Բաքվի դատարանում երեկ շարունակվում էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործով դատավարությունը։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նիստը նախագահել է Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաեւը։ Նախորդ դատական նիստին մեղադրող դատախազն ավարտել է մեղադրական եզրակացության եզրափակիչ մասի ընթերցումը։
Վարդանյանը մեղադրվում է Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու, նախապատրաստելու եւ իրագործելու, ահաբեկչության ֆինանսավորման, հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, տեղափոխելու, կտտանքներ իրականացնելու, մարդկանց տեղահանելու համար։
Բաքուն Արցախի նախկին պետնախարարին մեղադրում է նաեւ արտերկրում ադրբեջանցի դիվանագետների դեմ ահաբեկչական գործողություններ ծրագրելու, կամ ինչպես Ադրբեջանի գլխավոր դատախազությունն է ձեւակերպել` «Նեմեսիս 2» կազմակերպելու համար։ Հայաստանում կամ Արցախում որեւէ ռազմական գործողության չմասնակցած նախկին պետնախարարին մինչեւ ցմահ ազատազրկում է սպառնում:
«Ես որոշում եմ կայացրել հացադուլի միջոցով բողոքս հայտնել՝ ի նշան իմ նկատմամբ իրականացվող դատական ֆարսի», – նշել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը միջազգային հանրությանն ուղղված հայտարարությունում՝ ի նշան կեղծ «դատավարության» դեմ բողոքի: Հայտարարությունը Վարդանյանը փոխանցել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ: «Սա իմ պատասխանն է միջազգային իրավունքի եւ Ադրբեջանի դատավարական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներին: Այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարություն: Դա քաղաքական շոու է, որտեղ ցուցադրաբար արհամարհվում է արդար դատաքննության իմ իրավունքը», – նշել է Արցախի նախկին պետնախարարը:
«Չնայած, որ Ադրբեջանը հանդիսանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ու Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի անդամ, այս գործընթացն իրականացվում է բոլոր կիրառելի իրավական նորմերի եւ իրավական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով: Իմ գործը քննվում է ապօրինի ռազմական, ոչ թե քաղաքացիական դատարանը: Ես չեմ ունեցել լիարժեք հասանելիություն մեղադրական եզրակացությանն ու իմ դեմ ներկայացված այսպես կոչված «ապացույցներին». ադրբեջաներենով գրված 422 հատոր նյութերին ծանոթանալու համար ինձ տրամադրվել է ընդամենը 21 աշխատանքային օր», – նշված է հայտարարությունում:
Վարդանյանը հավելել է նաեւ, որ իրեն ներկայացված «մեղադրական եզրակացությունը» պաշտոնական փաստաթուղթ չի հանդիսանում, քանի որ ստորագրված չէ մեղադրողների կողմից»: «Այդ «փաստաթղթի» թարգմանության մեջ անգամ թույլ են տրված այնպիսի սխալներ, որոնք հնարավորություն չեն տալիս հասկանալ ինձ ներկայացված մեղադրանքների էությունը»:
«Ես զրկված եմ պաշտպանության իրավունքից. սահմանափակվում է իմ փաստաբան Աբրահամ Բերմանի հասանելիությունը գործի նյութերին, առգրավվում են փաստաթղթեր, հոգեբանական ճնշում են գործադրում նրա վրա: Բացի այդ, միջազգային իմ իրավաբանական թիմին արգելվել է շփվել կամ հանդիպել ինձ հետ եւ հասանելիություն ունենալ գործի նյութերին», – նշել է Վարդանյանը:
Նա նաեւ ընդգծել է, որ իրեն չի թույլատրվում հրավիրել պաշտպանական կողմի վկաների եւ բողոք ներկայացնել ընդդեմ այն խախտումների, որոնք թույլ են տրվել նախաքննության եւ դատաքննության ընթացքում: «Բոլոր նիստերն անցկացվում են գաղտնի եւ փակ՝ հանրության համար: Միջազգային լրագրողների եւ միջազգային ներկայացուցիչների մուտքը դատարան խոչընդոտվում է»:
Ա. ԽԵՉՈՒՄՅԱՆ
ՍԵԼՖԻ ԱՆՈՂ ՔՆՆԻՉԸ
Քննչական կոմիտեի նախագահը Փաշինյանի հետ սելֆի արած քննիչին նոր պաշտոնի է տեղափոխել, ինչը դժգոհության պատճառ է դարձել: Բանն այն է, որ կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը Կամո Սահակյանին նշանակել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ՝ ազատելով Կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետի պաշտոնից: Ըստ ArmLur.am-ին հասած լուրերի՝ այս պաշտոնները հավասարազոր պաշտոններ են, սակայն քննչական կոմիտեում այս հանգամանքը համարել են պաշտոնի իջեցում, քանի որ մի ողջ ստորաբաժանման պետի պաշտոնից Սահակյանը տեղափոխվել է՝ նշանակվելով մեկ այլ վարչության պետի տեղակալ:
