
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ՝ առավոտյան, Ազգային ժողովում քննարկում էր նախատեսված «ՀՀ կառավարության գործունեության լեգիտիմությունը» թեմայով, որը կազմակերպվել էր ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից ապօրինաբար հեռացված պատգամավոր Թագուհի Թովմասյանի և հանրային-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի կողմից: Թեպետ հանդիպումը օրեր առաջ էր պլանավորված և պետք է կայանար երեկ՝ ժամը 11:00-ին, նիստից առաջ արհեստական խոչընդոտ ստեղծվեց. ինչպես ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը գրեց սոցցանցի իր պաշտոնական էջում, ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը առավոտյան 9:30 գրավոր տեղեկացրել է, թե կոյուղաջուր է լցվել նիստի համար նախատեսված 334 դահլիճի էլեկտրական լարերի վրա, սենյակը հոսանքազրկված է, և չեն կարող տրամադրել այն:
Արդեն կեսօրին պատգամավորը տեղեկացրեց, որ քննարկումից առաջ, երբ խորհրդարանում տեսել էին, որ նախատեսված ժամին (11:00) բոլորը հավաքվել են նիստին մասնակցելու, 11:26 պատգամավոր Թովմասյանը նոր գրություն է ստացել, թե ԱԺ դահլիճներից մեկը ազատ է, և հանդիպումը կարող է այնտեղ կայանալ: ՔՊ-ականները նախապես ամրագրել էին դահլիճներ, ապա ընդդիմադիր պատգամավորի քննարկումից րոպեներ առաջ չեղարկել են դահլիճների զբաղվածությունը: «Սա նշանակում է, որ ուղիղ քաղաքական հրահանգ էր տրված, որպեսզի տապալեին քննարկումը և չխոսվեր Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության լեգիտիմության մասին:
Սակայն, չնայած ստեղծված արհեստական խոչընդոտին, ԱԺ Բաղրամյան մուտքի քաղաքացիների ընդունելության սրահում քննարկումը, այնուամենայնիվ, կազմակերպվեց և բավականին լայն տարածում ունեցավ», – գրել է Թագուհի Թովմասյանը:
Սակայն ամենահետաքրքիրն ու զավեշտալին դեռ առջևում է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանդիպումից մոտ մեկ ժամ հետո` ժամը 15:00-ին, ՔՊ խմբակցության նիստը նույն հոսանքազրկված դահլիճում կայացել է: Այսինքն՝ 334 դահլիճը հոսանքազրկված էր, կոյուղաջրերով լի էր ու այնտեղ «անհնար» էր որևէ հանդիպում կազմակերպել, քանի որ ընդդիմադիր խոսք պետք է հնչեր: Իշխանությանը կոյուղաջրերը չխանգարեցին հավաքվել ու նույն դահլիճում նիստ անել:
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ Ալեն Սիմոնյանի պատկերացրած ժողովրդավարության մասին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: