Armenian text to speach

ԱՌԱՋԻՆ NFT ԳՐԱԿԱՆ ՏՈՂԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Փետրվարի 18-ին՝ գրքի տոնին ընդառաջ, ftNFT ֆիջիթալ սփեյսում հայ ժամանակակից հեղինակներ Ավետ Բարսեղյանը եւ Արամ Ավետիսը գրել եւ ներկայացրել են առաջին NFT գրական տողերը։ Ավետն ու Արամը քննարկում են ունեցել «Ժամանակակից գրականության դերը ժամանակակից տեխնոլոգիական աշխարհում» թեմայով։ Խոսել են իրենց ստեղծագործական ընթացքի, ժամանակակից գրականության, արհեստական բանականության ազդեցության, մերօրյա ստեղծագործողների, արվեստի մասին:

 

Համակարծիք էին՝ «ստեղծագործող մարդուն պետք է գնահատել ու ընկալել հենց իր ապրած ժամանակաշրջանում. դասականը պետք է հարգել, բայց ամեն հաջորդ սերունդ ավելի ուժեղ է»:

Ավետը խոստովանել է՝ հրաշալի է, որ պոեզիան եւ գրականությունը քայլում են ժամանակին համընթաց: «NFT-ն, ֆիջիթալ ոլորտը միանշանակ այսօրվա հրամայականն են, այսօրվա դաշտի եւ ժամանակի վեկտորը: Գիրքը մենակ տարբերակ չէ այսօրվա օրով: Այսինքն՝ պոեզիան պետք է խոսի 21-րդ դարի լեզվով, այսօրվա լեզվով: Լավագույն առիթը թե՛ իմ, թե՛ Արամի համար՝ ունենալ այսօր այս սրահում, սրահ, որը շատ մասնագիտացված է ու բացառիկ է նրանով, որ այստեղ գնողը կարող է թե՛ տեսնել, թե՛ ձեռք բերել ֆիզիկական եւ դիջիթալ տարբերակը տվյալ արտ օբյեկտի. գիրը դառնալու է արտ-օբյեկտ այսօր», – ասել է Ավետ Բարսեղյանը։

Միջոցառումն առանձնացել է հարցուպատասխանից հետո հայկական առաջին NFT գրական տողերի ստեղծմամբ: Ե՛վ Ավետը, եւ՛ Արամը տեղում՝ անմիջապես ներկաների առաջ, ստեղծագործել են՝ գրի առնելով այդ պահին հոգուց բխած տողերը: Դրանք շրջանակի մեջ են դրվել եւ իրենց բացառիկ տեղը գտել հայկական առաջին NFT սրահում:

«Եթե հաշվի առնենք, որ սա առաջին անգամ է, ու այդ առաջին անգամվա մեջ ես էլ եմ մտնում, այդ առումով, իհարկե, որպես փորձարարական բան, էքսպերիմենտ, հետաքրքիր է: Ես միշտ կողմ եմ էքսպերիմենտներին: Ինձ համար ե՛ւ օտար է, ե՛ւ հոգեհարազատ միաժամանակ այդ ամեն ինչը…. բայց՝ կարեւոր», – ասել է Արամ Ավետիսը:

Հայկական առաջին NFT գրական տողերն արդեն իրականություն են: Դրանք հնարավոր է ձեռք բերել 800.000 եւ 200.000 դրամով՝ այցելելով Պարոնյան 16/2 հասցեում գտնվող ftNFT ֆիջիթալ սփեյս:

Ա. ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

 

 

ՋՈՒԼԻԵՏԱ ԲԱԲԱՅԱՆԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ Է

Հայ բեմարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի եւ ակտիվ գործունեության համար, ինչպես նաեւ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայանը պարգեւատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մեդալով:

