Armenian text to speach

Հանձնաժողովն արդեն ավարտական փուլին է հասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Ժողովուրդ» օրաթերթը իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն ավարտական փուլին է հասել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների բարեվարքության եզրակացությունների հարցում։

Այս պահին հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուները հինգն են՝ փաստաբան Կարեն Բատիկյանը, Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով քննիչ Արտաշես Մաիլյանը, քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը, Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը և Գևորգ Քոչարյանը, որը Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատախազ է և ներգրավված է ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ մի շարք աղմկահարույց գործերով։

Նկատենք, որ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության համար երկրորդ անգամ է անցկացվում մրցույթ, քանի որ առաջին մրցույթում միակ թեկնածու Ռաֆայել Երիցյանը չհաղթահարեց մրցույթի պահանջված միավորները:

Նշենք, որ մինչև Կառավարության կողմից նշանակվելուն հասնելը, Կոմիտեի նախագահի թեկնածուն պետք է նախ մրցութային հանձնաժողովում հավաքի անցողիկ միավորներ, ապա դրանից հետո վարչապետը նրան կնշանակի նախագահ:

Նախ թեկնածուների փաստաթղթերն են ուսումնասիրվում՝ արդյոք թեկնածուները համապատասխանում են չափանիշներին, եւ դրական կարծիքի դեպքում արդեն մրցութային խորհուրդը քննության օր է նշանակում և ուղիղ եթերում քննում թեկնածուներին, որից հետո բարեվարքությունն են քննում, ապա թեկնածուները մասնագիտական հարցերին են պատասխանում։ Առավելագույն միավորներ հավաքած թեկնածուներից մեկն էլ ընտրվում է նախագահ։

 

 

 

 

 

 

Մանվել Գրիգորյանին հանիրավի մեղադրող դատախազը այսօր որոշում կկայացնի դատարանում

 

Այսօր Հակակոռուպցիոն դատարանում կավարտվի ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված քրեական գործով քննությունը եւ, ըստ էության, դատավոր Վահե Դոլմազյանը կգնա որոշում կայացնելու։

Դատելով իրավիճակից՝ դատավոր Դոլմազյանը չի խնայի իր երբեմնի գործընկերոջը:

Բանն այն է, որ նա ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով  մեղադրող դատախազն էր ու չէր խնայում անգամ ծայրահեղ ծանր առողջական վիճակում գտնվող գեներալին՝ Արցախի հերոսին։

Դեռեւս 2019 թվականին Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմը մի քանի անգամ միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ մինչև 5 մլն դրամ գրավի դիմաց  Գրիգորյանին կալանքից ազատ արձակելու, քանի որ նա ծայրահեղ ծանր վիճակում էր։ Սակայն մեղադրող դատախազ Վահե Դոլմազյանը չէր ազատում նրան՝ հակադարձելով, թե Գրիգորյանը գտնվում է անհրաժեշտ բավարար հսկողության ներքո, և փաստաբանների նշած հիմնավորումները փաստարկված չեն։

Արդյունքում, ավելի քան մեկուկես տարի անազատության մեջ գտնվելուց հետո՝ 2020-ի հունվարի 15-ին գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց չհեռանալու մասին ստորագրությամբ։ Իսկ խափանման միջոցը փոխելու նպատակահարմարության հարցը քննարկվեց այն բանից հետո, երբ Գրիգորյանի առողջական վիճակը վատթարացավ ու նա ամիսներ անց մահացավ։

Այսինքն, շինծու մեղադրանքով (դրա մասին հայտարարել է վարույթ հարուցած մարմնի՝ ԱԱԾ-ի նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը) Դոլմազյանը նրան կալանքի տակ պահեց՝ որպես մեղադրող դատախազ իր գործուն առարկություններով, մեղադրանքը պնդեց մինչև վերջ, և մահն էլ, ըստ էության, մնաց հենց իր խղճին (այս մասին դատարանում հայտարարել է նաև Արմեն Աշոտյանը):

Դոլմազյանը, իհարկե, ստացավ գեներալին դատելու ծառայության  համար գնահատական, ինչպես հնչել է տարբեր կարծիքներւմ. նրան պարգևատրեցին գեներալին դատելու համար՝ դարձնելով հակակոռուպցիոն դատարանի դատավոր:

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի առաջիկայում դատաիրավական համակարգում լուրջ փոփոխություններ իրականացնել:

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ Փաշինյանը նպատակադրված է «վերից վար» փոխելու դատաիրավական համակարգը, անգամ ինչպես ինքն է նշել՝ իր մտերիմ ՔՊ-ականների ներկայությամբ կադրային լուրջ փոփոխություններ իրականացնել ուժայիններում: Ու դա է պատճառներից մեկը, որ նախօրեին Փաշինյանը, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ, Կառավարություն է հրավիրել իրավական ոլորտի բոլոր ներկայացուցիչներին, մեկտեղել նրանց սեղանի շուրջ: Վարչապետ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել՝ Դատական և իրավական բարեփոխումների, 2022-2026 թթ. ռազմավարության գործողությունների ծրագրի անվան տակ:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանի հիմնական դժգոհությունը դատական գործերի երկար քննություններն են, որի արդյունքում իրենց իշխանությունը հեղինակազրկվում է: Փաշինյանը հորդորել է նոր նախարարին հարցին արագ լուծում տալ:

 

 

 

ՔՊ-ականների հետ փակ հանդիպմանը Փաշինյանը խոսել է ՀՀ-Ադրբեջան հարաբերություններից. նշել է` էսկալացիայի վտանգ չկա

 

Երեկ Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ական պատգամավորներին, նախարարներին հավաքել էր Ազգային ժողով` փակ հանդիպման: Ինչպես ավանդաբար, խորհրդավոր նիստ է եղել՝ առանց նորությունների:

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները հայտնում են, որ Փաշինյանը շուրջ երկու ժամ խոսել է՝ պատասխանելով ՔՊ-ականների այն հարցին, թե ինչ է սպասվում ՀՀ-Ադրբեջան փոխհարաբերություններում: Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանն այս անգամ լարված չի եղել, հիմնականում արձագանքել է, որ չպետք է շտապեն, պիտի փորձեն Ադրբեջանի առաջարկածները երկար քննարկել, նոր պատասխանել:  Բայց Աղազարյանի արտահոսքից հետո նա շատ բաց չի խոսել թիմակցների հետ: Փաշինյանը նաև վստահեցրել է, որ այս պահին էսկալացիաների վտանգ չկա, ինչը նաև հայտարարեց լրագրողների ներկայությամբ՝ պատասխանելով «Ժողովուրդ» օրաթերթի՝ Խաղաղության պայմանագրին առնչվող հարցին:

Հիշեցնենք, որ չհամաձայնեցված երկու հոդվածներից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի տեղակայմանը, մյուսը՝ միջազգային ատյաններում իրավական և այլ վեճերին: Հստակ պատասխան, ըստ մեր աղբյուրների, ոչ մի հարցի ժամանակ Փաշինյանը չի հնչեցրել: Թիմակիցները այնիպիսի տպավորություն են ստացել, որ Նիկոլ Փաշինյանն իրենց չի վստահում և չի բացում փակագծեր՝ հիմնականում ասելով այն, ինչ ասում է բաց՝ ամբիոնից:

 

 




Լրահոս