Բիզնեսի համար հարկերի բարձրացումը կազդի Հայաստանում բացարձակապես բոլորի վրա։ Այս մասին հայտնել է Հայաստանի «Փոքր եւ միջին ձեռնարկությունների համագործակցության ասոցիացիա» ՀԿ նախագահ Հակոբ Ավագյանը։ Նրա խոսքով՝ ափսոսանք է առաջացնում կառավարության հայտարարությունը՝ շրջանառության հարկն աստիճանաբար վերացնելու մտադրության մասին, եւ այս առումով վատ կանխատեսումներ կան։
Նա նշել է, որ ներդրվում է միկրոբիզնեսի հաշվառման եւ հարկման համալիր համակարգ՝ կոչ անելով իշխանություններին ազնվորեն արձանագրել, որ բիզնեսի հարկային բեռը մեծանում է։ «Բացի այդ, կան մի խումբ ապրանքներ, որոնք գալիս են այն երկրներից, որոնց համար փաստաթղթավորման պատշաճ մակարդակն անհնար է»,- ավելացրել է փորձագետը։
Ավագյանը վստահեցրել է, որ սննդի, զբոսաշրջության, ատամնաբուժական ծառայությունների գները կբարձրանան։ «Այս ամենի մասին նամակներ ենք գրել պետական մարմիններին՝ կոչ անելով հետաձգել օրենքի ընդունումը, սակայն արձագանք չի եղել։ Ամբողջ աշխարհը գնում է հարկային համակարգի պարզեցման ճանապարհով, իսկ Հայաստանը՝ հակառակ ուղղությամբ»,- ընդգծել է նա։
«Փոքր եւ միջին ձեռնարկատիրության համագործակցության ասոցիացիա» ՀԿ փոխնախագահ Արման Պետրոսյանն իր հերթին նշել է, որ Հայաստանում կա մոտ 1 100 հանրային սննդի կետ, որոնց 70 տոկոսը (700-800 տնտեսվարող սուբյեկտ) մինչեւ 70 մլն դրամ շրջանառություն ունեցող միկրոբիզնեսներ են։
Նա նշել է, որ փաստաթղթավորման պահանջը կբարձրացնի նման տնտեսվարող սուբյեկտների հաշվապահական ծառայությունների ծախսերը եւ կբարդացնի տեղի ֆերմերներից սննդամթերքի գնումը: «Հասարակական սննդի ոլորտը զբոսաշրջության մեջ էական դեր ունի, եւ մեր գներն արդեն մոտեցել են եվրոպականին։ Հարկային փոփոխությունների արդյունքում դրանք էլ ավելի կաճեն, ինչը կնվազեցնի Հայաստանի գրավչությունը օտարերկրյա զբոսաշրջիկների համար»,- պարզաբանել է Պետրոսյանը։ Նրա կարծիքով՝ կառավարությունը չի կարող փակել այն սողանցքերը, որոնց միջոցով խոշոր բիզնեսը փորձում է լուծել իրենց խնդիրները, եւ ամբողջ բեռը գցում է միկրոբիզնեսի վրա։
Հիշեցնենք, որ 2025թ. հունվարի 1-ին ուժի մեջ մտած փոփոխությունների համաձայն՝ փոքր եւ միջին բիզնեսի սուբյեկները, որոնց տարեկան շրջանառությունը 115 մլն դրամից քիչ է, կվճարեն 10 տոկոս (նախկին 5-ի փոխարեն) շրջանառության հարկ, եթե նրանց ապրանքները (ծառայությունները) փաստագրված չեն, իսկ եթե փաստագրված են, ապա հարկի դրույքը կիջնի 1,5-ից 1 տոկոսի շրջանառության համար։
Ա. ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Հասմիկ Սահակյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկում անցկացվող ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, Վանաձոր ք.)։ Այս մասին հայտնել են սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
Մասնավորապես՝
– արտադրական շինության կառուցվածքը եւ չափսը չեն ապահովել պարենային հումքի եւ սննդամթերքի, աղտոտված եւ մաքուր գույքի հանդիպական կամ խաչաձեւող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոքսայնության հնարավորությունը,
– սարքավորված չի եղել ձեռքերը լվանալու համար նախատեսված լվացարաններով՝ տաք եւ սառը ջրով,
– ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,
– սահմանված չի եղել արտադրական շինության, տեխնոլոգիական սարքավորումների եւ գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման եւ կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականություն։
Հանրային սննդի օբյեկտի գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
ԿՎԵՐԱՆԱՅԵՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ
Առաջարկվում է վերանայել կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը: Այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը` ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ փետրվարի 25-ին գումարված հերթական նիստի ընթացքում ներկայացնելով «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին» օրենքի նախագիծը: Նախարարի խոսքով՝ դրույքաչափերը սահմանվել են 1998 թվականին եւ վերջին անգամ վերանայվել 2006 թվականին: Մասնավորապես, սիգ ձկնատեսակի օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափը կազմում է 65 դրամ, որը 2006 թվականից հետո չի վերանայվել: Նախագծով առաջարկվում է կենդանական աշխարհի օբյեկտ հանդիսացող կենսապաշարների օգտագործման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը 2 անգամ բարձրացնել եւ միայն սիգ ձկնատեսակի համար եռապատկել բնօգտագործման վճարի դրույքաչափը:
ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երեւանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Դան-Դեսերտ» ՍՊԸ-ին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասում (ք. Երեւան, Մարտիրոսյան փ.), որի ընթացքում նմուշառում է իրականացվել բոլոր արտադրատեսակներից եւ հանձնվել լաբորատոր հետազոտության: Այդ մասին հայտնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից:
Փորձաքննության արդյունքներով՝ միայն «Տորթ արքայախնձորով» արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ եւ ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։ ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հրուշակեղենի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Տորթ արքայախնձորով» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է։


















































