Մեդալը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Շնորհավորելով դերասանուհուն հոբելյանի կապակցությամբ եւ կարեւորելով նրա բեղուն կենսագործունեությունը՝ Դանիել Դանիելյանը նշել է. «Ձեր ողջ գործունեության ընթացքում Դուք կերտել եք հայ կնոջ եւ դերասանուհու լավագույն կերպարը: Դուք կամքի, համառության եւ թատրոնի աշխարհն անձնվիրաբար սիրելու վառ օրինակ եք նաեւ այսօրվա երիտասարդների համար»,- նշել է նախարարի տեղակալը` պարգեւը հանձնելով դերասանուհուն:

«Շուրջ 60 տարի է՝ ես թատրոնում եմ՝ որպես անդավաճան սունդուկյանցի: Ամեն ինչ տեսել եմ, ամեն ինչ զգացել եմ եւ վստահաբար կարող եմ ասել՝ թատրոնը մի վայր է, որտեղ մտնելիս այլեւս հնարավոր չէ դուրս գալ»,- ասել է Ջուլիետա Բաբայանը՝ շնորհակալություն հայտնելով գնահատանքի եւ շնորհավորանքների համար:

 

 

ՀՈՏՆԿԱՅՍ ԾԱՓԱՀԱՐԵՑԻՆ ՀԱՅԻՆ

Ֆրանսիայի «Ձայնը» երաժշտական նախագծում հայազգի Լեւոնն իր հայ-ֆրանսիական գեղեցիկ կատարմամբ ժյուրիի 4 անդամին ստիպել է շրջվել եւ «այո» ասել։ Ժյուրիի կազմում այնպիսի հայտնի արտիստներ էին, ինչպիք են Պատրիսիա Կաասն ու Zaz-ը։ Բոլորը ելույթից հետո հոտնկայս ծափահարեցին երիտասարդին։

Լեւոնը ոչ միայն հիանալի ներկայացրեց Ֆրանս Գաալի «Ակնհայտ է» երգը, այլեւ զարմացրեց ժյուրիին եւ հանդիսատեսին դուդուկ նվագելով։ Zaz-ը հենց առաջին նոտաներից կռահեց, թե ինչ գործիք է ու երգի ընթացքում երկրորդ անգամ այդ գործիքի հնչյունները լսելով՝ անմիջապես շրջվեց։ Պատրիսիա Կաասն էլ «այո» ասաց, երբ Լեւոնը սկսեց հայերեն երգել։ Ելույթի ընթացքում ժյուրիի անդամները նշում էին, որ տղան շատ գեղեցիկ է երգում, իսկ Կաասը նաեւ հավելեց, որ նույնիսկ փշաքաղվեց նման կատարումից։

Կատարումից հետո Լեւոնը հայտնեց, որ ինքը Մարսելի թատերախմբում նաեւ հայկական պարեր է սովորել ու մի փոքր դրվագ ներկայացրեց` վերջնական գերելով բոլորի սրտերը։

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է ՓՈԽԾՈՎԱԿԱԼ ԿՆՅԱԶՉՅԱՆԸ

Ռուսաստանի Դաշնությունում կյանքից հեռացել է նավատորմի փոխծովակալ Բագրատ Ռաֆայելի Կնյազչյանը, որի հուղարկավորությունը կկայանա փետրվարի 25-ին Մոսկվայի «Տրոեկուրովսկոյե» գերեզմանատանը: Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միության ֆեյսբուքյան էջը:

Կնյազչյանը ծնվել է 1933 թվականի ապրիլի 29-ին Կիրովաբադում։ 1977 թվականին Կնյազչյանը նշանակվել է Ռազմական խորհրդի անդամ եւ նավատորմի հրամանատարի տեղակալ։ 1989 թվականի նոյեմբերին տեղափոխվել է Մոսկվա եւ նշանակվել նավատորմի լոգիստիկայի շտաբի պետի տեղակալի պաշտոնում՝ կազմակերպչական, մոբիլիզացիոն եւ կադրային աշխատանքների համար։

1993 թվականին նա հրաժարական է տվել։

1993 թվականից զբաղվել է վետերանների խնդիրներով։

2002 թվականի փետրվարից մինչեւ 2023 թվականի մայիսը եղել է Ռուսաստանի վետերանների միության փոխնախագահ։

 

 

 




Լրահոս