
Փետրվարի 28-ը հայ նկարիչ Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է։ Սարյանի վրձնած կտավները հայտնի են ինչպես Հայաստանում, այնպես էլ օվկիանոսի ափերից դուրս։
Մարտիրոս Սարյանի նախնիները Անիից են, որոնք գաղթել են Ղրիմ և մասնակցել են տեղի հայկական գաղթավայրի հիմնադրմանը։ Ղրիմի հայկական գաղթավայրի հիմնադրումից հետո Սարյանի նախնիները մասնակցել են նաև Նոր Նախիջևանի հայկական գաղութի ստեղծմանը։
Ինչ վերաբերում է նկարչին՝ Մարտիրոս Սարյանին, ապա պետք է նշել, որ Սարյանն իր գիտելիքները ստացել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում 1897-1904 թվականներին։
Սարյանն առաջին անգամ Կովկաս մեկնել է 1901 թվականին, այնուհետև եղել է Աշտարակում, Երևանում, Վաղարշապատում, Սևանում, իսկ արդեն 1902 թվականին Անիում։ Իր այս ճամփորդությունների ընթացքում էլ Սարյանը «հափշտակելով», մանրակրկիտ ուսումնասիրելով իր իսկ ժողովրդի մշակույթը, սովորությունները, որմնանկարչությունը, ճարտարապետությունը և մշակույթին վերաբերվող ցանկացած փոքր թվացող մանրուք մեծ ներդրում է արել իր նկարչի կարիեռայում։
Կարելի է անգամ ասել, որ, ուսումնասիրելով պատմությունն ու մշակույթը, այդ ամենը վճռական ազդեցություն է ունեցել Սարյանի աշխարհայացքի և ստեղծագործական մեթոդի ձևավորման ու զարգացման վրա, ինչն էլ հիմա տեսնում ենք նկարչի ստեղծագործություններում։
Մեծ Եղեռնը յուրաքանչյուր հայի համար ցավալի թեմա է, բայց նաև նուրբ և կարևոր թեմա։ 1915 թվականին Մեծ Եղեռնի օրերին Մարտիրոս Սարյանը աշխատել է «Հայերին օգնող մոսկովյան կոմիտեում»։
Մարտիրոս Սարյանը մեկնել է Էջմիածին՝ թուրքական սրից հալածական հայ գաղթականներին տեղում օգնություն ցուցաբերելու։ Հովհաննես Թումանյանի, Գ. Հովսեփյանի և հայ այլ մտավորականների հետ, մոլեգնող համաճարակի պայմաններում, բոլոր ճիգերն ու ջանքերը գործադրել է Արևելյան Հայաստանում ապաստանած վերջին արևմտահայերին մահվան ճիրաններից փրկելու համար։
Այդ ամենն իհարկե ծանրագույն կերպով ազդեցություն է թողել Սարյանի հոգուն և սրտին։ Բազում անքուն գիշերները և տեսած ծանր տեսարանների տպավորության տակ նկարիչը հոգեկան ցնցում է ստացել։
Երբ Հայաստանում հաստատվել են Սովետական բարքերը, Մարտիրոս Սարյանն իր ընտանիքի հետ 1921 թվականին տեղափոխվել է Երևան և մշտական բնակություն հաստատել։ Սարյանն իր վախճանը կնքել է Երևանում 1972 թվականի մայիսի 5-ին։
Հայրենի հողի բնապատկերները գերակշռում են Սարյանի նկարներում։ Նայելով Սարյանի նկարներին՝ կամա թե ակամա զգում ես հայկական շունչն ու հոգին։ Եթե անգամ կապ չունեք նկարչության հետ և գուցե անգամ տիեզերագնաց եք, անզեն աչքով էլ կնկատեք Մարտիրոս Սարյանի նկարներից «ծորացող» լույսը, արևի ստվերը ու «թափվող» ջերմությունը։
Եթե նույնիսկ ապրում եք հայրենիքի սահմաններից դուրս և ձեր կարոտակեզ սիրտը տենչում է հայրենիքը, ապա Սարյանի վրձնած կտավները ի զորու են փոքր-ինչ մեղմել կարոտը։
ArmLur.am-ը ներկայացնում է մեծն նկարչի հայտնի մտքերից մի քանիսը։
-Կյանքը մի կղզի է: Մարդիկ դուրս են գալիս ծովից, քայլում են այդ կղզիով և դարձյալ մտնում ծով: Այդ վաղանցիկ կյանքը հավիտենական է, չքնաղ:
-Մարդ ինքը պիտի սովորի, պիտի տեսնի, ճանաչի, սիրի, տեսնի իրեն ու անկեղծ լինի։ Իսկ սովորել պետք է բնությունից։ Նրանից մեծ ուսուցիչ չկա։
-Իր աշխատանքով մարդ պետք է արդարացնի այն շնորհը, որ ստացել է բնությունից։
-Արվեստը ժամանակի ու պատմության խրոնիկա չէ և ոչ էլ գաղափարների իլյուստրացիա։ Այն հոգեկան մի ակտիվություն է, որ հավերժական բնույթ ունի։
-Անհնար է սարը տեսնել` կանգնելով նրա կողքին:
Սարյանը հիշվում է մինչ օրս և կհիշվի միշտ։ Երևանում Մարտիրոս Սարյանի անվամբ կա փողոց, որը կարելի է ասել, որ ունի հենց Սարյանի շունչը։
Երևանում է գտնվում նաև Մարտիրոս Սարյանի հուշարձանը, որը գտնվում է Մաշտոցի, Մարշալ Բաղրամյան պողոտաների և Զորյան փողոցի միջև գտնվող հենց իր անունը կրող պուրակում, իսկ նկարչի տուն-թանգարանը գտնվում է հենց Սարյան փողոցում։
Աննա Սրապիոնյան