Հայկական ժամանակ. ԲՀԿ ն հետևում է իրադարձություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ Ջերմուկի տարածքային կառույցի ղեկավար Արմեն Հովհաննիսյանը նախօրեին ձերբակալվել է։ Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրօրի 268-րդ հոդվածի 2-րդ մասով՝ խոշոր չափով թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառություն՝ առանց իրացնելու նպատակի։ Մոտ 10 օր առաջ էլ թմրամիջոց պահելու կասկածանքով ոստիկանություն բերման էր ենթարկվել Մասիսի քաղաքապետարանի վարչություններից մեկի ԲՀԿ-ական պետ Արթուր Ղազարյանը։ Երեկ, երբ ԲՀԿ խոսնակ Բաղդասար Մհերյանին հարցրինք, թե ինչ է նշանակում այս ամենը, նա պատասխանեց. “”Մենք հետևում ենք իրադարձությունների զարգացմանը և համապատասխան արձագանք կտանք””։ Տարօրինակ չէ՞, որ արդեն որերորդ ԲՀԿ-ականն է բերման ենթարկվում թմրանյութեր պահելու կասկածանքով, ստացվում է, որ ԲՀԿ-ում բազմաթիվ թմրամոլներ կամ թմրամիջոցների իրացմամբ զբաղվողնե՞ր կան՝ մեր հարցին Մհերյանը արձագանքեց. “”Ամեն դեպքում, այո, որոշակի այդպիսի զուգադիպություններ մենք տեսնում ենք։ Այս պահին դեռ վաղ է հետևություններ անել, բայց մենք ուշադիր հետևում ենք, և երբ պատկերը կամբողջանա, կվերլուծենք, անպայման մեր եզրակացությունը կհայտնենք»։ Ըստ Մհերյանի, իրենք սպասում են նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ԱՄԷ-ից վերադարձին։ Ծառուկյանը ՀՀ-ում կլինի, ըստ ամենայնի, այսօր։ Այս օրերին տեղեկություններ են շրջում նաև, որ իշխանությունը ճնշումներ է գործադրում ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի վրա, ու վերջինս ստիպված հեռացել է երկրից. նա գտնվում է Չինաստանում։ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը երեկ մեր զրույցում հաստատեց, որ Գասպարյանը Չինաստանում է, բայցև հավելեց, թե տեղեկություն չունի, որ նրա հանդեպ ևս ճնշումներ կան։   




Լրահոս