Ինչի՞ց է դժգոհ Արթուր Պողոսյանը, որ Կամո Սահակյանին այլ պաշտոնի է տարել, թե՞ նրա գործունեության մասով այլ բացահայտումներ կան: Ի պատասխան՝ Կոմիտեից հայտնեցին, որ կադրային փոփոխություններ են, եւ դեռ ավելին՝ Արթուր Պողոսյանը շնորհավորել է նաեւ Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության նախկին պետ Կամո Սահակյանին՝ Զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ կարեւորել է այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտությունը:
Հիշեցնենք, որ Կամո Սահակյանը հայտնի դարձավ 2020 թվականի հունվարի 15-ին պաշտոնատար անձանց գաղտնալսման գործով: Նիկոլ Փաշինյանը հրավիրվել էր Կոմիտե՝ հարցաքննության, որտեղ քննիչ Կամո Սահակյանի հետ սելֆի էր արել:
Ք. ՄՈՒՇԵՂՅԱՆ
ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հիվանդանոցում շարունակում է ապաքինվել թոքաբորբից եւ վերսկսել է որոշակի աշխատանք կատարել։ Նա զանգահարել է Գազայի քրիստոնյա ծխական համայնք՝ հայտնելու իր աջակցությունը։ 88-ամյա քահանայապետի մոտ, որը հոսպիտալացվել է փետրվարի 14-ին, շնչառական ասթմատիկ խանգարում չի գրանցվել, եւ որոշ լաբորատոր հետազոտություններ բարելավման նշաններ են ցույց տվել, թեեւ բժիշկները զգուշավոր են՝ հաշվի առնելով նրա տարիքը եւ բժշկական պատմությունը: Հռոմի Ֆրանցիսկոս պապը շնորհակալություն է հայտնել ժողովրդին այս օրերին իր առողջության համար աղոթելու համար։ Փետրվարի 24-ի երեկոյան հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ կարդինալներ, եպիսկոպոսներ եւ հռոմեական կուրիայի անդամներ, հավաքվել են Սուրբ Պետրոսի հրապարակում՝ աղոթելու Հռոմի Ֆրանցիսկոս պապի ապաքինման համար:
Ա. ՍԻՄՈՆՅԱՆԸ ԵՎ ՄԱՏՎԻԵՆԿՈՆ ԶՐՈՒՑԵԼ ԵՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:
Զրուցակիցները անդրադարձել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին, ինչպես նաեւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդում եւ այլ հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր են քննարկել: Անդրադարձ է կատարվել նաեւ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական հարցերին:
ԱՐԳԵԼԵԼ ԵՆ ՆԿԱՐԱՀԱՆՎԵԼ
ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ երգիչ, դերասան Հայկ Դուրգարյանին արգելել են նկարահանվել հեռուստասերիալում։
Դուրգարյանը նկարահանվում էր «Մարիա» հեռուստասերիալում, որտեղ իրավապահի դերում էր։ ArmLur.am-ի ստացած տեղեկության համաձայն՝ Հայկ Դուրգարյանին արգելել են հեռուստասերիալում նկարահանվել այն պատճառով, որ նա անցնում է քրեական վարույթով։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը հայտնել էր, որ երգիչ, դերասան Հայկ Դուրգարյանի մեքենայից իրավապահները հայտնաբերել էին «Կրիստալ» տեսակի թմրամիջոց, իսկ ավելի ուշ գրել էինք, որ վերջինիս մեքենան հետախուզման մեջ է եղել հարկադիր կատարման ծառայության կողմից։
Երգիչ Ավո Ադամյանն ArmLur.am-ին փոխանցեց, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, եւ Հայկ Դուրգարյանը շարունակում է նկարահանվել «Մարիա» սերիալում։
«Նման բան չկա եւ չի էլ եղել։ Հայկի հետ ոչ մի խնդիրներ չկան. բնականաբար, նման բաներ բոլորի հետ կարող են պատահել։ Փառք Աստծու՝ ամեն բան նորմալ է։ Ասեմ ավելին՝ Հայկը համերգների է ինձ հետ», – ասաց Ավո Ադամյանը։
ԱՆԿԱՐԱՅԻՑ՝ ԹԵՀՐԱՆ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն Անկարայից ժամանել է Թեհրան: Լավրովն Իրանի մայրաքաղաքում բանակցություններ կանցկացնի իրանցի պաշտոնակից Աբբաս Արաղչիի, ինչպես նաեւ այլ պաշտոնատար անձանց հետ։
«Բանակցությունների ընթացքում պլանավորվում է առանձնահատուկ շեշտադրում անել փոխշահավետ առեւտրատնտեսական համագործակցության հետագա ընդլայնման վրա՝ էներգետիկայի եւ տրանսպորտի ոլորտներում առանցքային համատեղ նախագծերի իրագործման համատեքստում», – հաղորդել են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունից։
Նախատեսվում է կարծիքների փոխանակում մի շարք հրատապ միջազգային հարցերի շուրջ։



















































































