուծել»։ Սակայն Նիկոլ Փաշինյանի ասած «կացնային կրճատումը» վերաբերում է ոչ միայն պետական, այլեւ համայնքային պատկանելիության  ավտոմեքենաներին։ Տավուշի մարզպետարանը մարզի համայնքապետարաններին «հորդորել է» կիսով չափ կրճատել համայնքապետարանների ծառայողական ավտոմեքենաների թիվը, այդ գործընթացն այժմ ընթացքի մեջ է։ Մեր տեղեկություններով՝ այս գործընթացն ընթանում է Հայաստանի բոլոր մարզերում։ Նոյեմբերյանի համայնքապետարանից տեղեկացանք, որ կրճատվել են համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների ծառայողական 6 ավտոմեքենաներ։ Ոչ նոր այդ ավտոմեքենաները կհանվեն աճուրդի։ Նոյեմբերյան համայնքի 18 բնակավայրերի ոչ բոլոր վարչական ղեկավարներն ունեին ծառայողական ավտոմեքենաներ։ Բերդի համայնքապետարանից տեղեկացանք, որ այդ համայնքապետարանն ունի ծառայողական 4 ավտոմեքենա, որոնցից 2-ը կկարճատվեն։ Նիկոլ Փաշինյանի հրահանգը համայնքապետարաններին փոխանցած Տավուշի մարզպետի աշխատակազմը ծառայողական քանի՞ ավտոմեքենա ունի։ Այդ մասին տեղեկատվական հարցում ենք արել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին: Մարզպետարանից պատասխանել են, որ Տավուշի մարզպետի աշխատակազմում գործում է մեկ ծառայողական եւ մեկ գործառնական ավտոմեքենա, որոնք ամրագրված են աշխատակազմի 2 վարորդներին:

 

 

 

ՄԱՐԶՊԵՏԸ ՉԻ՞ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ

Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա քավոր, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք արել՝ 2025թ. փետրվարի 11-ի դրությամբ մարզի հանրակրթական դպրոցների քանի՞ ուսուցիչ է մասնակցել կամավոր ատեստավորմանը, նրանցից քանի՞ տոկոսը ի՞նչ արդյունքներ է ունեցել։ Մարզպետարանից պատասխանել են. «Տավուշի մարզպետի աշխատակազմը չունի տեղեկատվություն, թե 2025 թվականի փետրվարի 11-ի դրությամբ քանի ուսուցիչ է ներկայացրել հայտ մասնակցելու կամավոր ատեստավորմանը, քանի որ այդ գործընթացը պարտադիր գործընթաց չէ (կամավորության սկզբունքով է): Արդյունքներից առկա է հետեւյալ տեղեկատվությունը՝ 82 ուսուցիչ – 60-69%, 201 ուսուցիչ – 70-100%» : Եթե մարզպետը չգիտի, թե իր ենթակայությամբ գործող մարզի հանրակրթական դպրոցների քանի ուսուցիչ է մասնակցել կամավոր ատեստավորմանը, նա ինչպե՞ս է տոկոսներով ներկայացնում արդյունքները, ինչո՞ւ չի ներկայացնում, թե քանի ուսուցիչ է ատեստավորումից «կտրվել»։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս