Armenian text to speach

ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՇԱՏԱՑԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վերջին մեկ ամսվա ընթացքում շտապօգնության աշխատակիցների նկատմամբ գրանցվել է բռնության երկրորդ դեպքը։

 

Շտապօգնության աշխատակցի նկատմամբ առաջին բռնության դեպքը գրանցվել է փետրվարի 21-ին Շիրակի մարզում։ ՀՀ ՆԳՆ-ից հայտնել էին, որ գանգուղեղային վնասվածքով Ազատան բնակավայրից «Գյումրի» ԲԿ բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա բուժակ։

ՆԳՆ-ի փոխանցմամբ փետրվարի 24-ին Լեոյի փողոցում անհայտ անձինք ծեծի են ենթարկել շտապօգնության աշխատակիցների։

Շտապօգնության աշխատակիցներին ծեծի ենթարկելու պատճառը եղել է այն, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող քաղաքացիներն իրենց վատ զգալու պատճառով կանչել են շտապօգնություն եւ վեճի բռնվել աշխատակիցների հետ։ Հարկ է նշել, որ տղամարդկանցից մեկի մոտ հայտնաբերվել է 6 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթ եւ դեղնականաչավուն զանգվածով գլանակ, իսկ մյուսի մոտ՝ դեղնականաչավուն զանգված։

Մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողներին բռնության ենթարկելուն անդրադարձել է նաեւ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Իրենց մասնագիտական պարտքը կատարող բուժաշխատողների հանդեպ ոտնձգության դեպքերը, ցավոք, շարունակվում են: Գիշերը բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել Երեւանում շտապօգնության մեր բժիշկների նկատմամբ՝ ովքեր շտապել են կանչի` անհրաժեշտ բուժօգնություն տրամադրելու: Օրեր առաջ էլ նմանօրինակ դեպք էր արձանագրվել Շիրակի մարզի շտապօգնության բուժակի նկատմամբ: Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցածը»,- գրել է Ավանեսյանը: Նշենք, որ նախորդ տարի եւս գրանցվել են դեպքեր, երբ բուժաշխատողների նկատմամբ բռնություն է գործադրվել։ Անցյալ տարվա ուշագրավ դեպքերից մեկն էլ այն էր, որ շտապօգնության աշխատակիցների առջեւ փակել էին սենյակներից մեկի դուռն ու դանակով սպառնացել, որ պետք է փրկեն իրենց մոր կյանքը։

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

 

ԳԱՌՆԵՐ ԳՈՂԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՌԵՎԱՆԳԵԼ ԵՆ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻ

Ս. Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել, որ նա 2025 թ. հունվարի 7-ին՝ ժամը 11։00-ի սահմաններում, իրենց՝ Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի 1-ին փողոցի 103-րդ հասցեի տան բակ է հրավիրել անչափահասներ Ա. Փ-ին եւ Վ. Խ.-ին եւ նրանց մեղադրել է 2025թ. հունվարի 5-ին՝ ժամը 13։00-ից մինչեւ 15։00-ը ընկած ժամանակահատվածում, իր 5 գլուխ գառները գողանալու համար, սակայն անչափահասների կողմից իրենց մասնակցությունը գողությանը հերքելուց հետո, նրանց կողմից արարքը խոստովանելու նպատակով Ա.Փ.-ի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելուց անմիջապես հետո, վերջինիս կամքին հակառակ առեւանգել է նրան, մասնավորապես՝ բռնելով Ա. Փ.-ի աջ ուսահոդի հատվածից՝ քարշ տալով տեղափոխել է այլ վայր՝ նույն հասցեի տան նկուղային սենյակ, եւ մոտ 30 րոպե պահել այնտեղ։

Բացի այդ, 2025 թվականի հունվարի 7-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, վերջինիս կամքին հակառակ առեւանգել է նրան, մասնավորապես՝ հիշյալ բնակավայրի 10-րդ փողոցի 17-րդ հասցեի տան հյուրասենյակում Արարատ Փանդունցի ձեռքից բռնելով, նրան քարշ է տվել տան բակ, որտեղ նրան հարվածներ է հասցրել եւ կրկին քարշ տալով՝ տեղափոխել է այլ վայր՝ Գորիս համայնքի Վերիշեն բնակավայրի «Նորակնունք» եկեղեցու հարեւանությամբ գտնվող, իր կողմից որպես անասնագոմ եւ պահեստարան օգտագործվող շինություն ու մինչեւ ժամը 18։00-ի սահմանները պահել այնտեղ։

Այս դեպքով իրավապաըները նախաքննության ավարտ են հայտարարել ու գործը ուղարկել են դատարան եւ մեղադրյալի աթոռին է հայտնվել Ս. Ղ.-ն:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

 

ԴԱՆԱԿԱՀԱՐՎԱԾԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ԽՈՍԵԼ

Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Նաիրիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի շենքերից մեկի բակում դանակահարվելու հետեւանքով «ձախ դաստակի հինգերորդ մատի հիմքի շրջանի կտրած-ծակած վերք, ձախ ականջի զույգ այտերի քերծվածքներ» ախտորոշմամբ «Աբովյան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ։ Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի եւ բաժնի պետի տեղակալ Մկրտչյանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Սերգեյ Բ.-ն է։

Ոստիկանության ծառայողներին Սերգեյ Բ.-ն դեպքի վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնել եւ ձեռնարկվում են միջոցառումներ մարմնական վնասվածք պատճառած անձի ինքնությունը պարզելու, վերջինիս եւ հանցագործության գործիք հանդիսացող առարկան հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին:

 

 

ՊԱՐԶՎԵԼ Է ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվարի 24-ին համացանցում տեսանյութ էր շրջանառվում, թե ինչպես է «ԲՄՎ»-ի վարորդը նույն օրը՝ կեսօրին, հարսանեկան արարողության ժամանակ, Վաղարշապատ-Արմավիր ավտոճանապարհին, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորում երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը եւ ճանապարհային երթեւեկության կանոնները` կատարելով, այսպես կոչված, «դրիֆթ»։

Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Հասարակական կարգը խախտում են նաեւ հարսանեկան արարողության մասնակից մի քանի «Մերսեդեսի» վարորդներ` երթեւեկելի գոտում «դրիֆթ» կատարելու ընթացքում մեքենաներով փակելով ճանապարհը:

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, Արմավիրի համայնքային բաժնի եւ Արմավիրի պարեկների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է «ԲՄՎ»-ն եւ «Մերսեդեսները» վարողների ինքնությունը: Խուլիգանություն կատարելու կասկածանքով երեք տղամարդ ձերբակալվել եւ ավտոմեքենաներով հանդերձ տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժին։

Նրանք եւ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:




Լրահոս