Քննչական կոմիտեում ստուգումներ են սկսվել. Արթուր Պողոսյանը՝ ենթակայի կարգավիճակո՞ւմ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Քննչական կոմիտեում լարված աշխատանքային օրեր են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Արթուր Պողոսյանը հրահանգել է ստուգել ողջ համակարգը, ինչը համակարգում լուրջ դժգոհության ալիք է բարձրացրել:

Հիշեցնենք, որ երբ 2024 թ. նոյեմբերի 28-ին 6 տարի ժամկետով ՀՀ քննչական կոմիտեի նախագահ նշանակվեց Արթուր Պողոսյանը, անմիջապես մասնագիտական շրջանակները սկսեցին քննարկել հարցը, որ Աննա Վարդապետյանի մոտ նա գլխավոր քննիչ է աշխատելու:

Տպավորությունները կյանքի կոչվեցին ավելի արագ, քան կարելի էր սպասել: Աննա Վարդապետյանի տեղակալ Արթուր Պողոսյանը չի կարողանում դուրս գալ ենթակայի իր կարգավիճակից և, լինելով ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար, աչքի է ընկնում դատախազության հանձնարարությունները կատարող մարմնի ղեկավարի հատկություններով: Հիմա ասվածը հիմնավորենք փաստերով. Աննա Վարդապետյանի կողմից մերժված դատախազները, որոնց Արգիշտի Քյարամյանը նշանակել էր աշխատանքի, անմիջապես ազատվեցին Քննչական կոմիտեում աշխատանքից՝ ՀԿԳ վարչություններից մեկի պետ Պետրոս Պետրոսյանը, Երեւան քաղաքի քննչական վարչություններից մեկի բաժնի պետ Գոռ Ալեյանը և այլք:

Հիմա էլ Կոմիտեի նախկին ղեկավար Քյարամյանի սխալները, բացթողումները բացահայտելու համար թերեւս հրահանգվել է ստուգումներ սկսել համակարգում: Կոմիտեի ներսից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննիչները մինչև ուշ գիշեր աշխատում են, կարգի են բերում փաստաթղթերը, որ զեկուցեն վերադասին՝ ամեն ինչ կարգին է: Բայց առաջիկայում մեծ արտահոսք է սպասվում Քննչական կոմիտեից, քանի որ շատ քննիչներից ստանում ենք դժգոհություն առ այն, որ այսպիսի ծանրաբեռնվածությամբ հնարավոր չէ արդյունավետ աշխատել, ավել լավ է՝ փաստաբանությամբ զբաղվեն»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս